Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-222-08.02.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից  հողի հարկ վճարողներին ազատել սույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հողի հարկի նկատմամբ հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերի ու տուգանքների վճարումից:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկի դիմաց օրենսդրությամբ հաշվարկված եւ վճարված  տույժերի  ու տուգանքների գումարները հաշվանցվում են հարկատուների՝ հողի հարկի գծով  ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 3. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնության գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենք՟՟ների կի՟՟րարկ՟ման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2009 թվականի հունվարի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական  նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին  հարկային արտոնություններ տրամադրելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այդ նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից  հողի հարկ  վճարողներին ազատել հողի հարկի գծով կուտակված տույժերից եւ տուգանքներից: