ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա հիմնարկներում, պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ներքին աուդիտի հետ կապված հիմնական հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ներքին աուդիտ` կազմակերպության ներսում իրականացվող գործառույթ, որի միջոցով գնահատվում է կազմակերպության գործունեությունը: Ներքին աուդիտը անկողմնակալ հավաստիացման եւ խորհրդատվական բնույթի գործառույթ է որի նպատակը կազմակերպության գործունեության բարելավումն է: Կազմակերպության ղեկավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման եւ այլ գործընթացների գնահատման ու դրանց բարելավման միջոցով ներքին աուդիտը աջակցում է կազմակերպությանը վերջինիս նպատակների արդյունավետ իրականացման գործում:
2) ներքին հսկողության համակարգ` կազմակերպության գործառույթների եւ կազմակերպությունում իրականացվող գործընթացների ամբողջություն, որն ուղղված է կազմակերպության գործառույթների՝ դրանց իրականացման համար սահմանված նորմերին համապատասխանությունն, ինչպես նաեւ այդ գործառույթների արդյունավետությունը ու դրանց վերաբերյալ տեղեկությունների արժանահավատությունն ապահովելուն:
3) գլխավոր աուդիտոր` որակավորված մասնագետ, որը պատասխանատու է տվյալ կազմակերպությունում ներքին աուդիտի իրականացման համար:
4) աուդիտոր` ներքին աուդիտի իրականացման նպատակով, կազմակերպության աշխատակազմի կառուցվածքում սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ/կամ աշխատակիցները, որոնք հանդիսանում են որակավորված մասնագետ:
5) որակավորված մասնագետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձ: Անձին կարող է շնորհվել գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի որակավորում:
6) հաշվետու միավոր` այն սուբյեկտը որի գործունեությունը ենթարկվում է ներքին աուդիտի:
7) ներքին աուդիտի տարեկան ծրագիր` բյուջետային տարվա ընթացքում կազմակերպությունում ներքին աուդիտի ծրագիր:
8) աուդիտի օբյեկտ` ներքին աուդիտի ենթակա գործառույթ:
9) աուդիտորական թեմա` հարց կամ հարցեր, որոնց տեսակետից աուդիտի օբյեկտը ենթարկվում է ներքին աուդիտի:
10) ներքին աուդիտի տարեկան հաշվետվություն` ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն:
11) աուդիտորական եզրակացություն` ներքին աուդիտի իրականացման արդյունքում կազմվող ավարտական փաստաթուղթ:
12) արձանագրություն` ներքին աուդիտի իրականացման ընթացքում կազմվող միջանկյալ փաստաթուղթ:
13) համապատասխանության աուդիտ` ներքին աուդիտի տեսակ, որի միջոցով գնահատվում է աուդիտի օբյեկտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ բացահայտում առկա անհամապատասխանությունները:
14) ֆինանսական աուդիտ` համապատասխանության աուդիտի տեսակ, որի միջոցով գնահատվում է աուդիտի օբյեկտին առնչվող ֆինանսական եւ հաշվապահական գործառնությունների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ բացահայտում առկա անհամապատասխանությունները:
15) կատարողական աուդիտ` ներքին աուդիտի տեսակ, որի միջոցով գնահատվում է աուդիտի օբյեկտի արդյունավետությունը: Արդյունավետությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված չափանիշներին ստացված արդյունքների համապատասխանության, անհամապատասխանությունների դեպքում` դրանց պատճառների, ինչպես նաեւ ստացված արդյունքների եւ դրանց հասնելու համար օգտագործված ռեսուրսների համարժեքության գնահատման միջոցով:
16) տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ` ներքին աուդիտի տեսակ, որի միջոցով գնահատվում են ավտոմատացված տեղեկատվական համակարգերը ներառյալ այդ համակարգերին փոխկապակցված ոչ ավտոմատացված գործընթացներըը:
17) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող գործադիր իշխանության պետական մարմին:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի նպատակը եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքի նպատակը ներքին աուդիտի համակարգի գործունեության եւ զարգացման համար իրավական հիմքերի ստեղծումն է:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաեւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա:
ՀՈԴՎԱԾ 4. Ներքին աուդիտի մասին օրենսդրությունը
1. Ներքին աուդիտի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից։
2. Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ լիազոր մարմինն ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտեր:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:
ՀՈԴՎԱԾ 5. Ներքին աուդիտի նպատակը եւ ընդգրկման շրջանակը
1. Ներքին աուդիտի նպատակն է գնահատել կազմակերպության`
1) գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին,
2) գործառույթների արդյունավետությունը,
3) գործունեությանը առնչվող տեղեկությունների արժանահավատությունը,
4) գործունեության եւ կազմակերպությունում իրականացվող գործընթացների հետ կապված ռիսկերը ու դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները:
2. Ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպությունների գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում ներքին հսկողության համակարգերը:
3. Ներքին աուդիտը ընդգրկում է նաեւ ներքին աուդիտի արդյունքում տրված առաջարկությունների իրականացման որակի եւ ժամկետների պահպանման գնահատումը (hետստուգումային հսկողությունը):
ՀՈԴՎԱԾ 6. Ներքին աուդիտի կազմակերպման սկզբունքները
1. Ներքին աուդիտի կազմակերպման սկզբունքներն են`
1) ներքին աուդիտի օբյեկտից եւ հաշվետու միավորից անկախությունը եւ ներքին աուդիտի ամբողջականությունը,
2) ներքին աուդիտի իրականացման միասնական մեթոդաբանությունը,
3) ներքին աուդիտի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը:
2. Ներքին աուդիտի օբյեկտից եւ հաշվետու միավորից անկախության սկզբունքը նշանակում է գլխավոր աուդիտորի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին եւ կազմակերպության գործառույթների կատարումն ապահովող ստորաբաժանումներից եւ պաշտոնատար անձանցից անկախ ներքին աուդիտի իրականացում:
3. Ներքին աուդիտի ամբողջականության սկզբունքը նշանակում է կազմակերպության գործունեությնն առնչվող բոլոր գործառույթները եւ կազմակերպության գործունեության արդյունքները աուդիտի ենթարկելը:
4. Ներքին աուդիտի իրականացման միասնական մեթոդաբանության սկզբունքը նշանակում է ներքին աուդիտի իրականացման միասնական կանոնների առկայություն եւ աուդիտի տարբեր օբյեկտների նույն մոտեցմամբ ներքին աուդիտի ենթարկում:
5. Ներքին աուդիտի թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները նշանակում են`
1) թափանցիկությունը` ներքին աուդիտի իրականացման գործընթացը եւ դրա արդյունքները գնահատելու հնարավորություն:
2) հաշվետվողականությունը` ներքին աուդիտի նկատմամբ հսկողության եւ պատասխանատվության առկայություն:
ՀՈԴՎԱԾ 7. Ներքին աուդիտի ստանդարտները
1. Ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի ստանդարտները հիմնվում են ներքին աուդիտի միջազգային ստանդարտների վրա:
2. Ներքին աուդիտը իրականացվում է ներքին աուդիտի օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի ստանդարտների հիման վրա:
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 8. Ներքին աուդիտին առնչվող սուբյեկտները
Ներքին աուդիտին առնչվող սուբյեկտներն են`
1) կազմակերպության ղեկավարը,
2) գլխավոր աուդիտորը, աուդիտորը, ներքին աուդիտի ստորաբաժանումը
3) հաշվետու միավորը,
4) լիազոր մարմինը,
5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
6) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը:
ՀՈԴՎԱԾ 9. Կազմակերպության ղեկավարը
1. Կազմակերպության ղեկավարը`
1) կազմակերպությունում ապահովում է ներքին հսկողության համակարգի գոյությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի առկայությունն ու զարգացումը:
2) աշխատանքի է նշանակում եւ աշխատանքից ազատում գլխավոր աուդիտորին: Գլխավոր աուդիտորի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն գլխավոր աուդիտորի որակավորում ունեցող անձը:
3) իր հրամանով հաստատում ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
4) քննարկում է ներքին աուդիտի աուդիտորական եզրակացությունները եւ հաշվետվությունները:
5) աուդիտորկան եզրակացությամբ ներակայացված անհամապատասխանությունները ուղղելու, անարդյունավետ գնահատված գործընթացները բարելավելու, դրանց պատճառները վերացնելու, դրանց հետեւանքով կազմակերպությանը պատճառված վնասները բացահայտելու եւ հատուցելու ուղղությամբ կայացնում է որոշում, ինչպես նաեւ ձեռնարկում է միջոցներ այդ գործընթացների պատասխանատուներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
6) գլխավոր աուդիտորի առաջարկությամբ որոշում է ընդունում ներքին աուդիտին աջակցման նպատակով մասնագետ (մասնագետներ) ներգրավելու մասին:
7) սահմանում է տվյալ մարմնի (համակարգի), այդ թվում ենթակա հիմնարկներում եւ ոչ առեւտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի կազմակերպական կառուցվածքը,
8) իրականացնում է սույն օրենքով եւ այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Եթե գլխավոր աուդիտորը եւ/կամ աուդիտորները չեն պահպանում ներքին աուդիտի օրենսդրությունը, այդ թվում աուդիտորական վարքագծի կանոնները, հաշվետու միավորի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, կազմակերպության ղեկավարը կարող է կասեցնել աուդիտի իրականացումը: Նման դեպքում կազմակերպության ղեկավարը ձեռնարկում է միջոցներ աուդիտը օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 10. Գլխավոր աուդիտորը, աուդիտորը, ներքին աուդիտի ստորաբաժանումը
1. Գլխավոր աուդիտորը`
1) պատասխանատու է կազմակերպությունում ներքին աուդիտի իրականացման համար:
2) գործում է կազմակերպության ղեկավարի անմիջական ենթակայությամբ եւ հաշվետու է կազմակերպության ղեկավարին:
3) կազմակերպության ղեկավարին հաստատման է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան ծրագրերը եւ առաջարկություններ այդ ծրագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4) կազմակերպության ղեկավարին է ներկայացնում ներքին աուդիտի աուդիտորական եզրակացությունները եւ հաշվետվությունները:
5) կազմակերպության ղեկավարին առաջարկություն է ներկայացնում ներքին աուդիտի աշխատանքներին մասնագետ (ներ) ներգրավելու վերաբերյալ, այդ թվում համատեղման կարգով: Մասնագետը չի կարող ներգրավվել, եթե վերջինս պատասխանատու է կամ ներգրավելու մասին առաջարկը ներկայացնելու պահին նախորդող երկու տարիների ընթացքում պատասխանատու է եղել տվյալ կազմակերպությունում ներքին աուդիտի ենթակա գործառույթի համար:
6) հանդիսանում է գլխավոր աուդիտորի որակավորում ստացած մասնագետ;
7) ներքին աուդիտից բացի կազմակերպությունում այլ գործառույթներ չի կարող իրականացնել:
8) պատասխանատվություն է կրում աուդիտորական եզրակացության/հաշվետվության եւ/կամ դրանում տեղ գտած տեղեկությունների արժանահավատության համար:
2. Գլխավոր աուդիտորն իրավունք ունի`
1) աուդիտի ընթացքում ծանոթանալ աուդիտի օբյեկտին առնչվող բոլոր տեղեկություններին եւ փաստաթղթերին: Եթե վերջիններս պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք, դրանց հետ ծանոթանալու համար գլխավոր աուդիտորը պետք է ունենա համապատասխան իրավունք:
2) մուտք գործել հաշվետու միավորի տարածք, օգտվել ներքին աուդիտի իրականացման համար անհրաժեշտ` հաշվետու միավորի տրամադրության տակ գտնվող կազմակերպատեխնիկական եւ այլ միջոցներից, ինչպես նաեւ հաշվետու միավորի վարչական տարածք բերել եւ այնուհետեւ դուրս տանել իր տրամադրության տակ գտնվող կազմակերպատեխնիկական եւ այլ միջոցները:
3) հաշվետու միավորից պահանջել եւ ստանալ ներքին աուդիտի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր եւ պարզաբանումներ:
4) կազմակերպության իրավասությունների շրջանակում երրորդ անձանցից, այդ թվում կազմակերպության կնքած գործարքի մյուս կողմից, պահանջել եւ ստանալ աուդիտի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր եւ պարզաբանումներ,
5) իրականացնել ներքին աուդիտի օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
3. Գլխավոր աուդիտորը պարտավոր է`
1) ներքին աուդիտն իրականացնել ներքին աուդիտի օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի ստանդարտների հիման վրա, պահպանել նեքին աուդիտորի վարքագծի կանոնները:
2) ներքին աուդիտը սկսելուց առաջ հաշվետու միավորին ներկայացնել կազմակերպության ղեկավարի հրամանը ներքին աուդիտ իրականացնելու վերաբերյալ:
3) հաշվետու միավորին ծանոթացնել ներքին աուդիտի հետ կապված վերջինիս իրավունքներին եւ պարտականություններին, ինչպես նաեւ տրամադրել աուդիտորական արձանագրությունները եւ եզրակացությունը:
4) պահպանել հաշվետու միավորի իրավունքները եւ չմիջամտել վերջինիս աշխատանքների կատարմանը:
5) հավաքագրել եւ արձանագրել աուդիտի օբյեկտին եւ աուդիտորական թեմային առնչվող տեղեկությունները եւ փաստերը:
6) աուդիտի իրականացման ընթացքում անօրինական գործողությունների հայտնաբերման դեպքում այդ մասին տեղեկացնել կազմակերպության ղեկավարին:
7) անվնաս պահպանել ժամանակավորապես իրեն տրամադրված փաստաթղթերը եւ հետ վերադարձնել դրանց բնօրինակները հաշվետու միավորին:
8) ապահովել ներքին աուդիտին առնչվող փաստաթղթերի պահպանումը եւ դրանց արխիվացումը;
9) իրականացնել ներքին աուդիտի օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
4. Գլխավոր աուդիտորը զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի խորհրդականի պաշտոն:
5. Ելնելով կազմակերպությունում ներքին աուդիտի հետ կապված աշխատանքների ծավալներից, ներքին աուդիտի իրականացման նպատակով, կազմակերպության աշխատակազի կառուցվածքում կարող է սահմանվել ներքին աուդիտի ստորաբաժանում: Ներքին աուդիտի ստորաբաժանման`
1) աշխատանքները համակարգում է գլխավոր աուդիտորը:
2) ղեկավարը եւ աշխատակիցները` աուդիտորները, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա հիմնարկներում համապատասխանաբար հանդիսանում են քաղաքացիական կամ օրենքով սահմանված այլ պետական, այդ թվում հատուկ ծառայողներ կամ համայնքային ծառայողներ:
3) աշխատակիցները հանդիսանում են որակավորված մասնագետներ: Աուդիտորի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն գլխավոր աուիտորի եւ/կամ աուդիտորի որակավորում ունեցող անձը:
4) աշխատակիցները ներքին աուդիտից բացի կազմակերպությունում այլ գործառույթներ չեն կարող իրականացնել:
5) աշխատակիցները ղեկավարվում են սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դրույթներով:
6. Գլխավոր աուդիտորին աշխատանքից ազատելու դեպքում, տասնօրյա ժամկետում, կազմակերպության ղեկավարը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, նշելով ազատման հիմքը եւ պատճառները:
ՀՈԴՎԱԾ 11. Հաշվետու միավորը
1. Հաշվետու միավորը (ները) սահմանվում է (են) ներքին աուդիտի տարեկան ծրագրով:
2. Հաշվետու միավորն իրավունք ունի`
1) ծանոթանալ ներքին աուդիտի եզրակացությանը եւ արձանագրություններին:
2) ներքին աուդիտի գործընթացի, ինչպես նաեւ աուդիտի եզրակացության ու արձանագրությունների վերաբերյալ անհամաձայնության դեպքում ներկայացնել առարկություններ:
3) եթե գլխավոր աուդիտորը եւ/կամ աուդիտորները չեն պահպանում ներքին աուդիտի օրենսդրությունը` այդ մասին նույն օրը գրավոր զեկուցել կազմակերպության ղեկավարին` նշելով հիմքերը:
3. Հաշվետու միավորը պարտավոր է`
1) աջակցել ներքին աուդիտի իրականացմանը:
2) ըստ պահանջի ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ներքին աուդիտի իրականացման համար:
ՀՈԴՎԱԾ 12. Լիազոր մարմինը
1. Ներքին աուդիտի գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Lիազոր մարմինը`
1) կազմակերպում է ներքին աուդիտի վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը եւ հաստատում կամ ներկայացնում դրանք հաստատման:
2) կազմակերպում է ներքին աուդիտի գործընթացի մեթոդական ղեկավարումը եւ կազմակերպություններին ցուցաբերում է մեթոդական օժանդակություն:
3) հաստատում է ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտեր, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի ստանդարտները, ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումներ, ներքին աուդիտի ձեռնարկներ, ներքին աուդիտի գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձեւեր եւ ներքին աուդիտորների վարքագծի կանոններ:
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովում է ներքին աուդիտորների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման համակարգի առկայությունը:
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շնորհում է գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի որակավորում: Ընդ որում, եթե անձը ունի գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի միջազգային որակավորում, ապա վերջինս համարվում է լիազոր մարմնի կողմից որակավորված:
6) համակարգում է ներքին աուդիտի հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
7) ստանում է կազմակերպությունների ներքին աուդիտի տարեկան ծրագրերը, ներքին աուդիտի տարեկան եւ այլ տիպի հաշվետվությունները:
8) գնահատում է կազմակերպություններում ներքին աուդիտի համապատասխանությունը ներքին աուդիտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին, եւ/կամ իրականացնում է ներքին աուդիտի աշխատանքների որակի գնահատում` համաձայն միջազգային ստանդարտներով սահմանված ընթացակարգերի:
9) քննության է առնում ներքին աուդիտի հետ կապված առարկությունները եւ բողոքները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների կատարման կազմակերպման նպատակով Լիազոր մարմնի աշխատակազմի կառուցվածում գործում է առանձնացված ստորաբաժանում (ներքին աուդիտի գործառույթների կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանում), որը գործում է Լիազոր մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ: Սույն օրենքով Լիազոր մարմնին վերապահված լիազորությունների կատարման կազմակերպման գործառույթից բացի առանձնացված ստորաբաժանումը այլ գործառույթներ չի կարող իրականացնել:
3. Լիազոր մարմինն իրավունք ունի`
1) պահանջել եւ ստանալ բացատրություններ եւ այլ տեղեկություններ կազմակերպության ներքին աուդիտի, այդ թվում ներքին աուդիտի տարեկան ծրագրի, ու ներքին աուդիտի հաշվետվությունների վերաբերյալ:
2) կազմակերպության ներքին աուդիտի համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված նորմերին գնահատելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմակերպությունում իրականացնել ստուգումներ: Ստուգումների հիմնական արդյունքները արտացոլվում են ներքին աուդիտի համակարգի գործունեության տարեկան հաշվետվության մեջ:
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով անձին զրկել գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի որակավորումից:
4) համապատասխան մարմինների, այդ թվում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթների շրջանակներում, այդ մարմինների պահանջով տրամադրել համապատասխան մասնագետներ:
5) իրականացնել ներքին աուդիտի օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
4. Լիազոր մարմինը պարտավոր է`
1) չմիջամտել կազմակերպության ներքին աուդիտի հետ կապված աշխատանքներին,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել տարեկան հաշվետվություն ներքին աուդիտի համակարգի գործունեության հիմնական արդյունքների մասին:
3) համագործակցել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հետ` վերջինիս պահանջով տրամադրել ներքին աուդիտին առնչվող իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթեր եւ տեղեկություններ:
4) սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ստուգումները իրականացնել որակավորված մասնագետների միջոցով: Միաժամանակ, ստուգումների իրականացման ընթացքում, Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել համապատասխան բնագավառի մասնագետներ:
5) իրականացնել ներքին աուդիտի օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
5. Ներքին աուդիտի հետ կապված առարկությունները եւ բողոքները ու նրքին աուդիտի կատարելագործման հետ կապված հարցերը քննելու նպատակով ստեղծվում է աուդիտորական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) հաստատում է սույն օրենքով նախատեսված ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը:
2) քննարկում է ներքին աուդիտորների գործունեության հիմնական արդյունքների մասին Լիազոր մարմնի տարեկան հաշվետվությունը եւ դրա վերաբերյալ իրավասու կազմակերպությունների կողմից ներկայացված դիրքորոշումները, այդ կապակցությամբ ընդունում որոշումներ:
3) սահմանում է ներքին հսկողության համակարգերին ներկայացվող հիմնկան (նվազագույն) պահանջները:
ՀՈԴՎԱԾ 14. Ներքին աուդիտի եւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի պահանջով կազմակերպության ղեկավարը եւ/կամ ղեկավարի գիտությամբ գլխավոր աուդիտորը վերջինիս են տրամադրում ներքին աուդիտին առնչվող` իրենց տնօրինության տակ գտնվող փաստաթղթեր եւ տեղեկություններ:
2. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ներքին աուդիտի մասով սույն օրենքի Հոդված 12-ի 1-ին մասի «8» եւ «9» կետերով նախատեսված լիազորությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհուրդը` ինքնուրույն կամ միջազգային աուդիտորական կազմակերպության միջոցով:
ԳԼՈՒԽ 3
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 15. Ներքին աուդիտի տարեկան ծրագիրը
1. Ներքին աուդիտի տարեկան ծրագիրը սահմանում է տվյալ տարում կազմակերպությունում իրականացվող ներքին աուդիտի անցկացման ժամանակացույցը` ըստ աուդիտի օբյեկտների, աուդիտորական թեմաների եւ հաշվետու միավորների:
2. Տարեկան ծրագիրը հաստատվում է գլխավոր աուդիտորի ներկայացմամբ, մինչեւ տվյալ տարվա փետրվարի 1-ը:
3. Տարեկան ծրագիրը կազմելիս գլխավոր աուդիտորը հաշվի է առնում, որ կազմակերպության յուրաքանչյուր տարվա ողջ գործունեությունը պետք է ենթարկվի ներքին աուդիտի առնվազն երկու տարվա ընթացքում:
4. Աուդիտ չի կարող իրականացվել, եթե աուդիտի օբյեկտը ներառված չէ ներքին աուդիտի տարեկան ծրագրում: Հաստատված ծրագրով չնախատեսված, անհետաձգելի կամ այլ պատճառներով աուդիտի անցկացման անհրաժեշտության դեպքերում հաստատված ծրագրում կարող են կատարվել լրացումներ:
5. Ներքին աուդիտի տարեկան ծրագիրը եւ դրանում կատարվող փոփոխությունները հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր աուդիտորը դրանք ուղարկում է Լիազոր մարմնին` ի գիտություն:
6. Տարեկան ծրագրի օրինակելի ձեւը եւ կազմման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
ՀՈԴՎԱԾ 16. Աուդիտորական եզրակացությունը եւ արձանագրությունը
1. Ներքին աուդիտի արդյունքում կազմվում է աուդիտորական եզրակացություն: Աուդիտորական եզրակացությունը ստորագրում է գլխավոր աուդիտորը, իսկ այլ աուդիտորների եւ/կամ մասնագետների ներգրավման դեպքում նաեւ վերջիններս: Աուդիտորը եւ/կամ մասնագետը աուդիտորական եզրակացության վերաբերյալ կարող է տալ գրավոր կարծիք, որի դեպքում այն հանդիսանում է աուդիտորական եզրակացության անբաժան մասը:
2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում եւ գլխավոր աուդիտորի կողմից կազմակերպության ղեկավարին է ներկայացվում ներքին աուդիտի ավարտից հետո առավելագույնը երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:
Կազմակերպության ղեկավարը աուդիտորական եզրակացությունը քննարկում եւ դրա հետ կապված որոշում է կայացնում, եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում:
3. Մինչեւ կազմակերպության ղեկավարին աուդիտորական եզրակացության տրամադրումը, այն տրամադրվում է հաշվետու միավորին: Հաշվետու միավորը կարող է աուդիտորական եզրակացության վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալ կարծիք`
ա. գրավոր, որի դեպքում այն հանդիսանում է աուդիտորական եզրակացության անբաժան մասը, կամ
բ. ստորագրելով աուդիտորական եզրակացությունը:
Աուդիտորական եզրակացությունը չի տրամադրվում կազմակերպության ղեկավարին քանի դեռ չի ստացվել հաշվետու միավորի կարծիքը:
4. Աուդիտորական եզրակացությունը հիմնվում է արձանագրությունների վրա, որոնք հանդիսանում են աուդիտորական եզրակացության անբաժան մասը:
5. Աուդիտորական եզրակացության, վերջինիս վերաբերյալ հաշվետու միավորի կարծիքի եւ արձանագրության օրինակելի ձեւերն ու կազմման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
Հոդված 17. Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը
1. Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը ներառում է տվյալ տարվա ընթացում ներքին աուդիտորի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները, դրանց համեմատական վերլուծությունը պլանի եւ նախորդ ժամանակաշրջանների փաստացի ցուցանիշների հետ, շեղումների առաջացման պատճառներն ու հիմնավորումները: Հիմնական ցուցանիշների թվում նաեւ ներառվում են հաշվետու ժամանակաշրջանում բացահայտված իրավախախտումների, բացթողումների, ընդունված նորմերից եւ ստանդարտներից շեղումների բովանդակային նկարագիրը` ըստ չափերի, խախտումները վերացնելու, դրանց հետեւանքները կարգավորելու, վնասները հատուցելու, պատասխանատվության եւ կանխարգելիչ միջոցներ կիրառելու ուղղությամբ առաջարկված եւ ձեռնարկված միջոցառումները:
2. Մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը կազմակերպության ղեկավարը ապահովում է նախորդ տարվա ներքին աուդիտի տարեկան հաշվետվության տրամադրումը լիազոր մարմնին:
3. Տարեկան հաշվետվության օրինակելի ձեւն ու կազմման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 4
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 18. Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի առանձնահատկությունները
1. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը իրավունք ունի ներքին աուդիտի իրականացման նպատակով ներգրավել որակավորված մասնագետի եւ/կամ մասնագետների (ներգրավված աուդիտոր): Ներգրավված աուդիտորը ներքին աուդիտի ընթացքում ղեկավարվում է ներքին աուդիտի մասին օրենսդրությամբ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում սույն օրենքի կիրառման մասին որոշումը ընդունում է համայնքի ավագանին:
ՀՈԴՎԱԾ 19. Պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ներքին աուդիտի առանձնահատկությունները
1. Պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունում ներքին աուդիտի իրականացման նպատակով տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմնի ղեկավարի հրամանով կարող է ներգրավվել ներքին աուդիտորի որակավորում ունեցող մասնագետ եւ/կամ մասնագետներ: Ներգրավված աուդիտորը ներքին աուդիտի ընթացքում ղեկավարվում է ներքին աուդիտի մասին օրենսդրությամբ:
2. Պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ներքին աուդիտի հետ կապված, սույն օրենքի Հոդված 12-ի 1-ին մասի «7», «8», «9» կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը:
3. Հայաստանի Հանրապետության մարզային եւ գյուղական համայնքային ենթակայության կրթական եւ սոցիալ մշակութային բնույթի գործունեություն իրականացնող պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում սույն օրենքի կիրառման մասին որոշումն ընդունում է տվյալ պետական ոչ առեւտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող Լիազորված մարմինը:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 20. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքի պահանջների խախտումները, այդ թվում ներքին աուդիտի կեղծ եզրակացություն տրամադրելը առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Ներքին աուդիտի ընթացքում բացահայտված իրավախախտումները չարձանագրելը, դրանց կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառելը եւ/կամ այդ ուղղությամբ օրենքով նախատեսված այլ միջոցների չձեռնարկելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
3. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 21. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կազմակերպությունների գործող կառուցվածքում, սույն օրենքով նախատեսված ներքին աուդիտի կամ համանման գործունեություն իրականացնող ստորաբաժանումների եւ/կամ ծառայությունների գործունեությունը ենթակա է համապատասխանեցման սույն օրենքի պահանջներին մինչեւ 2010թ. հունվարի 1-ը:
2. Գլխավոր աուդիտորի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնելու համար գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի որակավորում ունենալու պահանջը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն հոդվածում նշված ժամկետի լրանալը, գլխավոր աուդիտորի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձանց համար Լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
3. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ գլխավոր աուդիտորի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձիք համարվում են Լիազոր մարմնի կողմից որակավորված:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը ծագել են «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (2001թ.): Նշված օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել պետական մարմնի կողմից.
- Ֆինանսական հոսքերի կառավարման եւ ներքին հսկողության համակարգի առկայությունը,
- Լիազոր մարմնի (ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության) կողմից սահմանված ներքին աուդիտի անցկացման կարգին համապատասխան՝ ներքին աուդիտի համակարգի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում եւ համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը եւ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումը եւ դրանց ճշգրտման ապահովումը:
Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ/կամ համակարգի որեւէ պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման եւ ներքին աուդիտի կառավարման համակարգը:
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ պահանջների կիրարկման նպատակով ԱՄՀ եւ ԱՄՆ գանձապետարանի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 30.12.02թ. N 934-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը:
Սակայն, չնայած նրան, որ 2001 թվականից սկսած ձեւավորվել են ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը, գործնականում այդ համակարգը դեռեւս ամբողջությամբ չի ներդրված: Մասնավորապես.
- Ոչ բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում են սահմանված կարգով նշանակվել գլխավոր աուդիտորներ,
- Հստակ չէ կապը ներքին աուդիտորական ստուգումների (հաշվետվությունների) եւ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ կառույցների ստուգումների (հաշվետվությունների) միջեւ, ինչպես նաեւ վերջիններիս փոխհարաբերությունները,
- Ներկայումս ներքին աուդիտի համակարգը հիմականում կենտրոնանում է ֆինանսական աուդիտի վրա, սակայն միջազգային պրակտիկայում ներքին աուդիտի շրջանակներն ավելի լայն են, ինչը բացի ֆինանսական աուդիտից ներառում է նաեւ կատարողական աուդիտը եւ նեքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման հարցերը,
- Անհրաժեշտ է ապահովել ներքին աուդիտի ոլորտում ներգրավված անձանց անհրաժեշտ որակավորումը, վերապատրաստումը եւ այդ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը,
- Ներքին աուդիտի գործող համակարգը համարժեք չէ համեմատաբար փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող պետական մարմինների եւ համայնքների ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններին,
Ելնելով առկա առանձնահատկություններից` բարելավման կարիք ունի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը:
Վերը նշված խնդիրների կարգավորման եւ ներքին աուդիտի համակարգի հետագա կատարելագործման նպատակով ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1376 որոշմամբ հաստատվեց ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների եւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարություն: Ռազմավարության նպատակն է 3 տարվա ընթացքում (2005-2008թթ. ժամանակահատվածում) կարգավորել ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների եւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի ոլորտում առկա հիմնախնդիրները, այն համապատասխանեցնելով հանրային հատվածի ներքին աուդիտի միջազգային չափանիշներին:
Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հաջող իրականացման եւ ներքին աուդիտի համակարգի հաջող ներդրման համար կարեւոր է ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող եւ միասնական համակարգ սահմանող օրենքի ընդունումը: Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներքին աուդիտի համակարգը հաջողությամբ ներդրվել եւ գործում է այն երկրներում, որոնք ընդունել են ներքին աուդիտի մասին օրենք:
Վերոգրյալով պայմանավորված մշակվել է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է ՀՀ հանրային հատված ներքին աուդիտի համակարգը եւ կարգավորվում ներքին աուդիտի հետ կապված հիմնական հարաբերությունները: Նախագծով դասակարգվում են աուդիտի նպատակներն ու շրջանակները, կազմակերպչական կառուցվածքը, ներքին աուդիտի գործընթացը կարգավորող եւ համակարգող լիազոր մարմնի իրավասությունները, ներքին եւ արտաքին աուդիտ իրականացնող մարմինների փոխհարաբերությունները, ներքին աուդիտորների եւ հաշվետու միավորի իրավասություններն ու պարտականությունները:
Միածամանակ, քանի որ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է գլխավոր աուդիտորի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարին է վերապահվում ներքին հսկողության համակարգի առկայության ապահովման գործառույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարելու «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում:
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխությունները պայմանավորված են նաեւ նշված օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի կառուցվածքում ներառված միավորների կարգավիճակի դրանց անվանման փաստացի փոփոխությամբ: