Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2241-18.02.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հուլիսի 27-,ի ՀՕ-211, այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ):» բառերը փոխարինել «եւ լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ):» բառերով:

Օրենքում նշված «գանձապետական բաժանմունքներ» բառերը ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`

ա. ֆինանսական հոսքերի կառավարման համակարգերի առկայությունը,

բ. գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:»:

2. 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «եւ ներքին աուդիտի կառավարման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: 
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը ծագել են «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (2001թ.): Նշված օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել պետական մարմնի կողմից.

- Ֆինանսական հոսքերի կառավարման եւ ներքին հսկողության համակարգի առկայությունը,

- Լիազոր մարմնի (ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության) կողմից սահմանված ներքին աուդիտի անցկացման կարգին համապատասխան՝ ներքին աուդիտի համակարգի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում եւ համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը եւ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումը եւ դրանց ճշգրտման ապահովումը:

Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ/կամ համակարգի որեւէ պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման եւ ներքին աուդիտի կառավարման համակարգը:

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ պահանջների կիրարկման նպատակով ԱՄՀ եւ ԱՄՆ գանձապետարանի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 30.12.02թ. N 934-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը:

Սակայն, չնայած նրան, որ 2001 թվականից սկսած ձեւավորվել են ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը, գործնականում այդ համակարգը դեռեւս ամբողջությամբ չի ներդրված: Մասնավորապես.

- Ոչ բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում են սահմանված կարգով նշանակվել գլխավոր աուդիտորներ,

- Հստակ չէ կապը ներքին աուդիտորական ստուգումների (հաշվետվությունների) եւ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ կառույցների ստուգումների (հաշվետվությունների) միջեւ, ինչպես նաեւ վերջիններիս փոխհարաբերությունները,

- Ներկայումս ներքին աուդիտի համակարգը հիմականում կենտրոնանում է ֆինանսական աուդիտի վրա, սակայն միջազգային պրակտիկայում ներքին աուդիտի շրջանակներն ավելի լայն են, ինչը բացի ֆինանսական աուդիտից ներառում է նաեւ կատարողական աուդիտը եւ նեքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման հարցերը,

- Անհրաժեշտ է ապահովել ներքին աուդիտի ոլորտում ներգրավված անձանց անհրաժեշտ որակավորումը, վերապատրաստումը եւ այդ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը,

- Ներքին աուդիտի գործող համակարգը համարժեք չէ համեմատաբար փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող պետական մարմինների եւ համայնքների ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններին,

Ելնելով առկա առանձնահատկություններից` բարելավման կարիք ունի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը:

Վերը նշված խնդիրների կարգավորման եւ ներքին աուդիտի համակարգի հետագա կատարելագործման նպատակով ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1376 որոշմամբ հաստատվեց ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների եւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարություն: Ռազմավարության նպատակն է 3 տարվա ընթացքում (2005-2008թթ. ժամանակահատվածում) կարգավորել ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների եւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի ոլորտում առկա հիմնախնդիրները, այն համապատասխանեցնելով հանրային հատվածի ներքին աուդիտի միջազգային չափանիշներին:

Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների  հաջող իրականացման եւ  ներքին աուդիտի համակարգի հաջող ներդրման համար կարեւոր է ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող եւ միասնական համակարգ սահմանող օրենքի ընդունումը: Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներքին աուդիտի համակարգը հաջողությամբ ներդրվել եւ գործում է այն երկրներում, որոնք ընդունել են ներքին աուդիտի մասին օրենք:

Վերոգրյալով պայմանավորված մշակվել է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է ՀՀ հանրային հատված ներքին աուդիտի համակարգը եւ կարգավորվում ներքին աուդիտի հետ կապված հիմնական հարաբերությունները: Նախագծով դասակարգվում են աուդիտի նպատակներն ու շրջանակները, կազմակերպչական կառուցվածքը, ներքին աուդիտի գործընթացը կարգավորող եւ համակարգող լիազոր մարմնի իրավասությունները, ներքին եւ արտաքին աուդիտ իրականացնող մարմինների փոխհարաբերությունները, ներքին աուդիտորների եւ հաշվետու միավորի իրավասություններն ու պարտականությունները:

Միածամանակ, քանի որ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է գլխավոր աուդիտորի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարին է վերապահվում ներքին հսկողության համակարգի առկայության ապահովման գործառույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարելու «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում:

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխությունները պայմանավորված են նաեւ նշված օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի կառուցվածքում ներառված միավորների կարգավիճակի  դրանց անվանման փաստացի փոփոխությամբ: