Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-226-18.02.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը /22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-137-Ն/ լրացնել 2.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվելու Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը կարգավորվում էր «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուժը կորցրել է:   Դատավորի կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով չեն կարգավորվել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1522-Ն որոշմամբ հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 6.9 կետով նախատեսվել է «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը, որով կարգավորվելու է նաեւ դատավորների կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները:

Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի գործող օրենսդրությամբ դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ հարաբերությունները կարգավորված չեն, ավելին, վտանգված են 2007 եւ 2008 թվականների ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերած դատավորների իրավունքները: Որպես կանոն, նման իրավիճակները պետք է կարգավորվեն համապատասխան նոր օրենքն ուժի մեջ մտնելու մասին օրենքով /անցումային դրույթներով/:

Այսպիսով, մինչեւ  «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում եւ կարգավորել դատավորների կենսաթոշակի իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները: