ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի, ՀO-33 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերով:
2. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի «հանրապետական» բառերը փոխարինել «պետական» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ, այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն:»:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: