Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-178-26.11.2007,07.02.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը  (2003 թվականի ապրիլի 18-ի), (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 311.1 հոդվածով.

«Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը

1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը` վարձատրողի կամ ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելու այնպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է` ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տաս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

5. Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում սույն օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով պաշտոնատար անձ չհանդիսացող`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնող անձինք,

2) պետական ծառայողները,

3) համայնքային ծառայողները,

4) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողները:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 311.2 հոդվածով.

«Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը

1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որեւէ այլ առավելություն ստանալը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որեւէ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու, այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է` ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կրկին անգամ,

4) շորթմամբ

պատժվում է ազատազրկմամբ չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ  երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տաս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Հոդված 3. Օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

զ/ կաշառք ստանալու պատրվակով,

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: