Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով`
- մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,
- ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,
- երկրի կայունությունը, միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, կարեւորելով`
- մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,
- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,
- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,
- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,
- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք,
անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին,
զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին` այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար: