Հանրապետության Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման աշխատանքները կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ողջ ծավալով` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հաղորդագրությամբ,
Հանձնաժողովի 2007թ. նոյեմբերի 9-ի թիվ 159-Ա որոշմամբ հաստատվել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որի բոլոր կետերի կատարումը` դրանում սահմանված ժամկետներում ապահովվել է:
Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում ընդունել է ընտրական գործընթացների կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր իրավական ակտերը, որոնք «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակվել են եւ մտել ուժի մեջ:
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն առանձին գրքույկի տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ` ընտրական օրենսգրքի ինկոռպորացված տարբերակը, տպագրվել եւ տրամադրվել են ընտրական հանձնաժողովների մոտ 16.000 անդամներին:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում կազմավորվել են բոլոր 1923 ընտրական տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները, ձեւավորվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները, ընտրվել են հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ եւ քարտուղարներ:
Ընտրական հանձնաժողովները կազմավորվել են միայն համապատասխան ուսուցում անցած եւ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ստացած անձանցով,
տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո հանձնաժողովների անդամների համար IFES-ի հետ համատեղ կազմակերպվել են լրացուցիչ դասընթացներ` հիմքում ունենալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ այս ընտրությունների համար հատուկ նկարահանված ուսուցողական ֆիլմ:
Արդյունքն ակնհայտ է, բավական է միայն համեմատել 2007թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմած արձանագրությունները այս ընտրությունների արձանագրությունների հետ:
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընտրողների ցուցակները, այդ թվում լրացուցիչ ցուցակները` ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի եւ պայմանների մասին կից տեղեկանքներով, սահմանված ժամկետներում փակցվել են տեղամասային կենտրոններում, հատկացվել ընտրական հանձնաժողովներին, տեղադրվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` նաեւ ըստ տեղամասերի:
Ընտրողների ցուցակները գրեթե կատարյալ էին:
Այդ մասին է վկայում քվեարկության եւ դրան նախորդող օրերի ընթացքում ընտրողների ցուցակների հետ կապված վեճերի վիճակագրությունը՝ դատարան են դիմել ընդամենը 98 քաղաքացի, բավարարվել է 49-ի դիմումը, լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքներով քվեարկության օրն ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է մոտ 250 ընտրող: Ընդհանուր առմամբ քվեարկության օրն իրենց ընտրելու իրավունքը վերականգնել է մոտ 300 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 0.02 տոկոսը:
Նման արդյունքը պայմանավորված է ինչպես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում աշխատանքների արդյունավետ կազմակերպմամբ, այնպես էլ ընտրական հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների, թեկնածուների նախընտրական շտաբների ցուցաբերած աջակցությամբ, ինչը հնարավորություն տվեց մինչեւ քվեարկության օրը շտկել հնարավոր սխալները:
Հարցը, որ բարձրացվում էր ընտրողների ցուցակների հետ կապված եւ քննության առարկա դարձավ նաեւ սահմանադրական դատարանում, վերաբերում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված 73.730 քաղաքացու, ում անձնագրերում բացակայում են ծննդյան օրը եւ ամսաթիվը:
Այս քաղաքացիների անուն-ազգանունների դիմաց ընտրողների ցուցակում նշված են ծննդյան տարեթվերը, իսկ ծննդյան ամսվա ու ամսաթվի փոխարեն նշված է «00.00»:
Արվում էր ենթադրություն այն մասին, որ 00.00 նշումն օգտագործված է որպես ծածկագիր, այդ ձեւով նշելով Հանրապետությունից բացակա կամ մահացած ընտրողներին:
Կարծում եմ ենթադրություններ անելու փոխարեն բավարար էր ընդամենը մեկ-երկու հասցեով գնալ եւ ստուգել` զերծ մնալու համար անհիմն եզրահանգումներից, իսկ իրականությունը հետեւյալնն է.
Քաղաքացիների ԽՍՀՄ նմուշի նախկին անձնագրերը ձեւակերպելիս, ծննդյան վկայականներում անձի ծննդյան օրը եւ ամիսը բացակայելու դեպքում, գրվում էր միայն ծննդյան տարեթիվը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերի տպագրության համակարգին անցնելու կապակցությամբ, համակարգչային ծրագրից ելնելով, միայն ծննդյան տարեթիվ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տպագրելու համար «ծննդյան օր եւ ամիս» դաշտերը լրացվել են «01.07» նշումով:
Հետագայում, հաշվի առնելով քաղաքացիների բողոքները, անձնագրային համակարգի ավտոմատացված ծրագրում կատարվել է փոփոխություն` ծննդյան վերաբերյալ «01.07» նշումը փոխարինվել է «00.00» նշումով: Համակարգչային ծրագրերի աշխատանքին ծանոթ ցանկացած անձ կհաստատի, որ եթե ծրագրով նախատեսված է համապատասխան դաշտ, ապա այն դատարկ թողնել հնարավոր չէ:
Ընտրողների ռեգիստրը 2005թ. տեղադրված է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում, համապետական ընտրությունների դեպքում` նաեւ ըստ տեղամասերի, եւ ցանկացած քաղաքացի` իրեն հարմար ցանկացած ժամանակ կարող է անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ ընտրողների ցուցակների վերաբերյալ:
Այս ընտրությունների ժամանակ առաջին անգամ կիրառվեց ըստ գտնվելու վայրի քվեարկելու իրավունքի ինստիտուտը, որը մոտ 15.000 ընտրողի հնարավորություն տվեց քվեարկության օրը մասնակցելու ընտրություններին իրենց գտնվելու վայրի ընտրական տեղամասում: Այս ինստիտուտի բացակայության պարագայում այդ քաղաքացիների մեծ մասը փաստացի հնարավորություն չէր ունենալու մասնակցել քվեարկությանը:
Ընտրողները սահմանված կարգով եւ ժամկետներում ծանուցվել են քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին:
Ընտրողներն ընտրական տեղամասերի եւ տեղամասային կենտրոնների մասին իրազեկվել, տեղեկացվել են նաեւ համայնքների ղեկավարների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի 22.06.05թ. թիվ 15-Ն եւ 01.02.07թ թիվ 1-Ա որոշումներով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Իրենց պասիվ ընտրական իրավունքն իրականացրել են առաջադրված բոլոր ինն անձինք:
Հանրապետության Նախագահի թեկնածուներն ընդհանուր առմամբ ունեցել են ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր հնարավորություններն իրենց գաղափարներն ու ծրագրերը ընտրողներին հասցնելու համար:
Հեռուստառադիոընկերություններն օրենսգրքով սահմանված ժամկետներում հրապարակել էին նախընտրական քարոզչության շրջանակներում թեկնածուներին տրամադրվելիք եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը` թեկնածուների համար ապահովելով հավասար պայմաններ: Հանրային հեռուստատեսությունն ու հանրային ռադիոն թեկնածուներին վճարովի եւ անվճար եթերաժամ տրամադրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանության արդյունքով սահմանված ժամանակացույցերին համապատասխան:
Քվեարկության օրն ընտրությունները դիտարկել են մոտ 32.000 վստահված անձինք, 14.000 տեղական դիտորդներ 39 կազմակերպությունից, 600-ից ավելի միջազգային դիտորդներ 6 կազմակերպությունից:
Դիմում-բողոքների եւ դրանց քննարկման մասին.
Հանձնաժողովի բոլոր անդամները ծանոթացել են ստացված դիմումներին եւ նրանց պատասխաններին, ավելին, դիմումների պատասխանները տեղադրվել են ԿԸՀ ինտերնետային կայքում:
Դիմումները քննարկվել են ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում` հաշվի առնելով, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել նաեւ այլ օրենքներով:
Այդպիսի առանձնահատկություններ ընտրական օրենսգիրքը սահմանում է. մասնավորապես 39-րդ հոդվածը սահմանում է ընտրական հանձնաժողովներում աշխատանքների կազմակերպումը, 40-րդ հոդվածը` ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելը, 401 -րդ հոդվածը` ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկման կարգը:
Դիմումների վերաբերյալ որոշումներ հանձնաժողովը կարող է ընդունել միայն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու պայման. առաջինը` հանձնաժողովի անդամի կողմից սահմանված կարգով ներկայացված որոշման նախագիծ եւ երկրորդը` որ այդ որոշումն ընդունելու համար նախագծին կողմ քվեարկեն հանձնաժողովի բավարար թվով անդամներ: Այս պայմանների չպահպանման պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող արտաքին ներգործության ուժ ունեցող ակտ ընդունել:
Հանձնաժողովում դիմումների քննարկման կարգը վեճի առարկա է դարձել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում:
Վարչական դատարանը գտել է /վճիռ թիվ 1014/05/08, 16.02.08թ./, որ յուրաքանչյուր դիմումի պատասխանի վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պարտավորություն ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ:
Այնուամենայնիվ, հանձնաժողովը թվով 57 դիմումների վերաբերյալ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընդունել է որոշումներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան տվել 8 պաշտոնական պարզաբանում:
Այս քննարկումների ժամանակ հանձնաժողովի նիստերին ներկա են գտնվել տարբեր թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Թեկնածուների գրանցումից հետո` մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը ստացվել է 111 դիմում, որից 73-ը բոլորիս քաջ ծանոթ Ռուբեն Թորոսյանի կողմից:
Դիմումներից 68-ը վերաբերել են նախընտրական քարոզչության` դիմումատուների կարծիքով սահմանված կարգի խախտումներին, հիմնականում` մինչեւ նախընտրական քարոզչության համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկսվելը քարոզչություն իրականացնելուն:
Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ կետի համաձայն` նախընտրական քարոզչությունը uկuվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում քվեարկությունից մեկ օր առաջ:
Քվեարկության եւ դրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է:
Ընտրական օրենսդրությունը կարգավորում է բացառապես ընտրական հարաբերությունները եւ չի տարածվում այլ բնույթի հարաբերությունների վրա, նույնիսկ եթե դրանք նմանություններ ունեն որոշ ընտրական հարաբերությունների հետ:
Քաղաքացիների, կուսակցությունների կողմից մինչեւ նախընտրական քարոզչության փուլի սկսվելն իրականացվող տեղեկատվություն տարածելու գործունեությունը, նույնիսկ եթե դրանք ունեն նախընտրական քարոզչության նշաններ, չեն կարող համարվել նախընտրական քարոզչություն: Դրանք կարելի է անվանել քաղաքական քարոզչություն, քաղաքական գովազդ, սակայն ոչ մի դեպքում նախընտրական քարոզչություն:
Ի տարբերություն որոշ երկրների, Հայաստանի Հանրապետությունում նախընտրական քարոզչությունը սկսվում է ոչ թե ընտրությունները նշանակելու օրվանից, այլ թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը, այսինքն` այն պահից, երբ որոշված են ընտրապայքարին մասնակցող թեկնածուները:
Այսպիսով` նախընտրական քարոզչությունն իրենից ներկայացնում է օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ, օրենսդրորեն հստակ սահմանվում է նաեւ նախընտրական քարոզչության ավարտը, իսկ մինչեւ թեկնածուների գրանցումը գործում են ընդհանուր նորմերը:
Քվեարկության կազմակերպման մասին.
Քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են իրենց վրա դրված բոլոր պարտականությունները` օրենսգրքով եւ ԿԸՀ որոշումներով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Փետրվարի 19-ին` ժամը 8:00-ին բացվել են բոլոր 1923 ընտրական տեղամասերը, սկսվել է քվեարկությունը:
Ընդհանուր առմամբ քվեարկությունն անցել է առանց լուրջ միջադեպերի: Ժամը 20-ից հետո տեղամասային կենտրոններում գտնվող քաղաքացիները հնարավորություն են ունեցել մասնակցելու քվեարկությանը:
Արձանագրվել է ընտրողների մեծ ակտիվություն` մասնակցությունը կազմել է 70,47 տոկոս:
Քվեարկության օրը` ժամը 9.00-ից սկսած, առնվազն 3-ժամյա պարբերականությամբ հանձնաժողովը հրապարակել է ընտրության մասնակիցների թիվը, ժամը 23.00-ից սկսած` արդեն քվեարկության նախնական արդյունքները` ըստ ստացման հերթականության:
Այս ամենն իրականացվել է` ապահովելով աննախադեպ հրապարակայնություն` ցանկացած տեղեկատվություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում իրական ժամանակում հասու է եղել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց, դիտորդների, նաեւ ցանկացած քաղաքացու համար:
Անդրադառնալով կայքին` նշեմ, որ այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմության մեջ լավագույնն է, ինչի ապացույցն է նաեւ այն, որ բոլոր վերլուծությունների, դիմումների, այդ թվում նաեւ սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ տեղեկատվության հիմք է ծառայել մեր կայքում տեղ գտած, բոլորին հասանելի` ընտրություններին վերաբերող ողջ տեղեկատվական բազան:
Ընտրության նախնական արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի հանձնաժողովն աղյուսակավորել, ամփոփել եւ արձանագրությամբ վավերացրել է փետրվարի 20-ին, ժամը 1152 - ին կամ օրենսգրքով նախատեսված ժամկետից 8 ժամ շուտ:
Վերահաշվարկների մասին
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է 135 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Ժամանակի սղության պատճառով չեն վերահաշվարկվել տարբեր ընտրատարածքների 22 տեղամասերի քվեարկության արդյունքներ:
Արդյունքում ընդամենը 1 տեղամասում է գրանցվել արտառոց դեպք, որի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ, հանձնաժողովի նախագահը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Մեկ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ ՀՀ դատախազության կողմից, այդ թվում նաեւ ԿԸՀ-ի հաղորդումներով, հարուցվել է 37 քրեական գործ, որից 11-ն արդեն ուղարկվել է դատարան:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ս/թ փետրվարի 24-ի իր նիստում, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կազմել է Հանրապետության Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն եւ վավերացրել այն:
Նույն նիստում հանձնաժողովը քննարկել է փետրվարի 19-ից 24-ը ստացված դիմումները եւ որոշմամբ արձանագրել, որ դիմումներում նշված տեղեկությունները չեն պարունակում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:
Այս պայմաններում, հաշվի առնելով, որ ընտրական հանձնաժողովներում եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում չկան չքննված դիմումներ, հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ եւ 84-րդ հոդվածների 1-ին կետերով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը
որոշում է ընդունել Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին:
Ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին
Վատ ավանդույթ է դարձել քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելն ու իրավական գործընթացները քաղաքականացնելը:
Ընտրական բարի ավանդույթների պակասի, ինչպես նաեւ ընտրական գործընթացներում սեփական սխալներն ընդունելու ու գնահատելու համարձակություն չունենալու պատճառով ընտրությունների արդյունքները վիճարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանում:
Ընտրություններն անվավեր ճանաչելու ընթացակարգերի նկատմամբ մակերեսային վերաբերմունքը եւ սահմանադրական դատարան դիմելն ընտրական գործընթացի հերթական փուլ դիտելը, իրավական, քաղաքական մշակույթի հերթական բացն է:
Ժողովրդավարական ընտրությունները ենթադրում են նաեւ պարտությունն արժանապատվորեն ընդունելու կարողություն:
Նպատակ ու առաքելություն չունենալով կանխորոշել Հանրապետությունում քաղաքական զարգացումների ընթացքը` այնուամենայնիվ, այսօր կարելի է ասել, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ:
Ընտրական հանձնաժողովների կամ ընտրական գործընթացներում ընդգրկված տարբեր սուբյեկտների կողմից առանձին ընտրական պրոցեսների խախտումը չի կարող դիտարկվել որպես բավարար հիմք ընտրությունների արդյունքների փոփոխման համար:
Աշխարհում չեք գտնի եւ ոչ մի պետություն, որտեղ ընտրական բարդ, կարճաժամկետ, բազմասուբյեկտ իրավահարաբերություններն ընթանան առանց խախտումների, սակայն
ընտրությունների անցկացումը չի կարող դիտարկվել որպես ականապատ դաշտով անցնելու օպերացիա, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կամ շեղում կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, մեր դեպքում` ընտրությունների անվավերության:
Առանձին թեկնածուների շահերի կոնֆլիկտը, պայմանավորված նրանց քաղաքական նախապատվություններով, չի կարող առաջացնել անհաղթահարելի խոչընդոտներ ընտրողների կամաարտահայտության հիման վրա իշխանության մարմինների ձեւավորման համար:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե
2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բնավ էլ չի ժխտում որոշ խախտումների առկայությունը:
Հարաբերություններ, որոնց մասնակցում է 1,5 միլիոնից ավելի սուբյեկտ` գործանակում չի կարող զերծ մնալ խախտումներից, սակայն, բավարար չէ խախտումների պարզ թվարկումը, այլ պահանջվում է ապացուցել, որ հատկապես այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրողների իրական կամաարտահայտությունը:
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելիս ամենամեծ խնդիրը այն խախտումների /եւ դրանց քանակի/ որոշարկումն է, որի պարագայում կարելի է պնդել, որ վերջինները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Ազդեցության օբյեկտիվ ապացույցների բացակայությունը նշանակում է, որ ընտրությունները վավեր են:
Այս տրամաբանությունից ելնելով էլ ՀՀ սահմանադրական դատարանը մերժեց երկու դիմումներն էլ, ուժի մեջ թողնելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին:
Ստորեւ ներկայացվում է համեմատական աղյուսակ Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների նախնական եւ վերջնական արձանագրությունների.
Ինչպես երեւում է աղյուսակից, քվեարկության նախնական եւ վերջնական արդյունքների տարբերությունը բոլոր պարամետրերով աննշան է:
Պետք է հաշվի առնել, որ նախնական արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել են էլեկտրոնային եղանակով եւ սա արդյունավետ ընտրական վարչարարություն իրականացնելու արդյունք է:
Այս առումով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն իր զեկույցում նշել է` մեջբերում. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ կազմակերպել է թափանցիկ, ի թիվս այլոց, թողարկելով որոշումներ եւ տեղեկատվություն, անցկացնելով մամլո ասուլիսներ եւ կազմակերպելով քվեարկության արդյունքների հրապարակումը տեղամասային ընտրական հանձնաժողովների մակարդակով:», մեջբերման ավարտը:
Հարգարժան պատգամավորներ , Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ՝
1. Հանրապետությունում կազմվել եւ վարվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր` ընտրողների մեկ միասնական ցուցակ, որը տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ ըստ ընտրական տեղամասերի՝ բաց համընդհանուր ծանոթացման համար.
2. 15.000-ից ավելի ընտրող հնարավորություն է ունեցել իր ընտրելու իրավունքն իրականացնել ըստ գտնվելու վայրի.
3. տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր 15.384 անդամներն անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ունեցել են որակավորման վկայականներ.
4. բուժհաստատություններում ստացիոնար բուժում անցնող քաղաքացիների համար քվեարկությունը կազմակերպվել է շրջիկ արկղերի միջոցով,
իսկ տեսողության հետ կապված` քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիները հնարավորություն են ստացել քվեարկելու ինքնուրույն` հատուկ այդ նպատակով պատրաստված կաղապարների օգնությամբ.
5. քվեարկությունը կազմակերպվել է քվեարկության ծրարներով, համարակալված քվեաթերթիկներով եւ ելունդների համարների հաշվառումով,
քվեաթերթիկների բաշխումն ըստ տեղամասերի տեղադրված է եղել ԿԸՀ ինտերնետային կայքում եւ ցանկացած քաղաքացի կարող էր տեղեկանալ, թե որ համարի քվեաթերթիկը որ տեղամասին է հատկացված
6. քվեախցիկների տեղադրման համար սահմանվել են պայմաններ,
7. քվեարկության ժամանակ ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրվել են համապատասխան դրոշմակնիքներ` բացառելով կրկնակի քվեարկությունը.
8. օգտագործվել են մեկանգամյա օգտագործման պարկեր`
- տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների համար,
- ընտրական տեղմասերից կնիքները եւ ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար,
- բոլոր 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները 24 ժամվա ընթացքում վերադարձվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. ընտրության արդյունքներն ամփոփվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունների հիման վրա՝ ըստ տեղամասերի աղյուսակավորման միջոցով «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջեւ գործող համակարգչային ցանցի օգնությամբ:
Քվեարկության արդյունքները` ըստ տեղամասերի, «ռեալ թայմ» ռեժիմով, ըստ ստացման հերթականության, հասանելի են եղել բոլորի համար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
10. Երեքժամյա պարբերականությամբ կատարվել է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ տեղամասերի: Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում աղյուսակավորման արդյունքները եղել են հրապարակային` փակցված բոլորի համար տեսանելի տեղում .
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, թեկնածուների վերաբերյալ տվյալները, տեղամասային կենտրոնները եւ դրանց գտնվելու վայրերը, դիմում-բողոքների պատասխանները, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն զետեղվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում.
1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններից 1506-ը կամ որ նույնն է` 78.3 տոկոսը, ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները, 96 տոկոսը` 7 անդամներ, եւ ընդամենը 8 արձանագրություն է, որ ստորագրել են հանձնաժողովների 5 անդամներ, ինչն ապացուցում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամները նույնպես, որպես կանոն, ստորագրել են այդ արձանագրությունները։
Վերջում թույլ տվեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընտրություններին ակտիվ մասնակցության համար,
զանգվածային լրատվության միջոցներին` ընտրությունների լուսաբանումն ապահովելու եւ հատկապես քվեարկության արդյունքների ամփոփումն ուղիղ եթերով հեռարձակելու համար,
միջազգային եւ տեղական տարբեր կազմակերպություններին` իրականացրած ծրագրերի եւ ընտրական համակարգին ցուցաբերած աջակցության համար,
Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` ընտրական հանձնաժողովներին աջակցելու համար,
Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` հատկապես ընտրողների ցուցակների կազմման եւ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանումն ապահովելու համար,
դիտորդական առաքելություններին` ընտրությունների դիտարկման համար,
ընտրություններին մասնակից թեկնածուներին, ընտրական հանձնաժողովների անդամներին ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին,
ՀՀ Ազգային ժողովին` ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ նաեւ մեր առաջարկներն ընդունելու համար: