Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-235-18.03.2008-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի առարկան եւ կարգավորվող հարաբերությունների շրջանակը

Սույն օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային համակարգում (այսուհետ նաեւ` համակարգ) ընդգրկված ապահովագրված անձանց (այսուհետ` ապահովագրված անձ) անհատական տվյալների շտեմարան (այսուհետ նաեւ` շտեմարան) ձեւավորելու եւ վարելու իրավական հիմքերն ու կարգը, համակարգի մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, շտեմարանի տվյալների օգտագործմանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Պետական կենսաթոշակային համակարգի մասնակիցները

Սույն օրենքի իմաստով պետական կենսաթոշակային համակարգի մասնակիցներն են օրենքով ապահովադիր հանդիսացողները, պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ (այսուհետ նաեւ` uոցիալական վճարումներ)  կատարողները (գործատու, անհատ ձեռնարկատեր, նոտար, ֆիզիկական անձ)  եւ անհատական տվյալների շտեմարանը ձեւավորող ու վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

Հոդված 3. Անհատական հաշվառման իրավական կարգավորումը

Անհատական հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 4. Անհատական հաշվառման նպատակն ու խնդիրները

1. Անհատական հաշվառման նպատակն է.

1) նպաստել  կենսաթոշակային ոլորտի հարաբերությունների կարգավորմանը եւ ապահովել ապահովագրված անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի պաշտպանությունը.

2) ապահովագրված անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացնել իր աշխատավարձին, կատարած սոցիալական վճարումներին եւ ապահովագրական ստաժի տեւողությանը  համապատասխան.

3) կենսաթոշակային օրենսդրությունն արդյունավետ կիրարկելու, կատարելագործելու եւ զարգացնելու համար ստեղծել անհատական տվյալների միասնական շտեմարան:

2. Անհատական հաշվառման խնդիրներն են.

1) ապահովագրված անձի կատարած վճարումներին համապատասխան կենսաթոշակ նշանակելու պայմաններ ապահովելը,

2) ապահովագրված անձի կենսաթոշակի չափը պայմանավորող ապահովագրական (աշխատանքային) ստաժին եւ աշխատավարձին վերաբերող տվյալները հաշվառելը,

3) ապահովագրված անձի` կենսաթոշակային համակարգին սոցիալական վճարումներ կատարելու շահագրգռվածությունը մեծացնելը,

4) սոցիալական վճարումներ կատարելու նկատմամբ հսկողություն իրականացնելու համար պայմաններ ստեղծելը,

5) կենսաթոշակային համակարգի մակրոտնտեսական ցուցանիշերը վերլուծելը, կենսաթոշակ վճարելու համար ծախսվելիք դրամական միջոցների ծավալը կանխատեսելը, պարտադիր սոցիալական ապահովության վճարումների դրույքաչափերը  սահմանելը:

Հոդված 5. Անհատական հաշվառման սկզբունքները

Անհատական  հաշվառման սկզբունքներն են.

1) անհատական տվյալների  հաշվառման անձնավորված լինելը,

2) կենսաթոշակային ապահովության ենթակա յուրաքանչյուր անձի` համակարգում պարտադիր ընդգրկված լինելը,

3) անհատական տվյալները բացառապես անձի սոցիալական պաշտպանության նպատակով օգտագործելը,

4) յուրաքանչյուր ապահովագրված անձի  համար` իրեն վերաբերող տվյալների մատչելիությունը,

5) անհատական տվյալների խորհրդապահությունը,

6) կենսաթոշակային ապահովության համակարգում անհատական  տվյալների հաշվառման միասնականությունը,

7) ապահովագրված անձի աշխատանքային եւ այլ գործունեության ընթացքում նրա անհատական տվյալների անձնավորված հաշվառում կատարելը:

Հոդված 6. Անհատական հաշվառում իրականացնող մարմինը

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության համակարգում  անհատական հաշվառում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

Հոդված 7. Անհատական հաշվառումը

1. Անհատական հաշվառումը ապահովագրված անձի համար անհատական հաշիվ բացելը, հաշվառման քարտում նրա տվյալները գրանցելը, տվյալների շտեմարան ձեւավորելը եւ վարելն է:

2. Կենսաթոշակային ապահովության ենթակա յուրաքանչյուր անձ հաշվառվում է համակարգում, իսկ նրա անհատական տվյալները ներառվում են տվյալների շտեմարան:

Հոդված 8. Անհատական հաշիվը

1. Անհատական (անձնական) հաշիվը (այսուհետ` անհատական հաշիվ) ապահովագրված անձի անհատական տվյալները պարունակող հաշիվ է:

2. Անհատական հաշվի տվյալները պահվում են շտեմարանում` փաստաթղթային եւ էլեկտրոնային տեսքով բացված հաշվառման քարտում:

3. Հաշվառման քարտի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 9. Անհատական հաշիվ ներառվող տվյալները

1. Անհատական հաշիվը ներառում է անձի հետեւյալ տվյալները.

1) ազգանունը, անունը, հայրանունը,

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

3) սեռը,

4) հաշվառման եւ (կամ) փաստացի բնակության վայրը,

5) անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

6) որպես ապահովագրված անձ հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը,

7) կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային եւ այլ գործունեության ժամանա՟կահատվածները, այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածները,

8) ամսական աշխատավարձի եւ (կամ) եկամտի չափը, որից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարներ են հաշվարկվել,

9) անձի համար հաշվարկած եւ վճարված սոցիալական վճարների գումարը,

10) հաշվարկված եւ վճարված սոցիալական վճարների ընդհանուր գումարի մեջ կենսաթոշակային ապահովության համար կատարված վճարումների չափը` նշելով այն տարին եւ ամիսը, որոնց համար դրանք կատարվել են,

11) կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) եւ վճարելու օրը, ամիսը եւ տարեթիվը, կենսաթոշակի չափը,

12) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարելու համար ապահովադրի կատարած վճարումների գումարը,

13) ժամանակավոր անաշխատունակության նպաստի, թաղման նպաստի գումարները,

14) անհատական հաշիվը փակելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ ապահովագրված անձի մահվան պատճառով փակվելու դեպքում` նաեւ մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

15) կուտակման սկզբունքով ձեւավորվող՝ կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տվյալներ:

2. Անհատական հաշիվը ապահովագրված անձի կյանքի ընթացքում վարում է լիազոր մարմինը: Էլեկտրոնային գրառման տեսքով բացված անհատական հաշիվը (հաշվառման քարտը) պահվում է տվյալների շտեմարանի արխիվում, իսկ անհատական հաշիվը փակվելուց հետո 10 տարի պահվում է լիազոր մարմնի արխիվում, որից հետո հանձնվում է պետական արխիվ եւ պահվում կենսաթոշակի գործերը պահելու համար սահմանված ժամկետի ընթացքում:

Ապահովագրված անձի մահվանից հետո ստացված անհատական տվյալները նրա անհատական հաշիվ են ներառվում սույն օրենքով սահմանված կարգով: Ապահովագրված անձի մահվանից հետո անհատական հաշիվը փակվում է:

Ապահովագրված անձի մահվանից հետո նրա անհատական հաշվի տվյալները կարող են օգտագործվել մահացած ապահովագրված անձի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար:

3. Տվյալների շտեմարանը վարելու տեխնիկական ապահովման կարգը սահմանում է  լիազոր մարմինը:

Հոդված 10. Շտեմարանի տվյալների խորհրդապահությունը

Անհատական հաշիվներում առկա տվյալները խորհրդապահական են եւ օգտագործվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 11. Անհատական հաշիվ բացելու մասին հայտը

1. Անհատական հաշիվ բացելու նպատակով ապահովագրված անձի համար ներկայացվում է անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ` հայտ): Հայտը ներառում է անձի անհատական տվյալները:

2. Հայտը ներկայացնում է գործատուն` աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր (որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ են կատարվում) կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

3. Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) կազմակերպության ղեկավարը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը` իրենց համար հայտ են ներկայացնում պետական գրանցման օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում, իսկ իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար` աշխատանքի անցնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում:

Եթե կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը սկսելու եւ գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) մասին պետական գրանցումների միջեւ ժամանա՟կահատվածը չի գերազանցում երկու ամիսը եւ այդ ընթացքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեություն չի իրականացրել, ապա հայտ չի ներկայացվում:

Լուծարային գործընթացում գտնվող կազմակերպությունում աշխատող անձանց համար հայտ ներկայացնելը պարտադիր է, եթե այն չի ներկայացվել մինչեւ լուծարման գործընթացը սկսելու մասին պետական գրանցում կատարելը:

4. Ինքնուրույնաբար պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարող անձը իր համար հայտ է ներկայացնում քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված եկամուտ ստանալուց  հետո` երկու ամսվա ընթացքում:

5. Հայտը ներկայացվում է ապահովադրի պետական գրանցման կամ անձի հաշվառման վայրի` լիազոր մարմնի տարածքային կենտրոն:

6. Հայտի ձեւաթղթի ձեւը, հայտը լրացնելու եւ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Անհատական հաշիվ բացելը կամ անհատական հաշիվ բացելը մերժելը

1. Անհատական հաշիվ բացելը ապահովագրված անձի անհատական տվյալները շտեմարանում էլեկտրոնային եւ փաստաթղթային տեսքով հաշվառելն ու հաշվառման քարտում գրանցելն է:

2. Անհատական հաշիվ բացելու օրը անձի հաշվառման օրն է:

3. Լիազոր մարմինը անհատական հաշիվ բացելու կամ անհատական հաշիվ բացելը մերժելու մասին որոշում է կայացնում  ապահովագրված անձի հայտը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

4. Լիազոր մարմինը անհատական հաշիվ  բացելը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե.

1) տվյալների շտեմարանում կա այդ անձի համար բացված` նույնական տվյալներ պարունակող անհատական հաշիվ.

2) հայտ ներառված տվյալներում կան անճշտություններ:

5. Անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը հայտի տվյալները ճշտելու նպատակով գրավոր դիմում է գործատուին կամ  անհատ ձեռնարկատիրոջը, կամ նոտարին, կամ ինքնուրույնաբար պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարող անձին:

6. Անհատական հաշիվ բացելու ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Անհատական հաշիվ բացելու կամ անհատական հաշիվ բացելը մերժելու որոշման մասին հայտնելը

1. Անհատական հաշիվ բացելու եւ հաշվառելու կամ հաշվառումը մերժելու որոշումը, կամ տվյալներ ճշտելու մասին գրությունը` կից ամփոփաթերթով, լիազոր մարմինը սահմանված ժամկետում համապատասխան որոշումը կայացնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է գործատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը, կամ նոտարին, կամ ինքնուրույնաբար պարտադիր սոցիալական ապահովաության վճարումներ կատարող անձին:

2. Գործատուն համապատասխան որոշումը կամ գրությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է ապահովագրված անձին: Ապահովագրված անձը ստորագրում է ամփոփաթերթում` հավաստելով որոշումներին իր տեղեկացված լինելը:

3. Գործատուն, ստացված որոշումների մասին ապահովագրված անձի տեւական հիվանդության, երկարատեւ (երկու ամսից ավելի) գործուղման մեջ գտնվելու կամ այլ պատճառով նրան տեղեկացնելու հնարավորություն չունենալու դեպքում, ապահովագրված անձի փոխարեն  ստորագրում է ամփոփաթերթում:

4. Անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, կամ ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձին համապատասխան որոշումը կամ գրությունն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ստացականով:

5. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, կամ ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում համապատասխան որոշումը կամ գրությունն ուղարկվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին` պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ստացականով:

Հոդված 14. Հայտ ներառված տվյալները ճշտելը

1. Ապահովագրված անձի հաշվառումը հայտ ներառված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով մերժելու որոշում կայացված լինելու դեպքում ներկայացվում է ճշտված տվյալներ պարունակող նոր հայտ:

Եթե ապահովագրված անձի հաշվառումը մերժելու որոշումն ստացվում է նրա տեւական հիվանդության, երկարատեւ (երկու ամսից ավելի) գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ կամ այլ պատճառով բացակայելու ընթացքում, ապա նոր հայտը լրացնում է  գործատուն:

2. Գործատուն կամ  անհատ ձեռնարկատերը, կամ նոտարը, կամ ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձը անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու որոշումները եւ տվյալները ճշտելու գրություններն ստանալուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղեկցող ամփոփաթերթով լիազոր մարմին է վերադարձնում տվյալները ճշտելու գրությունները եւ ներկայացնում ճշտված տվյալներ պարունակող նոր հայտեր:

3. Գործատուի կամ  անհատ ձեռնարկատիրոջ, կամ նոտարի, կամ ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձի ներկայացրած` ճշտված տվյալներ պարունակող նոր հայտերի հիման վրա լիազոր մարմինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան որոշում է կայացնում:

Հոդված 15. Ապահովագրված անձի համար անհատական հաշվետվություն ներկայացնելը

1. Ապահովադիրը, մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը, անհատական հաշվետվության ձեւով լիազոր մարմին է ներկայացնում իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձի` հաշվետու ժամանակահատվածին վերաբերող անհատական տվյալները: Եթե ապահովադրի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձանց քանակը հարյուրից ավել է, ապա տվյալները ներկայացվում են նաեւ էլեկտրոնային տարբերակով:

Անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, կամ ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձը իր անհատական տվյալներն անհատական հաշվետվության ձեւով լիազոր մարմին է ներկայացնում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:

2. Հաշվետու ժամանակահատվածը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն է:

Հաշվետու տարվա ընթացքում պետական գրանցում ստացած ապահովադրի  համար հաշվետու ժամանակահատվածը պետական գրանցման օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն է, իսկ վերակազմակերպվող կամ լուծարվող ապահովադրի համար` մինչեւ համապատասխան պետական գրանցման օրը:

Ինքնուրույնաբար պարտադիր  սոցիալական վճարումներ կատարող անձի համար հաշվետու ժամանակահատվածը առաջին եկամուտն ստանալու օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն է:

3. Ապահովադիր հանդիսացող իրավաբանական անձը, վերակազմակերպվելու (միաձուլում, միացում, բաժանում, առանձանցում, վերակազմավորում) կամ լուծարվելու դեպքում, անհատական հաշվետվության ձեւով լիազոր մարմին է ներկայացնում իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձի այն անհատական տվյալները, որոնք մինչ այդ չեն ներկայացվել լիազոր մարմին:

Անհատական հաշվետվության ձեւաթղթի ձեւը, անհատական հաշվետվություն ներկայացնելու (այդ թվում` էլեկտրոնային տարբերակով) եւ անհատական հաշվետվություն լրացնելու կարգը, ապահովադիր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպվելու կամ լուծարվելու կամ այլ դեպքերում անհատական հաշվետվություն ներկայացնելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Ապահովագրված անձանց անհատական տվյալները տրամադրելը եւ պահելը

1. Ապահովագրված անձի անհատական հաշիվ ներառելու համար լիազոր մարմին անհատական հաշվետվության ձեւով ներկայացված եւ ընդունված տվյալների կրկնօրինակը ապահովադիրը, ապահովագրված անձի դիմելու դեպքում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է նրան:

2. Լիազոր մարմնի պահանջով ապահովադիրը ներկայացնում է իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձի մասին այնպիսի տվյալներ, որոնք հաստատում են կենսաթոշակային ապահովության համակարգում հաշվառվելուն նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում ձեռք բերված ապահովագրական (աշխատանքային) ստաժը (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող) եւ սոցիալական վճարումներ կատարելը:

Ապահովագրական (աշխատանքային) ստաժին վերաբերող տվյալներ տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ապահովադիրների եւ ապահովագրված անձանց ներկայացրած` սոցիալական վճարների եւ ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալներ պարունակող փաստաթղթերը լիազոր մարմնում պահվում են տասը տարի` սկսած դրանց պարունակած տվյալները ապահովագրված անձանց անհատական հաշիվներ ներառելու օրվանից:

4. Լիազոր մարմինը  ապահովադիրներից եւ ապահովագրված անձանցից անհատական հաշվառման համար էլեկտրոնային կամ թղթային տեսքով ստացված` այլ տվյալներ պարունակող փաստաթղթերը պահում է առնվազն 3 տարի:

5. Անհատական հաշվառման փաստաթղթերը լիազոր մարմնում կամ պետական արխիվում պահվում եւ ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ապահովագրված անձի ապահովագրական ստաժի, աշխատավարձի, հաշվարկված ու վճարված սոցիալական վճարների մասին` լիազոր մարմին ներկայացված տվյալները ապահովադիրը պահում է հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների փաստաթղթերի պահպանման համար սահմանված կանոններին համապատասխան:

Հոդված 17. Ապահովագրված անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Ապահովագրված անձն իրավունք ունի.

1) լիազոր մարմնից տարեկան երկու անգամ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, անվճար ստանալ իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով,

2) իր անհատական հաշվում առկա անհատական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմել լիազոր մարմին,

3) ապահովադրից անվճար ստանալ լիազոր մարմին ներկայացված իր  անհատական տվյալների  կրկնօրինակը,

4) բողոքարկել կամ վիճարկել լիազոր մարմնի կամ ապահովադրի պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալները կառավարելուն առնչվող գործողությունները կամ անգործությունը:

2. Ապահովագրված անձը պարտավոր է.

1) լիազոր մարմին հայտնել իր անհատական հաշվում առկա տվյալների անճշտությունների եւ իր անհատական տվյալները փոփոխվելու մասին,

2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշիվ ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր:

Հոդված 18. Ապահովադրի իրավունքները եւ պարտականությունները

1. Ապահովադիրն իրավունք ունի լրացնել եւ ճշտել իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձի` լիազոր մարմին ներկայացված տվյալները:

2. Ապահովադիրը պարտավոր է.

1) ապահովագրված անձի տվյալները լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով,

2) իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ապահովագրված անձի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացված նրա անհատական տվյալների կրկնօրինակը,

3) ապահովագրված անձի` աշխատանքից ազատվելու  կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարելու դեպքում, ապահովագրված անձի գրավոր դիմումի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում նրան հանձնել իր անհատական տվյալների կրկնօրինակը, որոնք մինչեւ դիմելու օրը լիազոր մարմին չեն ներկայացվել,

4) ստուգել ապահովագրված անձի ներկայացրած սոցիալական ապահովության քարտի տվյալների եւ նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների համապատասխանությունը:

Հոդված 19. Լիազոր մարմնի իրավունքները եւ պարտականությունները

1. Լիազոր մարմինն իրավունք ունի.

1) ապահովադրից եւ ապահովագրված անձից ստանալ սույն օրենքով սահմանված անհատական տվյալներ.

2) ճշտել ապահովագրված անձի անհատական հաշվի տվյալները.

3) անհատական տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համադրել տեղեկատվական այլ բազաների տվյալների հետ:

2. Լիազոր մարմինը պարտավոր է.

1) ապահովագրված անձին սահմանված կարգով հաշվառել պարտադիր կենսաթոշակային ապահովության համակարգում,

2) հուսալիորեն պահել ապահովագրված անձանց անհատական հաշիվներում առկա տվյալները եւ անհատական հաշվառման այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ձեւավորվել են այդ տվյալները,

3) ապահովադրին ծանուցել նրա ներկայացրած փաստաթղթերի մշակման արդյունքների եւ փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու մասին,

4) ապահովագրված անձի անհատական հաշվի մասին տեղեկանք (քաղվածք) տրամադրելու համար նրա դիմումը հաշվառել տվյալների շտեմարանում եւ տրամադրել սահմանված տեղեկանքը (քաղվածքը),

5) ապահովագրված անձին տարեկան երկու անգամ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, անվճար տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

6) տվյալների շտեմարանի անհատական տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համադրել այլ կազմակերպություններից ստացված տվյալների հետ եւ հայտնաբերված անհամապատասխանությունները տրամադրել համապատասխան կազմակերպություններին:

Հոդված 20. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

Սույն օրենքը խախտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական կենսաթոշակների» մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի 9-րդ գլուխը, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերը, 66-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի 2-րդ կետերը, 67-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ եւ 2-րդ մասի 2-րդ կետերը:

Հոդված 23. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեւավորված անհատական (անձնավորված) հաշվառման շտեմարանի վարումը (անհատական տվյալների անձնավորված հաշվառումը) սույն օրենքն ընդունվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին: