Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0403-21.08.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի թ) կետում, 18-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում, 28-րդ հոդվածի վերնագրում, 3-րդ եւ 4-րդ պարբերություններում, 33-րդ հոդվածի վերնագրում եւ 3-րդ պարբերությունում «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել նոր 3.1 բաժնով հետեւյալ խմբագրությամբ`
 
« 3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով
ա) բույսի սորտի հայտ ներկայացնելու համար 5
բ) Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար 4
գ) բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2
դ) արտոնագիր տալու համար 3
ե) լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերվում է 1 արտոնագրի

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

10

5

զ) արտոնագրի կրկնակը տալու համար »

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
« ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

Օրենքի նպատակը բուծողի իրավունքի տրման եւ դրա պահպանության հետ կապված հասարակական հարբերությունների կարգավորումն է:
«Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության եւ Հայաստան-Եվրոմիություն գործողությունների ծրագրի 142 (Ե) 25 կետի պահանջից: Ընդունման հիմնական նպատակը` Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցությունն է:

UPOV-ին անդամակցության հիմնական նախապայմանը, դա` անդամ երկրի ոլորտը կարգավորող օրենքի Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիաի դրույթներին համապատասխանությունն է:

Ներկայումս բույսերի նոր սորտերի պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում վերը նշված կոնվենցիային, բացի այդ օրենքը կարգավորում է նաեւ կենդանիների նոր ցեղերի պաշտպանությանը վերաբերող հարցերը, ինչը նույնպես չի համապատասխանում Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիաին:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ներկայումս հանրապետությունում կիրարկվող «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես` օրենքից հանվում են բույսերի սորտերին վերաբերվող բոլոր դրույթները:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ հաշվի առնելով որ, «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է պետական տուրք, նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որոնց նախագծերը ներկայացվում են միաժամանակ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրներ

Ներկայումս բնագավառը կարգավորվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը չի համապատասպանում բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային, իսկ նշված կազմակերպությանն անդամակցելու հիմնական նախապայմաններից է Հայաստանում ոլորտը կարգավորող, կոնվենցիային համապատասխանող օրենքի ընդունումը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նպատակը նոր սորտ բուծողի իրավունքի տրամադրման ու դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունների կանոնակարգումն է:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաեւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցելու կոնվենցիան:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում մշակվել է «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է շահագրգիռ նախարարությունների հետ եւ ներկայացվել ՀՀ կառավարություն:

ՀՀ կառավարության պահանջով օրենքի նախագիծը` միջազգային փորձաքննության ներկայացնելու նպատակով, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, ներկայացվել է UPOV-ի գրասենյակ:

UPOV-ի գրասենյակից տեղեկացվել է, որ օրենքի նախագիծը պետք է համապատասխանեցնել տիպային օրենքի պահանջներին, որը մշակվել է քարտուղարության կողմից` անդամ երկրներին օրենքում պարտադիր պահանջ հանդիսացող ձեւակերպումների վերաբերյալ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ նշել է, որ կազմակերպությունը շատ հետեւողական է անդամ երկրների կողմից ներկայացված օրենքների նախագծերի` կոնվենցիայի պահանջներին համապատասխանության խնդրում:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը թույլ կտա անդամակցելու բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային: