Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-249-31.03.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՎԱՎԵՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը իրենց հիմնադիր փաuտաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին չհամապատասխանեցրած եւ չվերագրանցած բնակարանային կոոպերատիվների անդամներին եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձանց հատկացված՝ ավարտված բազմաբնակարան շենքերում բնակարանների եւ (կամ) այդ շենքերում իրենց տրամադրված ոչ բնակելի տարածքների նկատմամբ սույն օրենքի ուժով՝ սահմանված կարգով գրանցվում է այդ անձանց սեփականության իրավունքը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային եւ շինարարական այլ կոոպերատվների անդամներին կոոպերատիվների կողմից հատկացված բնակարանների, եւ ոչ բնակելի շինությունների նկատմամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված հիմքով  սեփականության իրավունքի ձեռքբերման եւ այդ իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ: Մասնավորապես` ՀՀ Քաղաքացիական օրենսգքրի 172-րդ հոդվածի 6-րդ կետը բնակարանային կոոպերատիվի անդամների եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձանց համար, որպես կոոպերատիվի կողմից վերջիններիս տրամադրված բնակարանի կամ այլ շինության նկատմամբ uեփականության իրավունքի ձեռքբերման անհրաժեշտ պայման սահմանում է նշված անձանց կողմից փայավճարը ամբողջությամբ մուծված լինելը: Հետեւաբար, նշված հիմքով կոոպերատիվների անդամների անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ տվյալ անձի կողմից փայավճարը ամբողջությամբ մուծված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ, որը պետք է տրամադրի այն մարմինը, որը իրականացրել է փայավճարների գանձումը, այսինքն` կոոպերատիվը:  Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիները կոոպերատիվից ստացած եւ փայավճարները ամբողջությամբ մուծված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար պետք է ներկայացնեն փաստաթուղթ այնպիսի կազմակերպություններից, որոնք փաստացի այսօր գոյություն չունեն (քանի որ նախկինում ստեղծված բնակարանային կոոպերատիվների գերակշիռ մասը մինչ օրս չեն վերագրանցվել եւ իրենց հիմնադիր փաuտաթղթերը չեն համապատաuխանեցրել ՀՀ Քաղաքացիական oրենuգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին), իսկ հակառակ դեպքում` չեն կարող տրամադրել որեւէ փաստաթուղթ` հիմնադիր փաստաթղթերը անվավեր լինելու պատճառով:

Նշված խնդիրների լուծման համար առաջարկվում է ներկայացվող օրինագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա օրենքի ուժով գրանցել կոոպերատիվների անդամների եւ փայակուտակման իրավունք ունեցող անձանց հատկացված բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների նկատմամբ այդ անձանց սեփականության իրավունքը:

Նախագծի կարգավորման առարկան են հանդիսանում միայն բնակարանային շինարարական կոոպերատիվների լուծարման եւ դրանց կողմից քաղաքացիներին հատկացված բնակարանների հետագա կարգավիճակը: Այլ տիպի  շինարարական կոոպերատիվների անշարժ գույքի իրավական ռեժիմը տարբերվում է բնակարանաշինարարական կոոպերատիվների գույքի իրավական ռեժիմից: Մասնավորապես` ամառանոցային կոոպերատիվների անդամներին հատկացված հողամասերի նկատմամբ 1991 թվականի Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի դրույթներով` օրենքի ուժով ճանաչվել է քաղաքացիների սեփականության իրավունքը, իսկ ավտոտնակային կոոպերատիվների դեպքում, գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունք հաստատող փաստաթղթեր են հանդիսանում ոչ միայն միասնական օրդերը եւ վճարումների կատարումը հաստատող փաստաթուղթը, այլեւ սահմանված կարգով կազմված հողհատկացման եւ քաղաքաշինական փաստաթղթերը: