Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-256-28.04.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում 7-րդ պարբերությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Ինքնաբուխ միջոցառում` կոնկրետ երեւույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող, նախապես չհայտարարված խաղաղ հրապարակային  միջոցառում»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին, կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով, կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ այլ հանցագործությունների:».

Նույն կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում:» բառերը հանել:

2) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն.

«Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

3) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

4) 5-րդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«6. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տեւել վեց ժամից ավելի: Նույն խնդրի առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել եւ պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետ. «1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է 2008 թվականի մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած համատեղ կարծիքով եւ այդ կառույցների ու Հայաստանի Հանրապետության փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում` օրենքը բարելավելու նպատակով,  ընդունված հուշագրով:

Օրենսդրական նախաձեռնությունը բխում է հուշագրում  ամրագրված դրույթներից: