Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում 7-րդ պարբերությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Ինքնաբուխ միջոցառում` կոնկրետ երեւույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող, նախապես չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին, կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով, կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ այլ հանցագործությունների:».
Նույն կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում:» բառերը հանել.
2) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն.
«Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից».
3) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.
«6. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տեւել վեց ժամից ավելի: Նույն խնդրի առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել եւ պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետ. «1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: