Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-258-28.04.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի փետրվարի 18, ՀՕ-40-Ն, այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում`

1. 1-ին մասը լրացնել նոր 8-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը։»,

2. լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաեւ հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենք ընդունելը պայմանավորված է «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի` ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս, վարքագծի կանոններ սահմանելու անհրաժեշտությամբ, որը կնպաստի հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, հարկադիր կատարողի կոչմանը հարիր վարքագծի դրսեւորմանը:

Այդ կանոնները հարկադիր կատարողի վարվելակերպի, վարքագծի եւ փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են` հիմնված օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության գործելաոճ արմատավորելու սկզբունքների հիման վրա:

Օրենքի ընդունման դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն հարկադիր կատարողի համար պարտադիր հետեւյալ կանոնները`

1) հավատարիմ լինել իր երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) եւ պետական լեզուն,

2) ծառայողական պարտքը կատարել բարեխղճորեն,

3) աննկուն կրել ծառայության դժվարությունները,

4) լինել զգոն, խստորեն պահպանել ծառայողական եւ պետական գաղտնիքները,

5) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ,

6) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից եւ իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից,

7) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ծառայության եւ հարկադիր կատարողի վարկը,

8) աջակցել իր ղեկավարին կարգապահության ամրապնդման հարցում, հարգանքով վերաբերվել նրան,

9) կատարելագործել մասնագիտական ունակությունները,

10) իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ,

11) ձեռնպահ մնալ  ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը,

12) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը,

13) ղեկավարվել պատվի, խղճի եւ արժանապատվության զգացումներով,

14) իր վարքով նպաստել հասարակության կողմից ծառայության վերաբերյալ ազնվության եւ օրինականության համոզմունքի ձեւավորմանն ու պահպանմանը,

15) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքը եւ կորեւորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետեւանքները,

16) չօգտագործել ծառայողական պարտականությունների ընթացքում հայտի դարձած տեղեկատվությունը իր անձնական շահերի համար,

17) ըմբռնումով մոտենալ աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու քննադատությանը եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար,

18) իրեն տրամադրված զենքը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել,

19) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որեւէ քաղաքական կուսակցությանը:

Նմանատիպ կանոններ սահմանված են նաեւ քրեակատարողական, հարկային, մաքսային ծառայողների, դատավորների, աուդիտորների, դիվանագետների, համայնքային ծառայողների համար: