Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-260-04.05.2008-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 1.
Փախստականների եւ ապաստանի մասին  Հայաստանի  Հանրապետության օրենքի նպատակը

1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951թ. Կոնվենցիայի (այսուհետ`Կոնվենցիա), այդ Կոնվենցիայի  1967 թ. Արձանագրության կիրառումը եւ ճանաչում է բոլոր օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաեւ ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով  սահմանված անհրաժեշտ պահանջներին:

2. Սույն Օրենքը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան ապահովում է նաեւ բոլոր օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որեւէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 2.
Ապաստան

1. Ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում շնորհված պաշտպանություն է, որը երաշխավորում է նրա նկատմամբ սույն Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքի կիրառումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց Կոնվենցիայով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով շնորհված բոլոր իրավունքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապաստանը տարածվում է նաեւ այլ պետության կողմից փախստական ճանաչված օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վրա, եթե նա սահմանված կարգով մուտք է գործել

3. Հայաստանի Հանրապետության տարածք եւ ունի  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնակության իրավունք տվող կացության որեւէ կարգավիճակ:
Ապաստանի տրամադրումը պետք է ընթանա խաղաղ եւ մարդասիրական մթնոլորտում եւ ոչ մի դեպքում չպետք է վերածվի անբարյացակամ վերաբերմունքի, քանի որ այն չի ենթադրում որեւէ քննադատություն փախստականի քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  կամ որեւէ այլ երկրի հանդեպ:

Հոդված 3.
Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում

1. Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կարող է ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, ովքեր սույն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառների հետեւանքով լքել են Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների տարածքները:

2. Առանց սույն Օրենքով սահմանված կարգով անհատական ընթացակարգն անցնելու` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց  վրա տարածվում են  Հայաստանի Հանրապետությունում անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների իրավունքներն ու պարտավորությունները, իսկ  փախստականների ճանաչման եւ ապաստանի տրամադրման բացառումը, դադարեցումը եւ չեղյալ հայտարարումը իրականացվում է սույն Օրենքով անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար սահմանված դրույթներով եւ ընթացակարգերով:

Հոդված 4.
Կամավոր վերադարձ

1. Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աջակցությամբ՝ սույն Օրենքի 60-րդ  հոդվածով սահմանված կարգով:

2. Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի եւ փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից եւ այն նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին եւ ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.

2) մինչեւ իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջեւ:

3. Հայաստանի Հանրապետության ապաստանի եւ փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինները  իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված  ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (այսուհետ`  ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից ներկայացրած խնդրանքի վրա:

Հոդված 5.
Ապաստան հայցող

1. Ապաստան հայցողը այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն է, ով, սույն Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

2. Ապաստան հայցող է համարվում նաեւ Կոնվենցիան ստորագրած որեւէ պետության կողմից փախստական ճանաչված անձը, ով, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաացիություն չունեցող անձը մինչեւ ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող եւ Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների, սույն Օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

Հոդված 6.
Փախստական

1. Փախստական է համարվում`

1) այն օտարերկրյա քաղաքացին, ով ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ,

2) այն օտարերկրյա քաղաքացին, ով ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

2. Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձի համար «իր քաղաքացիության երկիր» հասկացությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա: Այդ դեպքում անձը համարվում է իր քաղաքացիության երկրների պաշտպանությունը կորցրած, եթե նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված պատճառներով չի կարող օգտվել իր քաղաքացիության երկրներից որեւէ մեկի պաշտպանությունից:

3. Փախստական է համարվում նաեւ այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով պաշտոնապես փախստական է ճանաչվել Կոնվենցիան ստորագրած այլ պետությունների կողմից:

Հոդված 7.
Ապաստան ընտանիքի անդամների համար եւ ընտանիքի վերամիավորում

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչեւ 18 տարեկան զավակը եւ խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ եւ չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ երկրի քաղաքացիություն:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել  փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, գտնվում են այդ փախստականի խնամքի տակ եւ չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ պետության քաղաքացիություն:

3. Սույն Oրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան փախստական ճանաչված եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները, մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական եւ նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ եւ չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որեւէ այլ պետության քաղաքացիություն:

4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամների հետ Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն Օրենքի 54-րդ  հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

5. Ընտանիքի անդամներից Հայաստանի Հանրապետությունում առաջինը փախստական ճանաչված անձի (այսուհետ` առաջին փախստական ճանաչվածը) սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն  փախստականի ճանաչման դադարեցման կամ չեղյալ հայտարարելու կամ այդ փախստականին շնորհված ապաստանի դադարեցման դեպքում, նրա ընտանիքի անդամները, որոնք սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ճանաչվել էին փախստական եւ Հայաստանի Հանրապետությունում ստացել էին ապաստան, առաջին  փախստական ճանաչվածի հետ միասին դադարեցվում կամ չեղյալ են  հայտարարվում նրանց փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման որոշումները: Սակայն նրանք չեն զրկվում դրանից  անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա: Միեւնույն ժամանակ, եթե  նրանք ճանաչվում են փախստական եւ ապաստան են ստանում, ապա դրանք արդեն չեն կարող փոխանցվել ընտանիքի այն անդամներին, որոնք կորցրել են իրենց փախստականի ճանաչումն  ու տրամադրված ապաստանը`  դադարեցման, զրկման կամ չեղյալ հայտարարելու միջոցով:

Հոդված 8.
Առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողներ եւ փախստականներ

1. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը, սույն օրենքի իմաստով, 18 տարին չլրացած ՀՀ տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ/ծնող, խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:

2. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

3. Լիազոր մարմինը պետք է աջակցի առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի տեղավորմանը եւ խնամքի ապահովմանը, ինչպես նաեւ նրա` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  բոլոր իրավունքների իրացման հարցերում:

4. Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողների կամ փախստականների հարցերի հետ առնչություն ունեցող, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված,  բոլոր պետական մարմինները, հաշվի առնելով առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների առանձնահատուկ վիճակը, առավելագույնս ելնելով նրանց շահերից իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն նրանց:

Հոդված 9.
Չվերադարձելիություն

1. Չվերադարձելիության սկզբունքը, սույն Օրենքի  եւ միջազգային իրավունքի համաձայն, փախստականին որեւէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության, քաղաքական հայացքների  կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:

2. Ապաստան հայցող անձը, մինչեւ սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն նրա ներկայացրած ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, չի կարող  արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի  դաժան եւ անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ խոշտանգումների:

Հոդված 10.
Փախստականի ճանաչումը եւ ապաստանի տրամադրումը դադարեցնելու հիմքերը

1. Անձը դադարում է փախստական ճանաչվել, եթե նա`

1) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր կամ,

2)  կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր կերպով վերստանձնել է այն կամ,

3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն եւ օգտվում է այդ պետության պաշտպանությունից կամ,

4)  կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով կամ,

5)  այլեւս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետեւ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ կամ,

6) չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ կամ

7) անձնական պատճառներով այլեւս չի ցանկանում համարվել փախստական:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել նախկին հետապնդումից բխող բավարար հիմնավորումներ իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունը, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` իրենց նախկին բնակության երկիր վերադառնալը մերժելու վերաբերյալ:

3. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

4. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա մեկնել է Հայաստանի Հանրապետությունից եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս սույն օրենքի 30-րդ  հոդվածի հիման վրա տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետից հետո:

5. Փախստականի ճանաչումը եւ նրան տրամադրված ապաստանը դադարեցվում է բացառապես լիազոր մարմնի կողմից` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 11.
Փախստական ճանաչելու եւ ապաստան տրամանադրելու բացառման հիմքերը

1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա.

1) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի,

2) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարարծքից դուրս` նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը,

3) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին եւ սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ:

2. Ապաստանի տրամադրումը  կարող է մերժվել այն  փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվերու երկյուղ, ինչպես նշված է սույն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 9-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների, կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, ինչպես նշված է սույն Օրենքի 6-րդ հոդվածի 1 մասի 1-ին կետում, եւ կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր:

3. Փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է բացառապես լիազոր մարմինը` սույն Օրենքի  53-րդ հոդվածում սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն:

Հոդված 12.
Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը

1. Լիազոր մարմնի կողմից փախստականի ճանաչումը չեղյալ է հայտարարվում, եթե պարզվում է, որ անձը ակնհայտորեն չի բավարարում սույն Օրենքով փախստական ճանաչվելու պահանջները, որովհետեւ նոր հայտնաբերված ապացույցները վկայում են, որ նախկինում արված հայտարարությունները եւ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:

2. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը իրականացնում է բացառապես լիազոր մարմինը` սույն Օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:

Հոդված 13.
Ապաստանի հայց

1. Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի  կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում սահմանված մարմիններին  ներկայացված խնդրանք է կամ դիմում:

2. Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Ազգային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող  Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝  լիազոր մարմնին, ինչպես նաեւ Հանցավորության եւ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` Ոստիկանություն)  բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որեւէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը:

3. Ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես  հաջորդելով   ապաստանի խնդրանքին` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես՝ առանց ապաստանի խնդրանքի:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը եւ դիմումը  կարող է ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող ընտանիքի որեւէ անդամի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների կողմից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, անձնական պատճառների հիման վրա, անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը:

Հոդված 14.
Ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոն

Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնը (այսուհետ`Ժամանակավոր տեղավորման կենտրոն) հատուկ հաստատություն է, որտեղ  լիազոր մարմինը տեղավորում է ապաստան հայցողներին մինչեւ  նրանց  ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

ԳԼՈՒԽ 2.

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15.
Ապաստան հայցողների եւ փախստականների հիմնական իրավունքները եւ պարտականությունները

1. Ապաստան հայցողները եւ փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ, եթե սույն Օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 16.
ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունքը

1. Ապաստան հայցողները եւ փախստականները իրավունք ունեն ցանկացած պահի դիմել ՄԱԿ ՓԳՀ-ին:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են  ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին եւ փախստականներին տեղեկացնել  այս իրավունքի մասին:

Հոդված 17.
Ազատումը բացառիկ միջոցառումներից

Այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ այլ պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր լինելով այլ երկրի քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում ապաստան են ստացել:

Հոդված 18.
Անձնական օրենքը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների անձնական օրենքը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Այլ երկրում ապաստան ստացած փախստականի անձնական օրենքը որոշվում է  նրան ապաստան տրամադրած երկրի օրենսդրությամբ:

3. Փախստականի  անձնական կարգավիճակից բխող  նախկինում ձեռք բերված, մասնավորապես, ամուսնության հետ կապված իրավունքները, հարգվում են  Հայաստանի Հանրապետության   պետական մարմինների կողմից:

Հոդված 19.
Սեփականության իրավունքը

1. Ապաստան հայցողները եւ փախստականները շարժական գույքի ձեռքբերման,  տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության  հետ կապված, ինչպես նաեւ գույքային այլ իրավահարաբերություններում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նույն իրավունքներից:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման, տնօրինման, տիրապետման, օգտագործման, ինչպես նաեւ սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված իրավահարաբերություններում, արժանանում են ոչ պակաս բարեհաճ վերաբերմունքի, քան այն,  որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա քաղաքացիների համար:

Հոդված 20.
Մտավոր սեփականության իրավունքները

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին մտավոր սեփականության` գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, ինչպես նաեւ գրականության, արվեստի եւ գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ  տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների պաշտպանության հարցում այլ երկրում ապաստան ստացած փախստականները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են  նույն պաշտպանությունից, ինչ տվյալ փախստականին ապաստան տված երկրի քաղաքացիները:

Հոդված 21.
Վարձատրվող աշխատանքի իրավունքը

Ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանք փնտրել եւ աշխատել նույն պայմաններով, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 22.
Ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

Հոդված 23.
Սոցիալական ապահովության եւ բժշկական օգնության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրութամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար  սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալ պետական նպաստներ եւ դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների  եւ մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, ինչպես նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրութամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկութան դեպքում սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրութամբ սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Հոդված 24.
Կացարանի իրավունքը

1. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լիազոր մարմնին դիմած ապաստան հայցողները եւ սույն օրենքի 7-րդ հողվածի 1-ին եւ 3-րդ մասերում սահմանված նրանց ընտանիքի անդամները (այսուհետ` ապաստան հայցողի ընտանիքի անդամներ)  պետական լիազոր մարմնի կողմից տեղավորվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեք անգամ սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ եւ կոշիկ (այսուհետ` կենսապահովության պայմաններ):
Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման եւ կենսապահովության պայմանների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, ապաստանի դիմումը հաշվառելուց հետո ապաստան հայցողները կամ կարող են շարունակել մնալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ բնակվել այլ վայրում իրենց սեփական միջոցներով:

3. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմնին դիմած ապաստան հայցողները եւ  ապաստան հայցողի ընտանիքի անդամները, լիազոր մարմնի կողմից  տեղավորվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց սույն հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվում են  կենսապահովման պայմաններ`  մինչեւ  իրենց  դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:
Ապաստանի մերժում ստացած փախստականներին լիազոր մարմինը կարող է թույլատրել շարունակել բնակությունը ժամանակավոր տեղավորման կենտրոնում մինչեւ նրանք լքեն Հայաստանի Հանրապետությունը կամ ապաստան ստանան սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Հոդված 25.
Հանրային կրթությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար հիմնական ընդհանուր կրթության իրավունք:

2. Ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման եւ կրթաթոշակների շնորհման հարցերում  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն  ունեն օտարերկրյա քաղաքացիներին հավասար իրավունքներ:

Հոդված 26.
Վարչական օժանդակությունը

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի կողմից որեւէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է, որպեսզի օտարերկրյա պետության իշխանությունները, որոնց փախստականը չի կարող դիմել, տրամադրեն նրանց փաստաթղթեր կամ վկայագրեր, ապա ՄԱԿ ՓԳՀ-ն նրանց տրամադրում է նման փաստաթղթեր կամ վկայագրեր:

2. Նման ձեւով փախստականներին տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր: Դրանք ճանաչվում են Հայաստանի Հանրապետության  բոլոր պետական մարմինների եւ դատարանի կողմից եւ, հակառակ ապացույցների բացակայության դեպքում, արժանանում են վստահության:

3. Այն դեպքում երբ պահանջվում է ապաստան հայցողի կամ փախստականի կողմից ներկայացված փաստաթղթերի օրինականության եւ գործողության ժամկետների ստուգում,  լիազոր մարմինը սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության միջոցով իրականացնում է  այդ ստուգումները:

Հոդված 27.
Տեղաշարժի ազատությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները, ինչպես նաեւ ապաստան հայցողները եւ սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում սահմանված նրանց ընտանիքի անդամները, ովքեր դիմում են  լիազոր մարմնին, սույն Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց բնակության վայրի ընտրության եւ պետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունքի առումով օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքներից:

2. Հայաստանի Հանրապետությունում սույն Օրենքի 47-րդ  հոդվածի 2-րդ  մասի համաձայն լիազոր մարմնին դիմած եւ ապաստան չստացած փախստականները, ինչպես նաեւ ապաստան հայցողների եւ սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում սահմանված նրանց ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի նկատմամբ կարող են կիրառվել ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ:

Հոդված 28.
Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելը

1. Ապաստան հայցողները եւ փախստականները Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի::

2. Այն դեպքում, երբ ապաստան հայցողը դիտավորյալ չի համագործակցում սույն Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ուշացնում է անձը հաստատող վկայականի վավերականության ժամկետի երկարաձգումը կամ չի ենթարկվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղաշարժի սահմանափակումներին, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 29.
Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին եւ նրա ընտանիքի անդամներին, սույն Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ապաստանի հայց ներկայացնելուց հետո, անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի  մինչեւ 16 տարեկան անդամների  մասին տեղեկությունները  զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ  խնամակալների անձը հաստատող վկայականներում: Առանց ուղեկցողի եւ /կամ/ ընտանիքից անջատված մինչեւ 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է առանձին անձը հաստատող վկայական:

2. Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով եւ մինչեւ ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը լիազոր մարմնի կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

3. Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն իրավունք է տալիս ապաստան հայցողին ընտրել բնակության վայր ցանկացած բնակավայրում սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  տեղաշարժի ազատության սահմանափակումների ենթակա  ապաստան հայցողների:

4. Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում`  լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները  սույն օրենքի 58-րդ  հոդվածի 2-րդ մասի համաձայն շարունակում են պահել իրենց տրամադրված անձը հաստատող վկայականը:

5. Անձը հաստատող վկայականի կորստի, կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը, գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է նոր անձը հաստատող վկայական` նախորդ  վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու եւ ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

Հոդված 30.
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանդիսանում է փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթ: Այն նաեւ հիմք է հանդիսանում փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար:

2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին  սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Մինչեւ 16 տարեկան փախստականի տվյալները ընդգրկվում են իր ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում: Մինչեւ 16 տարեկան առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս փախստականներին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու առանց խնամակալի:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա լիազոր մարմինը յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարացնում է եւս երկու տարով: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնում է վավերականությունը ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը, սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում կայացնելուց մեկ շաբաթ հետո:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում լիազոր մարմինը, գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, փախստականին  տրամադրում է նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ` նախորդ  փաստաթղթի  վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում  լիազոր մարմինը փախստականին տրամադրում է նրա փախստական լինելու եւ  կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանվում է ՀՀ կառավարության  կողմից` Կոնվենցիայի հավելվածին համապատասխան:

Հոդված   31.
Պետական եւ ոչ պետական մարմինների կողմից ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների երաշխավորումը

1. Ապաստան հայցողների եւ փախստականների սույն օրենքով, ինչպես նաեւ ՀՀ այլ օրենքներով եւ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքները հարգվում են ՀՀ պետական եւ ոչ պետական բոլոր մարմինների կողմից:

2. Սույն օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածների  համաձայն ապաստան հայցողներին եւ փախստականներին տրված անձը հաստատող փաստաթուղթը հիմք է նրանց Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված իրավունքներից օգտվելու համար:

3. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աջակցում է ապաստան հայցողներին եւ փախստականներին` այլ մարմինների հետ հարաբերություններում նրանց` սույն օրենքով, ինչպես նաեւ ՀՀ այլ օրենքներով եւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով տրված բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:

ԳԼՈՒԽ 3.

ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32.
Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման եւ սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

2) լիազոր մարմինը,

3) ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը, այդ թվում` սահմանապահ զորքերը,

4) ոստիկանությունը,

5) արտաքին գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին),

6) աշխատանքի եւ սոցիալական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին),

7) կրթության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին),

8) առողջապահության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին),

9) խնամակալության  եւ հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնակալության մարմիններ),

10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Երեխաների պաշտպանության բաժիններ),

11) Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մարմինները (այսուհետ` Այլ մարմիններ).

2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից  ապաստանի շնորհումը պետք է դիտվի ՀՀ շահերի ներքո եւ սույն օրենքի կամ ՀՀ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ այլ օրենսդրական ակտերի  կիրառման ընթացքում, որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվի նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

Հոդված 33.
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1. ընդունում եւ հաստատում է սույն օրենքով կառավարության իրավասությանը  վերապահված ընթացակարգերը, կարգերը եւ որոշումները,

2. Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի նախագծում նախատեսում է սույն օրենքով նախատեսված միջոցառումների կատարման համար ֆինանսական միջոցների չափերը,
ստեղծում է սույն օրենքով սահմանված ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնը, սահմանում է այդ կենտրոնի գործունեության եւ պահպանման կարգը,

3. հաստատում է ապաստան հայցողների եւ փախստականների սույն օրենքով սահմանված անձը հաստատող, ինչպես նաեւ փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթերի ձեւերը եւ տրման կարգը:

Հոդված 34.
Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

Լիազոր մարմինը`

1. իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ եւ իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը,

2. իրականացնում է ապաստանի հայցին առնչվող սույն օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն,

3. անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին`  Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով,

4. անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության, Արտաքին գործերի հարցերով  լիազոր մարմիններին, ինչպես նաեւ Ոստիկանությանը` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով,

5. սույն օրենքով սահմանված կարգով վերջնական մերժում ստացած ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկացնում է Ոստիկանությանը,

6. իր իրավասությունների լիարժեք իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ  հոդվածով սահմանված պետական  մարմինների  եւ  ՄԱԿ ՓԳՀ-ի  հետ,

7. ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների եւ ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն`  այդ թվում`  ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաեւ հաշվառման վերցված  ապաստան հայցողների եւ  փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների եւ փախստականների ապաստան հայցողի  կամ փախստականի  համաձայնությամբ, նրանց անձնական գործերը,

8. առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես  դիմում է  աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) երեխաների պաշտպանության բաժիններին` առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս եւ հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով,

9. իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

Հոդված 35.
Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնը` լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս  ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում, ինչպես նաեւ  տալիս է եզրակացություն ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին:

2. Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայցողների բոլոր փաստաթղթերը սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ.

1) Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած եւ սույն օրենքի 46 հոդվածի համաձայն ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին`  իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի եւ սույն օրենքի 47 հոդվածով սահմանված ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին:

2) Հայաստանի Հանրապետություն անօրինականորեն (սահմանային ռեժիմի խախտումով) մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը եւ սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաեւ ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին եւ Ոստիկանությանը: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչեւ 72 ժամ պահել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում:

Հոդված 36.
Ոստիկանության լիազորությունները

Ոստիկանությունը`

1. ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով  այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու   կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է  սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու  հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում,

2. լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում,

3. ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմաբ չի գործում սույն օրենքի 9-րդ  հոդվածով սահմանված «չվերադարձելիության սկզբունքը»:

Հոդված 37.
Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմինը` լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում:

2. ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները  վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը եւ ակտերը, որոնք կազմվել են իրենց  հյուպատոսական տարածքների իրավասու մարմինների կողմից: Հյուպատոսական ծառայությունները նաեւ աջակցում են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 38.
Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների  սույն օրենքի 21-րդ  եւ 23-րդ  հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

2. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա,  համագործակցելով Խնամակալության մարմինների եւ Մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) երեխաների պաշտպանության բաժինների հետ,  կազմակերպում է առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

Հոդված 39.
Կրթության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Կրթության հարցերով լիազոր մարմինը` միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների  սույն օրենքի  25-րդ  հոդվածով սահմանված կրթության իրավունքի իրացման ուղղությամբ:

2. Խնամակալության մարմնի դիմումի հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների եւ ապաստան ստացած փախստականների կրթական հաստատություն ընդունելու  հարցը:

Հոդված 40.
Առողջապահության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Առողջապահության հարցերով լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների  սույն օրենքի 23-րդ  հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

2. Առողջապահության հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա ապահովում է ապաստան հայցողների անվճար բժշկական զննումը, կանխարգելիչ եւ անհրաժեշտության դեպքում սահմանափակող միջոցառումների իրականացումը:

Հոդված 41.
Խնամակալության մարմինների լիազորությունները

Խնամակալության մարմինները Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմնի կամ համապատասխան մարզպետարանի(Երեւանի քաղաքապետարանի) Երեխաների պաշտպանության բաժինների միջնորդության հիման վրա իրենց համայնքի տարածքում  կազմակերպում են առանց ուղեկցողի  կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների համար խնամակալի  / կամ հոգաբարձուի նշանակումը:

Հոդված 42.
Երեխաների պաշտպանության բաժինների իրավասությունները

Մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) երեխաների պաշտպանության բաժինները  սույն օրենքի 34-րդ  հոդվածի 8-րդ մասում, ինչպես նաեւ 38-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերում, համագործակցելով Խնամակալության մարմինների հետ,  կազմակերպում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս  ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

Հոդված 43.

Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մարմինների լիազորությունները

Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները պարտավոր են   Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծել Հայաստանի  Հանրապետությունում ապաստան հայցողների եւ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների  սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով իրենց իրավասություններին հանձնված  ցանկացած  խնդիր:

Հոդված 44.
ՄԱԿ ՓԳՀ-ի  լիազորությունները

1. ՄԱԿ ՓԳՀ-ն  փախստականների եւ ապաստանի հարցերով իրավասու բոլոր մարմինների կողմից օժտվում է լայն օժանդակությամբ եւ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայի եւ վերջինիս 1967թ.  արձանագրության կիրառումը վերահսկելու համար:

2. ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ներառյալ ձերբակալված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ազատազրկված ապաստան հայցողների կամ փախստականների հետ, ինչպես նաեւ մասնակցել սույն օրենքի 51-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն լիազոր մարմնում ապաստան հայցողների հետ անցկացվող հարացազրույցներին:

3. ՄԱԿ ՓԳՀ-ն լիազոր մարմնին, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ  հոդվածում  թվարկված մարմիններին տրամադրում է փախստականների եւ ապաստանի վերաբերյալ վերջիններիս իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, իրակացնում է վերապատրաստման դասընթացներ, ներկայացնում է առաջարկություններ առանձին ապաստան հայցողների եւ փախստականների խնդիրների լուծման, ինչպես նաեւ սույն օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 4.

ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 45.
Ապաստանի տրամադրման ընթացակարգ

1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման վարչական վարույթը:

2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, եթե սույն օրենքով այլ բան չի նախատեսված:

Հոդված 46.
Ապաստանի խնդրանք

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում սույն Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմիններին:

2. Ապաստանի խնդրանքը ներկայացվում է անձամբ, սույն Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստան հայցողի կողմից, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում նշված ընտանիքների կողմից ապաստան հայցելու դեպքում նաեւ սույն Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընտանիքի որեւէ անդամի կողմից:

3. Ապաստանի խնդրանքն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու ցանկությունը: Ապաստանի խնդրանքը պետք է նաեւ ներառի անձի եւ ընտանիքի բոլոր ուղեկցող անդամների մասին անձնական տվյալներ, ինչպես նաեւ ծագման երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղեւորության նկարագրությունը:

4. Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանությունը հարցազրույց են անցկացնում ապաստան հայցողի հետ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար եւ ապաստանի խնդրանքը գրանցում են համապապատասխան գրանցամատյանում:

Գրանցամատյանի ձեւը հաստատվում է Սահմանապահ զորքերի, Ոստիկանության եւ Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի համատեղ որոշմամբ:

Հարցազրույցը գրավոր արձանագրվում է ապաստանի խնդրանք ստացած մարմինների կողմից, ապա գրավոր ներկայացված ապաստանի խնդրանքի հետ միասին, եթե այդպիսին կա, փոխանցվում է լիազոր մարմնին, իսկ պատճենները մնում են վերը նշված   մարմինների մոտ:

5. Եթե ապաստան հայցողը եւ սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում սահմանված ուղեկցող ընտանիքի անդամներն ունեն վավեր ճամփորդական փաստաթուղթ եւ մուտքի վավեր թույլտվություն, ապա Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները տեղեկացնում են նրանց` լիազոր մարմնին ապաստանի դիմում ներկայացնելու մասին:

6. Ապաստան հայցողը եւ սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում սահմանված ուղեկցող ընտանիքի անդամները վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում, սահմանապահ զորքերի կողմից կարող են պահվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում` մինչեւ 72 ժամ տեւողությամբ, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն: Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի գործողության դեպքում այդ նույն  մասով սահմանված մարմինները ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին` վերջինիս ներկայացուցիչներին տրամադրելով ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` նրանցից ապաստանի դիմումը վերցնելու, ապաստանի տրամադրման հարցով վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ Ժամանակավոր տեղավորման կենտրոն նրանց տեղափոխումը հեշտացնելու եւ կացության կարգավիճակը կարգավորելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցներն ունեն ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք:

8. Ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ապաստանի խնդրանք ներկայացրած վայրից լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխվելու ծախսերն ինքնուրույնաբար հոգալու դժվարությունների կամ անհնարինության դեպքում, Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանության մարմինները այդ մասին անհապաղ տեղեկացնում են լիազոր մարմնին: Վերջինս կազմակերպում է ապաստան հայցողին եւ նրա ընտանիքին  լիազոր մարմնի կենտրոնական նստավայր տեղափոխելը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով  հասարակական կազմակերպությունների  եւ  ՄԱԿ ՓԳՀ  հետ:

9Սահմանապահ զորքերը կամ Ոստիկանությունը պետք է տեղեկացնեն ապաստան հայցողին եւ նրա ընտանիքի անդամներին նրանց իրավունքների եւ պարտականությունների մասին եւ մասնավորապես ՄԱԿ ՓԳՀ դիմելու մասին:

Հոդված 47.
Ապաստանի դիմում

1. Հայաստանի Հանրապետության  տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմնին  եւ անմիջապես ներկայացնում են ապասատնի դիմումը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրեենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր, ապաստան ստանալու մտադրություն ունեն կամ անմիջապես դիմում են լիազոր մարմնին եւ ներկայացնում են ապասատնի դիմումը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրեենքի 46-րդ հոդվածի 5-7-րդ մասերում սահմանված  կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դեպքում, երբ ապաստանի դիմումը անմիջապես ներկայացվում է լիազոր մարմնին, վերջինս ապաստանի դիմումը վերցնելուց հետո տեղեկացնում է Ոստիկանությանը` սույն Օրենքի 46-րդ  հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում վերջինիս համար սահմանված լիազորության իրականացումն ապահովելու նպատակով: Ոստիկանության կողմից ապաստան հայցողին ժամանակավոր ձերբակալելու դեպքում լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն  ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` ապաստանի տրամադրման նպատակով  հարուցված վարչական վարույթը շարունակելու, ինչպես նաեւ նրանց կացության կարգավիճակի կարգավորումը հեշտացնելու նպատակով:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստանի դիմումը ապաստան հայցողի կողմից գրավոր ներկայացվում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ ՄԱԿ-ի  լեզուներից մեկով:

5. Ապաստան հայցող ընտանիքների դեպքում, սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում սահմանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապաստանի հայցը, սույն Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,  կամ ներառվում է ընտանիքի որեւէ  անդամի կողմից տրված ապաստանի միասնական դիմումում, կամ էլ ներկայացվում է անհատական դիմումով: Ընտանիքի այլ անդամի կողմից տրված դիմումում ներառվելու վերաբերյալ համաձայնությունը գրանցվում է լիազոր մարմնի կողմից եւ վավերացվում համապատասխան ապաստան հայցողի ստորագրությամբ:

6. Ապաստան հայցողն  իր դիմումում, մանրամասն ներկայացնում է  Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցելու պատճառները եւ հիմնավորում է հնարավոր հետապնդվելու երկյուղը կամ ինչպես նշված է սույն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացնում է այն հարկադրող պատճառները, որոնց հետեւանքով  նա լքել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկիրը:

7. Լիազոր մարմինն օգնում է ապաստան հայցողին ապաստանի դիմումը լրացնելու գործում `  անհրաժեշտության դեպքում նրան անվճար տրամադրելով  թարգմանիչ, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` օգնում է նրան կապ հաստատել  փաստաբանի կամ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ:

8. Սույն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասում նշված առանց ուղեկցողի եւ /կամ/ընտանիքից անջատված անչափահաս անձի ապաստան հայցելու դեպքում, լիազոր մարմինը աջակցում է խնամակալի նշանակում հարցում` սույն Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նշանակված խնամակալը մասնակցում է լիազոր մարմնի եւ այլ մարմինների կողմից ապաստանի դիմումի քննարկմանն, ինչպես նաեւ  փախստականի ճանաչման եւ  ապաստանի  տրամադրման ուղղությամբ հարուցված վարույթով նախատեսված հետագա բոլոր իրավահարաբերություններում:

Հոդված 48.
Ապաստանի դիմումների հաշվառումը լիազոր մարմնում

1. Ապաստանի դիմումն ընդունելուն եւ հաշվառելուն պես՝ լիազոր մարմինը հաշվառում է ապաստան հայցողին պետական լիազոր մարմնի տեղեկատվական բանկում եւ բացում է ապաստան հայցողի անհատական գործ: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերում սահմանված ընտանիքի անդամները եւ խնամքի տակ գտնվող այլ անձինք, ովքեր, գտնվում են Հայաստանի Հանրապետության  տարածքում եւ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկանում են դիմել ապաստանի համար` առանց ապաստանի անհատական դիմում ներկայացնելու, գրանցվում են  անհատական ընթացակարգով դիմում ներկայացրած ապաստան հայցողի հետ միասին եւ ընդգրկվում են նրա համար բացված գործի մեջ:

2. Ընտանիքի անդամները եւ խնամքի տակ գտնվող այլ անձինք, ովքեր, սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ապաստանի անհատական դիմում են ներկայացրել, գրանցվում են որպես անհատներ եւ նրանցից յուրաքանչյուրի համար  բացվում է  անհատական գործ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն որպես  ապաստան հայցող գրանցված անձը տեղեկացվում է  հաշվառման ընթացքում իր կողմից հայտնած տեղեկությունների,  մասնավորապես իր հասցեի որեւէ փոփոխության մասին լիազոր մարմնին անմիջապես հայտնելու պարտավորության, այդ պարտավորությունը չկատարելու դեպքում սույն օրենքի 55-րդ  հոդվածով  սահմանված իրավական հետեւանքների,   ինչպես  նաեւ այն մասին, որ սույն Օրենքի նույն  հոդվածի համաձայն, լիազոր մարմինը կարող է դադարեցնել դիմումի հետագա քննարկումը, եթե ապաստան հայցողի կողմից սույն  կետում սահմանված կարգը  չպահպանելու պատճառով, չի կարողանում կապ հաստատել  վերջինիս հետ:

4. Ապաստան հայցողի դիմումը հաշվառելիս եւ վերջինիս վերաբերյալ առանձին գործ կազմելիս լիազոր մարմինը սույն Օրենքի 29-րդ  հոդվածի համաձայն ապաստան հայցողին, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներին եւ  խնամքի տակ գտնվող անձանց տրամադրում է ապաստան հայցողների անձը հաստատող անհատական փաստաթուղթ, ինչպես նաեւ սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարցազրույցի անցկացման մասին ծանուցագիր:

Հոդված 49.
Խորհրդատվություն

1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն ապաստանի դիմումն ընդունելիս, հաշվառելիս  եւ համապատասխան գործ կազմելիս լիազոր մարմինը ապաստան հայցողին անվճար խորհրդատվություն է տրամադրում նրա իրավունքների եւ պարտավորությունների մասին  :

2. Խորհրդատվության միջոցով ապաստան հայցողին տեղեկացվում է սույն օրենքի 3-րդ գլխում սահմանված մարմինների հետ նրա համագործակցելու պարտավորության մասին, մասնավորապես ապաստան հայցողը պարտավորվում է`

1)տրամադրել բանավոր եւ գրավոր անհրաժեշտ եւ լիարժեք տեղեկատվություն համապատասխան մարմիններին,

2)պահպանել լիազոր մարմնին տեղեկացնելու պաշտոնապես ընդունված վերջնաժամկետները եւ կարգերը,

3) ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմել լիազոր մարմնին` այն երկարացնելու համար, այլապես  ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրանալու դեպքում նա հայտնվելու է անօրինական կարգավիճակում,

4)լիազոր մարմնին ներկայացնել ապաստանի տրամադրաման ընթացակարգի համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող իր ունեցած բոլոր փաստաթղթերը:

3. Ապաստան հայցողը տեղեկացվում է, որ պետական մարմինների հետ  ոչ պատշաճ համագործակցության կամ կեղծ տեղեկություններ  տրամադրելու դեպքում նրա ապաստանի դիմումը կարող է մերժվել, ինչպես նաեւ   սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված  պարտականությունը չկատարելու դեպքում, նա օրենքով սահմանված կարգով կարող է ենթարկվել տուգանքների:

4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով թարգմանիչ եւ փաստաբան վարձելու եւ նրանց հետ հարցազրույցի գալու, ինչպես նաեւ  սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ կին ապաստան հայցողի ցանկության դեպքում` կին թարգմանչի  ծառայությունից անվճար օգտվելու իր  իրավունքի մասին:  Ապաստան հայցողին հիշեցվում է նաեւ ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու նրա իրավունքի մասին:

Հոդված 50.
Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների երաշխիքները

1. Առանց ուղեկցողի կամ  ընտանիքից անջատված անչափահաս  ապաստան հայցողի(ների) (այսուհետ` առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցող(ներ)) դեպքում լիազոր մարմինն անմիջապես տեղեկացնում է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմնին` առանց ուղեկցողի անչափահաս  ապաստան հայցողներին խնամակալ/հոգաբարձու նշանակելուն աջակցելու նպատակով:

2. Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը Երեխաների պաշտպանության մարզային (Երեւանի քաղաքապետարանի) բաժինների հետ համատեղ նախաձեռնում է առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողներին տեղավորելու եւ խնամակալ նշանակելու գործընթացը:

3. Երեխային տեղավորելիս ՀՀ Խնամակալության մարմինները պետք է ապահովեն մեկ ընտանիքի անդամ հանդիսացող  անչափահաս ապաստան հայցողների համատեղ բնակությունը` ելնելով  երեխաների շահերի պաշտպանությունից:

4. Խնամակալը(ները) պարտավոր է(են) ապաստանի ընթացակարգի ընթացքում  պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի անչապահաս ապաստան հայցողի(ների) շահերը:

5. Լիազոր մարմինը չպետք է նախաձեռնի ապաստանի ընթացակարգի որեւէ քայլ առանց խնամակալի ներգրավման եւ պետք է ապահովի, որ հարցազրույցը անցկացվի սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով` վերջինիս ներկայությամբ եւ այն անցկացնող պաշտոնյան պետք է տիրապետի անչափահասների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին:

6. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողի ապաստանի ընթացակարգում ընդգրկված բոլոր պաշտոնյաները իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից:

Հոդված 51.
Հարցազրույց

1. Յուրաքանչյուր ապաստան հայցող, բացառությամբ սույն օրենքի 13–րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անհատական ապաստանի դիմում ներկայացնելուց հրաժարված ընտանիքի անդամների, պետք է մասնակցի լիազոր մարմնի կողմից անցկացվող հարցազրույցին: Լիազոր մարմինը կարող է ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշում կայացնել  առանց  հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար:

2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ապաստան հայցողները ապաստանի դիմումի գրանցման օրվանից երեք օրվա ընթացքում գրավոր ծանուցագրով տեղեկացվում են հարցազրույցի մասին: Ծանուցագիրը պետք է ներառի հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի եւ հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը պետք է հաստատի իր ստորագրությամբ: Ծանուցագրի եւ ստացականի պատճենները պահվում  են ապաստան հայցողի անհատական գործում:

3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցի(ների) կողմից, ով(ովքեր)  կազմում է(են)  հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը, որն ստորագրվում է ապաստան հայցողի կողմից: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրել արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն եւ կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:

4. Եթե ապաստան հայցողը չունի հայերեն լեզվի բավարար իմացություն, ապա պետական լիազոր մարմինը նրան  տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապասստան հայցողը կարող է նաեւ օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:

5. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողը իր միջոցների հաշվին կարող է ներկայացվել իր փաստաբանի կողմից, որին տրամադրվում է ապաստան հայցողի անձնական գործին եւ նրա վերաբերյալ ցանկացած տեղեկություններին անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի  ներկայությունը սակայն չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:

6. Կին ապաստան հայցողի հետ հարցազրույցը, վերջինիս ցանկությամբ,  անցկացնում է լիազոր մարմնի կին աշխատակիցը` անհրաժեշտության դեպքում  կին թարգմանչի միջոցով:

7. Ապաստան հայցողը պետք է ներկայացնի հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք հանդիսացած փաստերը եւ տրամադրի անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաեւ իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն:

8. Հարցազրույցի ընթացքում  ստացված տեղեկությունները «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խորհրդապահական տեղեկություններ են եւ ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին:

Հոդված 52.
Լիազոր մարմնի կողմից որոշման ընդունումը

1. Լիազոր մարմինը անհատական ապաստանի դիմումի հետ կապված հավաքում է ապաստան հայցողի կամ ցանկացած այլ շահագրգռված կողմի տրամադրած բոլոր տեղեկությունները եւ դրանք սահմանված ձեւով զետեղում  է տվյալ ապաստան հայցողի անհատական գործի մեջ:

2. Լիազոր մարմինը` սկսված վարչական վարույթի շրջանակներում մինչեւ ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելը, ապաստան հայցողի հետ անցկացնում է հարցազրույց, ստուգում է ներկայացված տվյալները եւ լրացնում է գործի համար անհրաժեշտ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված  փաստաթղթերը:

3. Լիազոր մարմինը որոշումը կայացնում է՝ հիմնվելով անհատական գործում եղած տեղեկությունների, ծագման երկրի մասին առկա տեղեկությունների, ինչպես նաեւ սույն Օրենքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ հոդվածներով սահմանված «փախստականի» հասկացության եւ “չվերադարձելիության սկզբունքի” հիման վրա` անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բացառման հիմքերը:

4. Լիազոր մարմնի համար ապացույների անբավարար լինելը չի կարող հիմք լինել որոշում չկայացնելու կամ մերժման որոշում կայացնելու համար:  Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են  հօգուտ ապաստան հայցողի:

5. Լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստական ճանաչելու մասին որոշումը ներառում է նաեւ  ապաստան հայցողին  Հայաստանի Հանրապետությունում  ապաստան շնորհվելու կամ մերժելու մասին որոշումը: Լիազոր մարմինը  կարող է մերժել ապաստանի տրամադրումը միայն սույն Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ պարտավոր է ապաստան հայցողին գրավոր իրազեկել ապաստան չտրամադրելու պատճառների մասին:

6. Կոնվենցիան ստորագրած որեւէ պետության կողմից արդեն փախստական ճանաչված ապաստան հայցողի վերաբերյալ լիազոր մարմինը կայացնում է միայն փախստականին ապաստան տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշում:

7. Ապաստան հայցողին փախստական չճանաչելու մասին լիազոր մարմնի գրավոր որոշումը ներառում է նաեւ ապաստանի դիմումը մերժելու պատճառների նկարագրությունը, ինչպես նաեւ սույն Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքի կիրառելիության հնարավորությունը, մասնավորապես անձին իր ծագման կամ որեւէ այլ երկիր վտարելու թույլատրելիությունը:

8. Լիազոր մարմնի կայացրած որոշումը որոշման կայացման օրվանից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում  ուղարկվում է ապաստան հայցողին:  Որոշմանը կից տրվում է նաեւ  գրավոր ծանուցում, որը պարունակում է ապաստան հայցողի հետագա գործողությունների նկարագրությունը, մասնավորապես` դրական որոշման դեպքում պարունակում է տեղեկություններ  Հայաստանի Հանրապետությունում նրա հետագա կացության հարցերը կարգավորող օրենսդրության մասին, իսկ բացասականի դեպքում`  անհրաժեշտ տեղեկություններ  որոշումը  բողոքարկելու  մասին:

Հոդված 53.
Բացառման, դադարեցման եւ չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

1. Այն դեպքերում երբ առկա են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված բացառման կամ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու պատճառներից որեւէ մեկը, լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցման  կամ  չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի նկատմամբ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերը իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համաձայն, ներառյալ հարցազրույցի իրավունքը եւ լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերի ընթացքում լիազոր մարմինը չպետք է վերանայի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված «փախստական» հասկացության չափանիշների կիրառելիությունը, այլ  որոշումը կայացնելիս հիմք ընդունի սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված "վերադարձելիության սկզբունքը":

4. Հայաստանի Հանրապետոթյունում ապաստան ստացած փախստականը, ում նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը, ամբողջությամբ օգտվում է
Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի իրավունքից:

5. Սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված բացառման պատճառներից որեւէ մեկի ակնհայտ առկայության դեպքում լիազոր մարմինը բացառման հարցը քննարկում է  սույն գլխում սահմանված ապաստանի  բացառման ընթացակարգով: Ապաստան հայցողի դեպքում լիազոր մարմինը, մինչեւ բացառման հիմքերի որոշելը, հաշվի է առնում  սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Հոդված 54.
Ընտանիքի վերամիավորման ընթացակարգ

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում թվարկված ընտանիքի անդամները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել փախստական կամ ապաստան ստանալ, նույնիսկ եթե գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս եւ մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում  փախստական ճանաչված եւ ապաստան ստացած  իրենց ընտանիքի անդամին, դիմում են համապատասխան երկրում գտնվող  ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ  եւ հյուպատոսական հիմնարկներ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը եւ հյուպատոսական հիմնարկը  գրանցում է  նրանց դիմումը եւ ուղարկում է լիազոր մարմին:

Այն դեպքերում, երբ տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, ովքեր բնակվում են ՀՀ սահմանից դուրս եւ մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են ներկայացնում  առավել մոտ գտնվող երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ  եւ հյուպատոսական հիմնարկներ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով:

3. Լիազոր մարմինը, համագործակցելով  ՀՀ Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, ստուգում է ապաստան հայցողների կողմից տրամադրված տեղեկատվության` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի  պահանջներին համապատասխանության մասին:

4. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված են, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ եւ 53-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված կարգով որոշում է կայացնում այդ անձանց փախստական ճանաչելու  եւ ապաստան տրամադրելու մասին`  ՀՀ Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում  ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը եւ հյուպատոսական հիմնարկին,  որի հիման վրա էլ վերջինս  ապաստան ստացած ընտանիքի անդամներին տրամադրում է  Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն (վիզա): ՀՀ ժամանելուն պես լիազոր մարմինը այս անձանց տրամադրում է կոնվենցիոն Ճամփորդական փաստաթուղթ:

5. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ սույն հոդվածի  3-րդ մասի պահանջները բավարարված չեն, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընդունում է ապաստանի դիմումը մերժելու մասին  որոշում`  ՀՀ Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը եւ հյուպատոսական հիմնարկին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է ապաստանի դիմում  ներկայացրած անձանց:  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կարող է բողոքարկել լիազոր մարմնի որոշումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 55.
Ապաստանի հայցի վերաբերյալ սկսված գործընթացի կասեցումը, կարճումը եւ վերսկսումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է ապաստան տրամադրելու  գործընթացը, եթե`

1) ապաստան հայցողը, առանց հիմնավորված պատճառի, չի ներկայանում հարցազրույցի սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ծանուցագրի համաձայն, կամ հրաժարվում է համագործակցել լիազոր մարմնի հետ` նրա ապաստանի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում,

2) ապաստան հայցողը սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծանուցագիրն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում, չի ներկայանում լիազոր մարմին:

2. Ապաստանի տրամադրման գործընթացը  կարող է վերսկսվել, եթե տվյալ օտարերկրացին ապաստանի տրամադրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գրավոր ձեւով դիմում է լիազոր մարմնին` հիմնավորելով վերջինիս հետ չհամագործակցելու պատճառները:

3.  Լիազոր մարմինը կարճում է ապաստանի տրամադրման գործընթացը, եթե`

1) ապաստան հայցողը գրավոր ձեւով հրաժարվում է իր կողմից լիազոր մարմնին ներկայացրած ապաստանի հայցից,

2) վարչական վարույթը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, կասեցնելուց հետո ապաստան հայցողը վարույթի կասեցման մասին որոշումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացնում լիազոր մարմնի հետ չհամագործակցելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմնավորումը,

3) գոյություն ունի միեւնույն ապաստան հայցողի միեւնույն հիմքերով ապաստանի հայցի վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:

4. Ապաստանի ընթացակարգի կասեցման կամ կարճման մասին որոշումը ուղարկվում է ապաստան հայցողին սույն օերնքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով երեք օրվա ընթացքում:

Հոդված 56.
Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի եւ վարույթի արդյունքում ընդունած որոշման մասին ծանուցելը

1. Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն լեզվով կամ ապաստան հայցողին հասկանալի լեզվով եւ ուղարկվեն լիազոր մարմնի կողմից:

2. Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը: Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պազվում, լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի  բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին:

3. Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ ապաստանի ընթացակարգի կասեցման եւ կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` ապաստանի հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին եւ ապաստան հայցողը  սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցագիր ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի դիմում լիազոր մարմնին, ապա որոշումը մտնում է օրինական ուժի մեջ:

Հոդված 57.
Ապաստանի հայցի  եւ փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

1. Ապաստան հայցողները եւ փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկել ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի արդյունքում լիազոր մարմնի  կայացրած ցանկացած բացասական որոշում ` որոշման կայացման մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը բաց թողնելուց հետո լիազոր մարմնի կայացրած որոշումը դառնում է վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ ապաստան հայցողից կամ փախստականից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

3. Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները)  վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կողմից կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում,  կարող է բողոք ներկայացնել դատարան:

4. Լիազոր մարմնի բացասական որոշումը պետք է ներառի բողոքարկման իրավունքի եւ բողոքարկման համար սահմանված սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետների, ինչպես նաեւ համապատասխան դատարան դիմելու մասին տեղեկություններ:

5. Լիազոր մարմնի կողմից ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման վերաբերյալ ապաստան հայցողին կամ փախստականին չբավարարող որոշումները համարվում են վերջնական, եթե ապաստան հայցողը, սույն հոդվածի  3-րդ մասում նշված  ժամկետում, բողոք չի ներկայացրել:

Հոդված 58.
Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

1. Լիազոր մարմինը  վերջնական որոշումը կայացնելուց  հետո մեկ շաբաթվա ընթացքում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն Օրենքի 30-րդ  հոդվածի համաձայն:

2. Լիազոր մարմինը երակարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը:  Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականին, սույն օերնքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն:

3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը ցանկացած վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, ում ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որեւէ այլ երկիր` սույն Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 52-րդ հոդվածի 7-րդ մասերում սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության  օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինը պետք է ապահովի, որ Ոստիկանությունը տեղյակ լինի  Հայաստանի  Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների եւ ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության  համապատասխան օրենքների համաձայն:

Հոդված 59.
Ապաստանի դիմումի կրկնական ներկայացումը

1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի համաձայն ապաստանի տրամադրման վերաբերյալ վերջնական բացասական որոշում կայացնելուց, ինչպես նաեւ սույն օրենքի  55-րդ հոդվածի համաձայն ապաստանի գործընթացը կասեցնելուց հետո, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ապաստանի տրամադրման վերաբերյալ կրկին ներկայացրած ցանկացած դիմումի վերաբերյալ հարուցվում է ապաստանի նոր վարույթ, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված ապաստանի տրամադրան կարգի համաձայն: Նման դեպքերում ապաստան հայցողը օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, մասնավորապես սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքը:

2. Լիազոր մարմինը ապաստանի կրկնական դիմումի հիման վրա հարուցված ապաստանի վարույթի ընթացքում եւ հատկապես փախստականի ճանաչման եւ ապաստանի տրամադրման  վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնում  միայն այն իրադարձությունները եւ փաստերը, որոնք ի հայտ են եկել ապաստան հայցողի նախորդ դիմումի քննության ընթացքում ապաստան հայցողի հետ տեղի ունեցած վերջին հարցազրույցից հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ  ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի ընտանիքի անդամներից մեկը անհատական ապաստանի դիմում է ներկայացնում կամ ապաստան հայցողը իր` սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված ապաստանի դիմունի վերաբերյալ վերջնական մերժման որոշումից հետո դիմում է ընտանիքի ապաստան ստանալու համար:

Հոդված 60.
Կամավոր Վերադարձի Ընթացակարգ

1. Ապաստան հայցողները եւ փախստականները կարող են ցանկացած պահի դիմել լիազոր մարմին սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նրանց կամավոր վերադարձին աջակցելու եւ օժանդակելու նպատակով:  Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք   իրենց փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում:

2. Լիազոր մարմինը կամավոր վերադարձին աջակցելու նպատակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ համագործակցում է  ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՄՄԿ) հետ:

3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիզոր մարմնի հետ,  ՀՀ կառավարության սահմանված կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ-միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ  ճամփորդական փաստաթղթերի եւ վիզայի ստացման գործում:

4. Կամավոր վերադարձի համար դիմողը իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահին: Մինչեւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավուքններից առանց որեւէ սահմանափակումի:

5. Կամավոր վերադարձի համար դիմած անձի ՀՀ-ից մեկնելուց հետո, լիազոր մարմինը անձի անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը, ներառյալ ապաստան հայցողը սույն օրենքի 55-րդ հոդված 3-րդ մասով սահմանված կարգով ապաստանի ընթացակարգը դադարեցնելու կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով փախստականի ճանաչումը դադարեցննելու մասին որոշումները:

6. Եթե ապաստան հայցողը կամ փախստականը սույն հոդվածով սահմանված կարգով կամավոր վերդարձել են իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության  երկիր եւ հետագայում կրկին ժամանել են Հայաստանի Հանրապետություն եւ ապաստան հայցում, ապա նրանց հայցը քննվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 61
Ժամանակավոր պաշտպանության մասին որոշման ընդունումը

1. Օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձանց այն խմբերի համար, ովքեր սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պատճառների հետեւանքով լքել են Հայաստանի հետ հարեւան պետությունների տարածքները եւ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ Հայատանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել այդ անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:

2. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշմամբ հստակ սահմանվում է օտարերկրացիների այն խումբը, որոնց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվելու է ժամանակավոր պաշտպանություն:

3. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի 34-37-րդ հոդվածներում նշված պետական մարմինների, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության առաջարկի հիման վրա:

Հոդված 62
Ապաստանի տրամադրումը Ժամանակավոր պաշտպանության դեպքում

1. Հայաստանի Հանրապետության կողմից  Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները  (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) եւս  ճանաչվում են փախստական  եւ ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված  միեւնույն իրավունքներն  ու պարտականությունները:

2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան է շնորհվում  առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված  լիազոր պետական մարմինները  ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ապաստանի անհատական դիմումների ներկայացում եւ վերջիններիս տեղեկացնում են  լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին:

3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպատակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անհատական տվյալները՝ ներառյալ ընտանիքի կազմը:

4. Լիազոր մարմինը եւս ժամանակավոր պաշտպանված անձանցից  չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս  տվյալների համապատասխանությունը  այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին:

5. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնել ապաստանի անհատական դիմում:

6. ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է անհատական ապաստան հայցողներ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն  անհատական ապաստանի ընթացակարգով քննում է վերջինիս նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:

7. Լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է "Ժամանակավոր պաշտպանված անձի" անձը հաստատող փասթաթուղթ, ապա այն փոխանակվում է Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով: Փաստաթղթերի փոխանակման կարգը եւ ժամանակավոր պաշտպանություն շնորհված փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը հաստատում է  ՀՀ կառավարությունը:

Հոդված 63.
Ժամանակավոր պաշտպանության դադարեցումը

1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի ծագման երկրի իրավիճակը նորմալացման հիմնավոր նախադրյալների առկայության կամ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված Հայաստանի Հանարապետության  ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ՀՀ Արտաքին գործերի հարցերով եւ Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինների համատեղ առաջարկով կարող է տվյալ խմբի նկատմամբ դադարեցնել ժամանակավոր պաշտպանությունը:

2. Հայաստանի Հանրապետության կողմից Ժամանակավոր պաշտպանության ստացած խմբի նկատմամբ ժամանակավոր պաշտպանության դադարեցման դեպքում այդ խմբի անդամներն այլեւս չեն օգտվում ժամանակավոր պաշտպանված անձանց համար սահմանված իրավունքներից: Ժամանակավոր պաշտպանությունից զրկված անձինք իրավունք ունեն ներկայացնել  ապաստանի անհատական դիմում, որոնք կքննարկվեն սույն օրենքով սահմանված  ապաստանի անհատական ընթացակարգով:

3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի անդամների փախստականի ճանաչման եւ ապաստանի դադարեցումը, ինչպես նաեւ  չեղյալ հայտարարելը իրականացվում է սույն օրենքով սահմանված անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար նախատեսված ընթացակարգերով:

ԳԼՈՒԽ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 64.
1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց մասին

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձինք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածներ եւ ապաստան ստացածներ, եթե նրանք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են եւ ունեն փախստականի վավեր վկայական եւ նրանց փախստականի ճանաչումը մինչեւ սույն օերնքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել:

Նշված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում պետք է դիմեն լիազոր մարմնին փախստականի վկայականը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հետ փոխանակելու համար: Նշված ժամկետում  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձ համարվելու  համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված ապաստանի անհատական ընթացակարգով:

2. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված այն անձինք, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում դիմեն լիազոր մարմնին սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձ համարվելու  համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված ապաստանի անհատական ընթացակարգով:

Հոդված 65.
Սույն Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության 1999թ. մարտի 3-ի ՀՕ-288 օրենքը:

Տեղեկանք-հիմնավորում

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի անհրաժեշտության ու առանձնահատկությունների մասին

Չնայած փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրությունը հիմնականում  մշակված է, սակայն դեռեւս մնում են մի շարք չլուծված հարցեր, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման համակարգն ունի մի շարք էական բացեր,  մասնավորապես`

1. օրենսդրության մակարդակով սահմանված չեն ապաստանի տրամադրման հետ կապված բոլոր առանցքային հասկացությունները, ինչպես նաեւ հստակեցված չեն  այդ գործընթացի ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերն ու դրանք իրականացող մարմինների գործառույթները,

2. կատարյալ չեն փախստականների ու ապաստան հայցողների խնդիրների լուծման իրավասություններ ունեցող պետական հաստատությունների  օպերատիվ համագործակցության  ընթացակարգերը,

3. թույլ է համագործակցությունը  նաեւ պետական հաստատությունների եւ ՀԿ-ների  ու իրավասու միջազգային կառույցների  միջեւ, չկան ապաստան հայցողների հիմնախնդիրները միասնական քննարկելու եւ լուծելու արդյունավետ  մեխանիզմներ ու ավանդույթներ,

4. ցածր է ապաստան հայցողների հիմնախնդիրների եւ իրավունքների մասին  ինչպես իրենց`  ապաստան հայցողների, այնպես էլ ՀԿ-ների ու հասարակության  իրազեկության մակարդակը:

Նկատի ունենալով վերը նշված թերությունները «Փախստականների մասին» ՀՀ գործող  օրենքի փոփոխությունները նպատակահարմար է իրականացնել ոչ թե առանձին հոդվածներում մասնակի բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով, այլ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ, որը ենթադրում է`

1. Օրենքի համապատասխանեցում ՄԱԿ-ի «Փախստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Կոնվենցիայի (այսուհետ`Կոնվենցիա) եւ այդ  Կոնվենցիայի  1967 թ. Արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) պահանջներին,

2. Օրենքի կարգավորման շրջանակի եւ առարկայի ընդլայնում;

3. Օրենքում նոր առանցքային հասկացությունների ներմուծում;

4. Օրենքի ընդհանուր կառուցվածքի եւ ձեւաչափի փոփոխություն:

Նոր օրենքի նախագծի  ընդհանուր բնույթի առաջին առանձնահատկությունն այն է, որ վերջինս կառուցված է Կոնվենցիայի  եւ  Արձանագրության պահանջներին առավելագույնս  համապատասխանեցնելու  նպատակադրությամբ: Այդ առումով նախագծում`

1. օգտագործվել է միջազգային իրավունքի այդ փաստաթղթերի տերմինաբանությունը եւ ավելացվել են այդ փաստաթղթերի ոգուց բխող մի շարք նոր հասկացությունների սահմանումներ;

2. ապաստան հայցողների, փախստականների եւ ՀՀ-ում ապաստան ստացած եւ ապաստան չստացած անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանելիս  հիմք է ընդունվել այդ փաստաթղթերով սահմանված իրավունքների այն նվազագույն շրջանակը, որոնց  ապահովումը որպես պետական պարտավորություն ստանձնել են Կոնվենցիային միացած երկրները, այդ թվում` ՀՀ-ն:

Նախագծի երկրորդ  առանձնահատկությունն այն է, որ ընդլայնվել է օրենքի գործողության շրջանակը` դրա հետ կապված ներմուծվել են նոր հիմնական հասկացություններ ու վերջինների  հետ կապված նոր իրավահարաբերություններ, լրամշակվել են գործող օրենքում օգտագործվող որոշ  հասկացություններ:

Նախագծի երրորդ  առանձնահատկությունը ձեւաչափային բնույթի է, այսինքն արմատապես փոխվել է Նախագծի կառուցվածքը, մասնավորապես առանձին գլուխներով ներկայացված են `

1. օրենքում կիրառվող առանցքային հասկացությունները եւ օրենքի կարգավորման ենթակա իրավահարաբերությունները;

2. ապաստան հայցողների եւ փախստականների բոլոր իրավունքները, դրանց հիմքը, ինչպես նաեւ  պետական մարմինների կողմից այդ իրավունքների հարգման սկզբունքը,

3. ոչ միայն փախստականների հարցերով լիազոր մարմնի, այլեւ ՀՀ-ում  ապաստանի հարցերով իրավասու մյուս պետական մարմինների, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ  լիազորությունները,

4. ապաստանի տրամադրման հետ կապված բոլոր ընթացակարգերը;

5. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տրամադրման կարգը,

6. անցումային դրույթներ, որոնք կարգավորում են օրենքի առնչությունները 1988-1992 թթ. Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց հետ:

Սույն նախագիծը  մշակվել է  ՄԱԿ ՓԳՀ  Հայաստանի ներկայացուցչության մասնագետ-ների հետ սերտ համագործակցության  պայմաններում: