ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 15-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնից կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն եւ ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:».
2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն» բառերը.
3) 3-րդ մասը լրացնել նոր վեցերորդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Այլ պետական մարմինների եւ զինված ուժերի ավագ եւ միջին հրամանատարական կամ բարձրագույն եւ ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ
Զինվորական ծառայությանը հավասարեցված` պետական հատուկ ծառայության ոլորտում հիմնականում ապահովված է անհրաժեշտ միասնականություն, ինչը հանդիսանում է հանրային ծառայության առանցքային նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը: Ընդ որում, անհրաժեշտ միասնականություն ապահովելու նպատակով վերջին շրջանում ընդունվել են նաեւ մի շարք օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր:
Միաժամանակ, հիշյալ ծառայությունների կանոնակարգմանը նվիրված օրենսդրական ակտերում դեռեւս պահպանվել են դրույթներ, որոնք համահունչ չեն վերը նշված սկզբունքին եւ խոչընդոտում են ծառայության մի տեսակից մեկ այլ ծառայության տեսակի անցնելու բնականոն ընթացքին: Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառայության մի տեսակից մեկ այլ տեսակի անցնելուն առնչվող հարաբերությունների կարգավորմանն ուղղված նորմերում բացակայում է անհրաժեշտ միասնականությունը: Ընդ որում, այս կամ այն օրենսդրական ակտում տեղ գտած առանձնահատկությունները բնավ պայմանավորված չեն ծառայության տվյալ տեսակի յուրահատկությամբ եւ չունեն բավարար հիմնավորվածություն:
Պետական ծառայության կանոնակարգմանն ուղղված առաջարկվող դրույթները բխում են նաեւ միջազգային չափանիշներից եւ արտասահմանյան երկրների փոձից. Արեւմտյան եվրոպայի գրեթե բոլոր երկրներում պաշտոնների փոխատեղման գործընթացը համարվում է անհրաժեշտ գործիք, որով փորձ է արվում լուծելու հակակոռուպցիոն խնդիրներ, բարձրացնելու կադրերի պատրաստվածությունը եւ նպաստելու թափուր տեղերը հնարավորինս արագ համալրելուն:
Առաջարկվող օրենսդրական դրույթները վերաբերում են ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինվորական ծառայության ոլորտին առնչվող օրենսդրական ակտերին:
Վերը նշված մոտեցումը միասնական չափանիշներով կիրառվում է նաեւ զինվորական ու ազգային անվտանգության ծառայությունում:
Պահանջվող միասնականությունն ապահովելու նկատառումով առաջարկվում են նաեւ մի շարք այլ դրույթներ: Այսպես, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է միայն սահմանելու ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը: Բացի այն, որ այդ դեպքում օրենսդրական կարգավորման շրջանակներից դուրս է մնում բարձրագույն խմբի պաշտոնների համապատասխանության հարցը, անհակի խնդիր է առաջացնում նաեւ այն, որ պետական հատուկ ծառայության նվիրված մյուս օրենսդրական ակտերում այդպիսի տարանջատում չկա:
Առաջարկվող փաթեթում առկա են նաեւ խնդրին առնչվող օրենսդրությունում տեղ գտած բացերը լրացնելուն ուղղված դրույթներ: Այսպես, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ամրագրված է դրույթ` քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների մասին, մինչդեռ, նախ, դրանք հատուկ կոչումներ չեն (հատուկ կոչումներ են տրվում, օրինակ, հարկային ծառայողներին), բացի այդ, հարկ էր ներառել նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումները, քանի որ դրանք հավասարազոր են:
Նկատի ունենալով, որ հիշյալ հակասությունները եւ բացթողումներն անհարկի խոչընդոտում են կադրային իրավաչափ քաղաքականություն իրականացնելուն, նշված օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթը համարվում է հրատապ:
Սույն օրինագծերի փաթեթը կոչված է սպառիչ լուծում տալ օրենսդրությունում առկա վերը նշված անհարկի հակասություններին եւ ապահովեու անհրաժեշտ միասնականություն` զինվորական ծառայությանը հավասարեցված պետական հատուկ ծառայության կանոնակարգման, հատկապես ծառայության մի տեսակից մեկ այլ ծառայության տեսակի անցնելու ու հատուկ կոչումների ու դասային աստիճանների համապատասխանեցման ոլորտում: