ՀՈԴՎԱԾ 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 դեկտեմբերի, 2001 թվականի, ՀՕ-276, այuուհետ` oրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 2.1. Հաuտատել 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (հավելված 3-ը կցվում է):»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքով հաստատված ծրագիրը լրացնել 6.3. կետով հետեւյալ բովանդակությամբ`
«6.3. 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 285 մլն մ3 :»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Հավելված 3.
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ներածություն
2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այuուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1.-րդ կետի երկրորդ մասի դրույթների:
Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները եւ անհրաժեշտ միջոցառումները:
Ծրագիրը նպատակաուղղված է 2008 թվականին Uեւան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից uնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաեւ ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք uտեղծելուն:
Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում uտեղծված եղանակային եւ բնակլիմայական պայմաններից:
2. Ներկա վիճակի վերլուծություն
Ոռոգման սեզոնը 2008 թվականին սկսվեց ապրիլ ամսին, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երեւույթ էր: Տեղումների երկարատեւ անբավարարության կամ ի սպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի եւ հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երեւույթները:
Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետեւողական եւ համակարգված գործողությունների արդյունքում, այդ թվում` ս.թ. ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 1-ը Սեւանա լճից վերցված շուրջ 9.7 մլն խոր. մետր ջրաքանակի (առ 14.05.20082. Սեւանա լճից վերցվել է 33.1 մլն մ3 ջրաքանակ), որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես, Ազատի եւ Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների, ինչպես նաեւ խորքային հորերի եւ պոմպակայանների աշխատեցման հաշվին, որոնք եւ հանդիսացան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները:
2001-2007թթ. տարիների ընթացքում Սեւանա լճից ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի 1-ին տասնօրյակից սկսած:
Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաեւ ոռոգման սեզոնում ռազմավարական եւ դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի եւ Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 14.05.2008թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ3 , որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 57.2 մլն մ3 -ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 14.05.2008թ. դրությամբ կազմել է 45.96 մլն մ3 , որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 25.06 մլն մ3 -ով:
3. Ծրագրի հիմնական նպատակը եւ առաջնային խնդիրները
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Uեւան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից uնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող համակարգերից uնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաեւ ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Այդ նպատակին հաuնելու համար անհրաժեշտ, առաջնային հիմնական խնդիրներն են`
- 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչեւ 285 մլն մ3 .
- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի եւ Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը.
- Սեւանա լճից բացթողնված ջրի արդյունավետ օգտագործումը.
- հաշվետվողականության եւ վերահսկողության ապահովումը.
- oրենuդրական դաշտի ապահովումը:
4. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները
Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը եւ եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերի եւ պոմպակայանների լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման եւ ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման եւ այլ ուղղություններով:
Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց լրացուցիչ կպահանջվի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ: Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածությունների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների կողմից տրված վերջնական հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 42.7 հազ. հա, որոնց ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը, գետի հունով, բացթողնվող ջրի ծավալը կկազմի 511.8 մլն մ3 : Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել` Հրազդան գետից 116.15 մլն մ3 , Ազատի ջրամբարից` 18.4 մլն մ3 , Ապարանի ջրամբարից` 3.1 մլն մ3 , Մխչյանի պոմպակայանների համակարգով` 57.0 մլն մ3 եւ Ռանչպար-Արեւշատի պոմպակայանների համակարգով` 52.1 մլն մ3 ջրաքանակներով: Պահանջարկի եւ նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաեւ Սեւան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով` 19.95 մլն մ3 ) կազմում է 285 մլն մ3 :
Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 285 մլն մ3 :
5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի կողմից ներկայացված երկու շաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:
Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրի 6.1.-րդ կետով նախատեսված Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողնված ջրաքանակի վերաբերյալ: