Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-273-23.05.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվական  փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, » բառերը.

2) «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն.»

3) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն, » եւ «տարածքային զարգացում, » բառերը.

4) «թ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ», «ժա» եւ «ժբ» կետերով.

«ժ) գյուղատնտեսական, բնապահպանական եւ բնօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, մայրություն եւ մանկություն, բնակարանային պայմանններ

ժբ) տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել «1/12» թվով:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «է»» բառերը փոխարինել « «է», «ժ», ժա» եւ «ժբ»» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են Ազգային ժողովի նիստում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում եւ գործում են մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը նույն կազմով վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան 12 մշտական հանձնաժողով:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ներկայումս Ազգային ժողովում գործում են 9 մշտական հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջադրումը պայմանավորված է Ազգային ժողովի հետեւյալ 3 մշտական հանձաժողովների ստեղծման եւ համապատասխան բնագավառներում Ազգային ժողովի գործունեությունն ուղղորդելու անհրաժեշտությամբ`

- գյուղատնտեսական, բնապահպանական եւ բնօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով.

- սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով.

- տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողով:

Օրենքի նախագծով կատարվելիք փոփոխությունների արդյունքում, մասնավորապես`

ա) ներկայումս գործող սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կվերանվանվի  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն ոլորտով.

բ) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտից կհանվեն տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում, իսկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտից կհանվեն գյուղատնտեսություն եւ տարածքային զարգացում ոլորտները:

Քանի որ պետական-իրավական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները ներկայումս Ազգային ժողովի ամենածանրաբեռնված հանձնաժողովներից են, ուստի կատարվելիք փոփոխությունների արդյունքում նաեւ որոշակիորեն կլուծվի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հավասարաչափ ծանրաբեռնվածության հարցը: