Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-274-23.05.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվական փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մասով.

«11 . Խմբակցությունն համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ եւ նորակազմ Կառավարության կազմում խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության անդամ ընդգրկված չէ:

Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է ընդդիմադիր խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության անդամ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

Ընդդիմադիր խմբակցությունն ունի սույն օրենքով սահմանված գործունեության երաշխիքներ:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում սույն հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով թեկնածուների առաջադրման իրավունքը մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պատկանում է խմբակցություններին:».

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մասով.

«11 . Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով`

Գխ = Ախ / (Պխ +1)
որտեղ`

Գխ -ն խմբակցության գործակիցն է,

Ախ -ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,

Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս` թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:

Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունը ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությանը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադման իրավունքը որոշելուց հետո` խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել եւ (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.

գ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:».

4) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ եւ 72 -րդ մասերով.

«71 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

72 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով.

«21 . Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկության արդյունքում դեմ է հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը «հաջորդականության» բառից հետո լրացնել «` ընդդիմադիր եւ մյուս խմբակցությունների պատգամավորները մեկընդմեջ» բառերով.

2) 41 -րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«41 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 1042 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում` քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».

3) 41 -րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42 -րդ մասով.

«42 . Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչեւ հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է `

ա) մինչեւ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում եւ չորսօրյա նիստերն համարվում են ավարտված այդ նիստի ավարտից հետո.

բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:»:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը «ժբ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ» կետով.

«ժգ) սույն օրենքի 1042 -րդ հոդվածով սահմանված կարգով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերը:»:

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը 51 -րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52 -րդ մասով`

«52 . Սույն օրենքի 30-րդ հոդվածի 21 -րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:»:

Հոդված 7. Օրենքի 97-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 11 -րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու:».

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ եւ 52 -րդ մասերով.

«51 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

52 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:

Հոդված 8. Օրենքը 1041 -րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1042 -րդ հոդվածով.

«Հոդված 1042 . Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկումը կազմակերպելու կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ` ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը գտնվում է շրջանառության մեջ եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է կամ դրա ստացման ժամկետը սպառվել է:

2. Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել`

ա) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը.

բ) օրենքների նախագծերի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկումները.

գ) Ազգային ժողովի կողմից նշանակված պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

3. Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվածնիստերի օրակարգում կարող է ընդգրկվել եւ քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:

Մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նիստերը տրամադրելու հաջորդականությունը Ազգային ժողովի նույն գումարման ընթացքում որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի` փոքրաթվից մեծաթիվ:

5. Եթե Ազգային ժողովը հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում չի ընդունում, ապա ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է Ազգային ժողովի մեկ նիստում, սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ`

ա) զեկուցումների եւ եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ 7-ական րոպե.

բ) հարցերի եւ դրանց պատասխանների համար հատկացվում է մինչեւ մինչեւ մեկական րոպե.

գ) հարցերի եւ դրանց պատասխանների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 20 րոպեն.

դ) ելույթների, այդ թվում` արտահերթ եւ խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթների համար հատկացվում է մինչեւ 3-ական րոպե.

ե) ելույթների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն.

զ) հարցի քննարկման ժամանակ ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ:»:

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածը 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ մասով.

«71 . Սույն հոդվածի 5-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխանաբար առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների գրավոր հարցերի պատասխանները եւ բանավոր հարցերը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 7-րդ հոդվածներով ամրագրված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է հանդես գալ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող Ազգային ժողովի նիստում: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջադրումը պայմանավորված է խորհրդարանական ընդդիմության դերի եւ նշանակության բարձրացման, ինչպես նաեւ Ազգային ժողովում օրենսդրական ակտերի քննարկումների ընթացքում բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար լիարժեք պայմանների ապահովման անհրաժեշտությամբ:

Այն իրավունքները, որոնք օրենքի նախագծով առաջարկվում է ընձեռել խորհրդարանական ընդդիմությանը միտված են ոչ միայն խորհրդարանական ընդդիմության գործունեության ազատության երաշխավորմանը, այլեւ նրա` որպես օրենսդիր մարմնի էական եւ անբաժանելի մասի, պետության կառավարմանը արդյունավետորեն մասնակցելու համար գործուն աշխատանքային պայմանների եւ հնարավորությունների ապահովմանը:

Օրենքի նախագիծը մշակելիս հեղինակները հաշվի են առել խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձը եւ գործող ակտերը` առաջին հերթին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների ընթացակարգային ուղենիշները» թիվ 1601 (2008) բանաձեւը, մասնավորապես դրանում ամրագրված հետեւյալ սկզբունքային մոտեցումերը` 

  • քաղաքականապես ներկայացուցչական խորհրդարանը մարմնավորում է հասարակությունը` արտացոլելով նրա կառուցվածքի բազմազանությունը եւ աշխատում է հարգելով բազմակարծությունը.
     
  • խորհրդարանի ժողովրդավարական ցուցանիշը որոշվում է ընդդիմության կամ խորհդարանական փոքրամասնության` իր խնդիների լուծման համար ունեցած միջոցների ծավալով.
     
  • ընդդիմությանը պետք է տալ այնպիսի կարգավիճակ, որպեսզի նա պատասխանատու եւ կառուցողական դեր ստանձնելու հնարավորություն ունենա:

    Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակը սահմանված չէ, ուստի օրենքի նախագծով առաջին հերթին տրվում է ընդդիմադիր խմբակցություն հասկացության սահմանումը, ըստ որի` խմբակցությունն համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ եւ նորակազմ կառավարության կազմում խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության անդամ ընդգրկված չէ:

    Խորհրդարանական ընդդիմության հասկացությունն ամրագրելիս եւ այնուհետեւ ընդդիմադիր խմբակցության համար գործության երաշխիքներ սահմանելիս էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող ընտրական համակարգի քաղաքական ընդդիմությունը եւ նրա կառուցվածքային տարրերը` կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովում կարող են հանդես գալ խմ ;բակցությունների միջոցով, ինչպես նաեւ հաշվի է առնվել միջազգային իրավակիրառական պրակտիկայում առկա այն մոտցումը, ըստ որի` քաղաքական ուժն ընդդիմադիր է համարվում, եթե նա կառավարության կազմում ընդգրկված չէ (խորհրդարանական ընդդիմության գրեթե նույն սահմանումն է տրված Լիտվայի Սեյմի կանոնակարգում):

    Օրենքի նախագծով առաջարկվում է կատարել նաեւ հետեւյալ փոփոխությունները`

    1) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել խմբակցություններին (ներկայումս այդ պաշտոններում թեկնածու կարող են առաջադրել բոլոր պատգամավորները եւ դրանցում ընտրության հարցում Ազգային ժողովում մեծամասնությունն ունեցող խմբակցությունը կամ քաղաքական ուժը վճռորոշ դեր ունի):

    Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը` ըստ օրենքում սահմանված բանաձեւի, որի հիմքում դրված է պրոֆեսոր Վիկտոր դ՝Օնտի (D'Hondt) մեթոդը: Այս մեթոդը լայնորեն օգտագործվում է (այդ թվում` համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման ժամանակ) մի շարք երկրներում` Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Չիլի, Կոլումբիա, Խորվատիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Իսլանդիա, Իսրաել, Իտալիա, Ճապոնիա, Մակեդոնիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Թուրքիա եւ այլն: Մեթոդը օգտագործվում է նաեւ Եվրոպայի Խորհրդի տարբեր մարմիններում քաղաքական խմբերի ներկայացվածությունը որոշելիս:

    Նկարագրված փոփոխությունը հնարավորություն կտա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմությանը, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետով` հստակ կանոններով միմյանց միջեւ բաշխել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները, ինչը փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցությունների համար այդ կարեւոր պաշտոններում ներկայացուցիչ ունենալու &I uml;այուն երաշխիք է.

    2) մշտական հանձնաժողովի եզրակացությանը դեմ քվեարկած հանձնաժողովի որոշակի թվով անդամներ իրենց կարծիքը հարակից զեկուցմամբ Ազգային ժողովում ներկայացնելու հնարավորություն են ստանում, որը հատկապես ընդդիմադիր պատգամավորների համար հնարավարություն է ստեղծում իրենց դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնելու համար ունենալ ավելի երկար ժամանակ (հարակից զեկուցման համար հատկացվող ժամանակը` 20 րոպե է, իսկ ելույթների համար` 7 րոպե) եւ պատասխանել պատգամավորների հարցերին, որի իրավունքը ելույթ ունեցողը, այդ թվում` խմբակցության եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչը ներկայումս չունեն (հարցերին պատասխանելիս զեկուցողը ստանում է իր դիրքորոշումը պարզաբանելու լրացուցիչ հնարավորություն եւ ժամանակ).

    3) ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն է ստանում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի մեկ նիստում քննարկման դնել իր կողմից արտահերթ համարված մեկ հարց:

    Այս փոփոխությունը ընդդիմադիր խմբակցության համար ստեղծում է լուրջ հնարավորություն Ազգային ժողովի օրակարգում արտահերթ կարգով հարցեր ընդգրկելու եւ դրանք քննարկելու (ներկայումս Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգում արտահերթ կարգով Ազգային ժողովի որոշման նախագիծ ընդգրկելու կամ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի համաձայնությունը, որի ստանալը փոքրաթիվ խմբակցությունների համար գրեթե անհաղթահարելի արգելք է).

    4) կառավարությանը հարցերով դիմելիս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են առաջնահերթության իրավունք (ներկայումս հարցերը տրվոմ են Ազգային ժողովի մեկ նիստի ընթացքում` ըստ գրավոր պատասխանների ստացման եւ բանավոր հարցերի հերթագրման հաջորդականության, ինչը` հատկապես բանավոր հարցերի դեպքում, չի բացառում որոշակի թվով հերթագրված պատգամավորների հարցերին հերթը հասնելիս սահմանված ժամանակն ավարտվելը):

    Կարծում ենք, որ ներկայացվող օրենքի նախագիծն առաջին քայլերից է քաղաքական ընդդիմության գործունեության երաշխիքների ապահովման ճանապարհին: