Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-275-26.05.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտանային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, թիվ ՀՕ-505), (այսուհետեւ` Օրենք) 5-րդ հոդվածում «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերի» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

Հոդված 2.   Օրենքը լրացնել նոր` 151 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 151 . Սույն օրենքի 1, 2, 3, 4, 6, 11, 12, 13 եւ 14 հոդվածներում նշված պաշտոնային դրույքաչափերը, 5 հոդվածում նշված լրավճարը եւ 15 հոդվածում նշված ծախսերը 2008 թվականի հուլիսի 1-ից սահմանել նույն հոդվածներում նշված կրկնապատիկի չափով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկամանը հանջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտանային դրույքաչափերը վերանայելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին (հետայսու օրինագիծ)

Օրինագծի ընդունումը պայմանավորված է 2005 թվականին ՀՀ սահմանադրությունում կատարված փոփոխությունների իրացման, 2003 թվականին սահմանված քաղաքացիական ծառայողների եւ ղեկավար աշխատողների աշխատավարձերի համարժեքության վերականգնման անհրաժեշտությամբ:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոն նախատեսված չէ, մինչդեռ գործող օրենքով նախատեսվում է վերացված պաշտոնի պաշտոնային դրույքաչափ: Հետեւաբար օրինագծի առաջին հոդվածը լուծում է այս խնդիրը:

Միաժամանակ ներկայումս ձեւավորվել է անհամապատասխանություն դեռեւս 2003թ. սահմանված քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի եւ նույն ժամանակահատվածում սահմանված ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի միջեւ: Այսպես, 2003թ. հուլիսի 1-ից քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը սահմանվել էր 20000 դրամ, ներկայումս այն բարձրացել է սահմանվելով 40000 դրամ, այն դեպքում երբ 2003թ. ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել, բացառությամբ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում օրենսդրական կարգավորման ենթարկված դատավորների եւ դատախազների պաշտոնային դրուքաչափերին վերաբերող հարցերի: Հետեւաբար օրինագծի ընդունմամբ կվերականգնվի դեռեւս 2003թ. սահմանված հարաբերակցությունը եւ հնարավորություն կընձեռվի իրականացնել հանրային ծառայության միասնական վարձատրության համակարգի մշակման եւ ներդրման աշխատանքներ (այդ թվում` նախատեսել հանրային ծառայության վարձատրության միասնական բազային մեծություն, բազմաստիճան գործակիցների ու սոցիալական պաշտպանության համակարգեր եւ այլն):