Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-277-29.05.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1.-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները

1. Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 43.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով եւ 152.1.-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի` 43.1.-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով, 158-րդ (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնյոթերորդ, տասնիններորդ եւ քսանմեկերորդ մասերի), 162-րդ եւ 169.16.-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

3. Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1.-րդ, 180-րդ, 169.1.-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

4. Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երեւանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) շրջանառության մեջ դնելը նպատակ է հետապնդում ապահովելու գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1.-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 48-րդ հոդվածով` տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների կանխումը, բացահայտումը եւ վերացումը: Նշյալ հոդվածների առկայության պայմաններում այսօր գործող օրենսգրքի «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» վերտառությամբ ՀԱՏՎԱԾ III-ում նախատեսված չեն, թե որ լիազորված մարմիններն են պարտավոր ապահովել եւ իրականացնել նշված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը:  Խնդիրը վերաբերում է աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելուն, չսահմանված վայրերում աղբ թափելուն, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելուն (Օրենսգրքի 43.1.-րդ հոդված), պետական եւ (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելուն եւ դրա հետեւանքները չվերացնելուն (Օրենսգրքի 48-րդ հոդված), ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելուն (Օրենսգրքի 152.1.-րդ հոդված):

Նշենք, որ մինչեւ 2007 թվականի փետրվարը Օրենսգրքի 219.1.-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էր, որ վերոհիշյալ ոլորտներում կատարված իրավախախտումների վերաբերյալ գործերը (նախատեսված` 43.1.-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 48-րդ հոդվածով` տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով) քննում էին տեղական ինքնակառավարման մարմինները, ի դեմս` համայնքների ղեկավարների: Սակայն 2007 թվականի փետրվարի 27-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-134-Ն օրենքի 5-րդ հոդվածի ուժով Օրենսգրքի 219.1.-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվեց նոր խմբագրությամբ, որի հետեւանքով Օրենսգրքում առաջացավ հիշյալ վարչական գործերը քննող լիազոր մարմիններին վերաբերող իրավական անորոշությունը:

Բացի այս, Օրենսգրքի գործող 219.1.-րդ հոդվածում առկա է հոդվածի մասերի անհարկի կրկնություն, մասնավորապես` հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի միջեւ:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով քաղաքացիների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերը հիշատակված խնդիրների կապակցությամբ ինձ հասցեագրված մտահոգությունները` անհրաժեշտություն առաջացավ մշակելու եւ շրջանառության մեջ դնելու Նախագիծը: