Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-279-30.05.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2006թ., ՀՕ-233-Ն) 13-րդ հոդվածը լրացնել նոր` 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Ներքաղաքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները տեղաբաշխվում են խաչմերուկներից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Եթե երկու խաչմերուկների միջեւ տարածությունը 100 մետրից պակաս է, ապա այդ հատվածում կանգառների տեղաբաշխումն արգելվում է:

6. Միջքաղաքային եւ միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սկզբնակետի եւ վերջնակետի կանգառների տեղաբաշխումն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից դուրս արգելվում է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի լուծել հետեւյալ երկու խնդիրները:

Առաջինը վերաբերում է ներքաղաքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կանգառների տեղաբաշխմանը, որի հիմնախնդիրը հատկապես սուր է դրված մայրաքաղաքում: Մի շարք կանգառներ ի սկզբանե տեղաբաշխված են եղել փողոցների խաչմերուկներում: Դրան են ավելացել նաեւ քաղաքացիների կողմից ձեւավորված ինքնաբուխ կանգառները: Ճանապարհային ներկա պայմաններում խաչմերուկներում գործող կանգառները խոչընդոտում են երթեւեկության անվտանգությանը, նպաստում խցանումներին, իսկ հաճախ նաեւ` ստեղծում վթարային իրավիճակ: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն խաչմերուկներից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Եթե երկու խաչմերուկների միջեւ տարածությունը 100 մետրից պակաս է, ապա այդ հատվածում կանգառների տեղաբաշխումն արգելվում է:

Երկրորդ դրույթը վերաբերում է միջքաղաքային եւ միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սկզբնակետի (վերջնակետի) կանգառներին: Այսօր Երեւանում, ինչպես նաեւ երկրի այլ քաղաքներում ավտոկայարաններն ու ավտոկայաններն աշխատում են թերբեռնված կամ հաճախ` ընդհանրապես չեն գործում, իսկ միջքաղաքային եւ միջպետական կանոնավոր փոխադրումների կանգառները կազմակերպվում են քաղաքի տարբեր վայրերում: Օրինակ, Երեւանում այդ նպատակով օգտագործվում են հրապարակներ եւ այլ հանգուցային կետեր:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը հստակ նշում է, որ ուղեւորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարաններում եւ ավտոկայաններում, իսկ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում, որ երթուղիների կազմակերպումը պետք է ապահովի ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կազմակերպումը: Այս դրույթների կիրառումը կարող է ապահովվել միայն եթե առնվազն սկզբնակետի (վերջնակետի) կանգառները տեղաբաշխվեն ավտոկայարաններում եւ ավտոկայաններում, որոնք համաձայն օրենքի պետք է ապահովեն անհրաժեշտ սպասարկումն ու պայմանները: