Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-282-06.06.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության (24 նոյեմբերի 2004 թվականի N ՀՕ-134-Ն) օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաեւ գտվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող  ցուցանակով:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով եւ սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առեւտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաեւ գտվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող    ցուցանակով.».

2)   4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա)  սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) առեւտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առեւտրային տարածքներում (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների),  սպառողներին հասանելի տեղերում  տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով`

«գ) վաճառվող փաթեթավորված եւ ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում է նաեւ մեկ միավոր հացի քաշը:»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ բուֆետապանը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 4-րդ մասի «դ» կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի եւ 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ու «դ» կետերի եւ 3-րդ մասի,  9-րդ  հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ  մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «2008» թիվը փոխարինել «2009» թվով:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով`

«4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`

 ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար  ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի եւ 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:»


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, սպառողների, այդ թվում նաեւ  զբոսաշրջիկների շահերի եւ իրավունքների  պաշտպանության, սպասարկման քաղաքակիրթ նորմերի եւ կանոնների ներդրման,  ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունից ելնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ներկայացվող խնդիրների օրենքով կարգավորման անհրաժեշտությունը բխում է հետեւյալից`

1.Հանրապետության տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը տեղակայված են հանրապետության բնակավայրերում եւ բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներին, որոնց շուրջը հիմնականում ձեւավորվում են առեւտրի իրականացման վայրեր:

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը լցավորման նպատակով մոտեցած ավտոմեքենաների ուղեւորների եւ վարորդների համար, ըստ էության,  ծառայում են որպես հանգստանալու, թարմանալու, բնական (սանիտարահիգիենիկ)  կարիքները բավարարելու, ինչպես նաեւ գնումներ կատարելու միջանկյալ կանգառներ:

Պետք է նշել, որ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի կառուցման շինարարական նորմերում  հիմնականում չեն նախատեսվում հասարակական զուգարանների առկայությունը, ինչը թույլ չի տալիս ապահովել քաղաքացիների, այդ թվում զբոսաշրջիկների քաղաքակիրթ ձեւերով  սպասարկումը եւ կարող է բնապահպանական խնդիրներ առաջացնել:

Միաժամանակ` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը եւ առեւտրի իրականացման վայրերը հասարակական զուգարաններով ապահովելու օրենքի նախագծի պահանջի կատարումով շրջակա միջավայրը կպաշտպանվի անհարգի ապականումից եւ կկարգավորվի քաղաքացիների (ուղեւորների եւ զբոսաշրջիկների) հանգստի, թարմանալու,  անձնական հիգիենայի եւ գնումներ կատարելու կարիքների քաղաքակիրթ ձեւերով բավարարման խնդիրը, ինչը հետագայում նախապայմաններ կստեղծի այդ վայրերում առեւտրի եւ ծառայությունների այլ ձեւերի ներդնման  համար :

2.Ապրանքների վաճառքի (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) ժամանակ առուվաճառքի պայմանագրով սահմանված պահանջներից է հանդիսանում սպառողի կողմից վճարվող գումարի դիմաց նրան համարժեք քաշի, չափի, ծավալի ապրանք հանձնելու պարտադիր պայմանը: Նշված պայմանի կատարման ապահովումը կարգավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի հանրապետության ներքին շուկայի առեւտրի եւ ծառայությունների ոլորտում  կիրառելի են միայն տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում  հանդիպում են թերակշռումների դեպքեր, ինչի մասին են վկայում նաեւ սպառողների ահազանգերը, որոնցում առավելապես նշվում են  առեւտրի իրականացման վայրերում կատարվող խախտումները:

Առեւտրի իրականացման վայրերից օգտվող սպառողների տնտեսական եւ իրավական շահերի պաշտպանությունն ապահովելու համար օրենքի նախագծով սահմանվում է  այդ վայրերում տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների  պարտադիր  կիրառումը, ինչով սպառողը հնարավորություն կստանա ստուգելու գնված ապրանքի համապատասխանությունը վճարված գումարին եւ ժամանակին վերականգնելու իր խախտված իրավունքները:

3.Հաշվի առնելով վաճառվող ապրանքների գների տատանումների եւ անհարգի գնագոյացումների արդյունքում առաջացող սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ նպատակ ունենալով հսկողության տակ պահել  սպառողական զամբյուղում ընդգրկված առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես` հացի, որպես հիմնական սննդամթերքի,  գների տատանումները եւ դրանց առաջացման իրավական հիմքերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացվող օրենքի նախագծով առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 15-րդ մասը լրացել նոր գ) կետով, որով սահմանվում է վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը պարտադիր  նշելու պայման:

4. Հաշվի  առնելով, որ ըստ էության,  բուֆետապանը սննդամթերքի պատրաստում չի իրականացնում եւ  նրա գործառույթների մեջ է մտնում խոհարարական որոշակի հմտություններ չպահանջող`  գնովի սննդամթերք, ինչպես նաեւ արդեն պատրաստի ստացված տաք կերակուրներ վաճառելու պարտականությունը, առաջարկվել է  Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել  «բուֆետապան»-ին ներկայացվող համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական ունենալու պահանջը:

Քանի որ հանրապետության տնտեսության մեջ ծառայությունների ոլորտը զբաղեցնում է շոշափելի ծավալներ, որտեղ զբաղվածների թիվը կազմում է հանրապետության աշխատող բնակչության զգալի մասը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանափակ հնարավորությունները միաժամանակ մեծաթիվ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման իրականացման հարցում, Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «ա)» կետում կատարվել է փոփոխություն, որով Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի աշխատողների համար սահմանված ժամկետը երկարաձգվել է մեկ տարով`  2008 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվելով 2009 թվականի հուլիսի 1-ը: Նշված փոփոխությունը հնարավորություն կստեղծի կադրերի կրթությունը եւ վերապատրաստումը փուլ առ փուլ իրականացնելու համար, ապահովելով սահմանված ժամեկտներում Օրենքի պահանջի կատարումը: