Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել նոր մասերով հետեւյալ բովանդակությամբ`
«Առեւտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասնապատիկի չափով:
Առեւտրի իրականացման վայրը տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը չնշելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված «2008» թիվը փոխարինել «2009» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով `
«2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 23-րդ մասը ուժի մեջ է մտնում`
ա) 2009 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար.
բ) 2008 թվականի հոկտեմբերի 1-ից` Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար:
3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:»:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են դրույթներ, որոնց պահանջների կատարումը պարտադիր է նախագծում ընդգրկված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք` ըստ էության, պետք է վարչական պատասխանատվություն կրեն սահմանվող դրույթների պահանջները չկատարելու համար: Վարչական պատասխանատվության պայմանները օրենքով սահմանելու համար առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներում կատարել խնդրի կարգավորմանն ուղղված փոփոխություններ եւ լրացումներ:
Մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածով սահմանվում են առեւտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելու, առեւտրի իրականացման վայրը տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելու, վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը չնշելու համար պատասխանատվության պայմանները:
Միաժամանակ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «ա)» կետում կատարված փոփոխությանը համապատասխան, որով Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի աշխատողների համար կրթության եւ վերապատրաստման սահմանված ժամկետը երկարաձգվել է մեկ տարով` 2008 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվելով 2009 թվականի հուլիսի 1-ը, օրենսգրքի նախագծի 2-րդ հոդվածով նույնպես սահմանվել են ժամկետների երկարաձգում:
Օրենսգրքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են նշված պահանջների կատարումն ուժի մեջ մտնելու ժամկետները: