Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-285-06.06.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320) օրենքը (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 27.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 27.1 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է:

Օրենքի, ինչպես նաեւ կառավարության գործունեության տարեկան ծրագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպում է կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության մեջ:

2. Նախագիծ մշակող մարմինը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական եւ իրավաբանական աձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, այդ թվում նաեւ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որեւէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:

Նախագիծը սույն մասով նախատեսված բնագավառներից բացի այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաեւ այդ բնագավառների վերաբերյալ:

3. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից  15-օրյա ժամկետում պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում եւ դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) եւ այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին:

Եզրակացությունը պետք է ներառի`

1) կարգավորման արդյունքները,

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները,

3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով եւ կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար` նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով,

4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը,

5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետեւանքները գնահատելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է  նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաեւ նրանցից կարծիքների հավաքագրումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումն է:

Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման  ժամկետը առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ կարող են չիրականացվել:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագծի մշակողների անունները,

2)  տեղեկանք` այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտության կամ բացակայության մասին, ներառյալ նախագծի ընդունման կապակցությամբ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությունը,

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին,

4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական uտորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը,

5) սույն օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները,

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների արդյունքում ստացված այն դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք ընդունվել են:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 36-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից անգլերեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ հայերենից այլ օտար լեզու` իրավական ակտն ընդունող մարմինը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8-րդ մաս.

«8. Իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

Իրավաստեղծ համակարգում ունենալով ազդեցության գնահատում իրականացնելու մեխանիզմներ, էականորեն կբարձրանան իրավական ակտերի նախագծման աշխատանքների եւ արդյունքում` ընդունվելիք իրավական ակտերի որակը: Համապատասխան հարաբերությունները կստանան հստակ եւ ամբողջական կարգավորում, ինչպես նաեւ հնարավոր կլինի կանխատեսել նաեւ նրանց ազդեցությունն տնտեսական, այդ թվում նաեւ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, բյուջետային, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, հակակոռուպցիոն բնագավառներում այս կամ այն հասարակական հարաբերության վրա ժամանակի ընթացքում` բացառելով ոչ նպատակահարմար կամ նույնիսկ վնասաբեր իրավական ակտերի ընդունումը:

Բացի այդ, կապահովվի շահագրգիռ մարմինների եւ առհասարակ հասարակության ներգրավումը իրավական ակտերի նախագծման աշխատանքներին, որոնց հնարավորություն կտրվի նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել իրավական ակտի նախագիծը մշակող մարմին:

Կարգավորման ազդեցության գնահատումը կապահովի նաեւ օրենքի մշակման եւ իրականացման ժամանակ առաջացող ծախսերի եւ օգուտների գնահատումը:

Միաժամանակ, իրավական ակտի նախագծի կոռուպցիոն ռիսկերի գնահատումը եւս մի լծակ կհանդիսանա կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Պետք է նշել նաեւ, որ 1996 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական hամայնքի ու դրա տասնհինգ անդամ պետությունների միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 43–րդ հոդվածը սահմանում է, որ «Կողմերն ընդունում են, որ Հայաստանի Հանրապետության եւ Համայնքի միջեւ տնտեսական կապերն ուժեղացնելու համար կարեւոր պայման է այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործող, ինչպես նաեւ ապագա օրենսդրությունը կմերձեցվի Համայնքի օրենսդրության հետ: Հայաստանի Հանրապետությունը կձգտի անել այնպես, որ իր օրենսդրությունն աստիճանաբար դառնա համատեղելի Համայնքի օրենսդրության հետ»: Իսկ մերձեցման մեխանիզմներից մեկը հանդիսանում է հենց կարգավորման ազդեցության գնահատումը:

2003 թվականի դեկտեմբերին Եվրոպական պառլամենտը, Եվրոպական խորհուրդը եւ հանձնաժողովը կնքեցին միջինստիտուցիոնալ Համաձայնագիր` «Բարելավված օրինաստեղծության վերաբերյալ», որը 2005 թվականի նոյեմբերին լրացվեց «Ազդեցության գնահատման միասնական մոտեցման» արձանագրությամբ, ամրագրելով ազդեցության գնահատման կանոնները: Արդյունքում, ԵՄ անդամ եւ անդամակցող երկրները իրենց իրավաստեղծ գործընթացներում պարտադիր ներառում են կարգավորման ազդեցության գնահատումը, որպես կարեւոր բաղադրիչ:

Օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, համաձայն նախագծի կատարվում է հետեւյալ կերպ.

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական մարմնին (այսուհետ` ազդեցության գնահատող)` տնտեսական, այդ թվում նաեւ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար առաջացող վարչական ծախսերի, բյուջետային, բնապահպանական,  սոցիալական, առողջապահական, հակակոռուպցիոն բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որեւէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը: Եթե նորմատիվ իրավական ակտի նախագիծը վերը նշված բնագավառներից բացի այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է ենթարկվել կարգավորման ազդեցության գնահատման նաեւ այդ բնագավառների վերաբերյալ:

Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից առավելագույնը 15-օրյա ժամկետում իրականացնում է ազդեցության գնահատում եւ դրա վերաբերյալ կազմում է կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն եւ այն ներկայացնում է նախագիծ մշակող մարմնին:

Եզրակացությունը ներառում է`

1) կարգավորման արդյունքները,

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները,

3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով եւ կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար` նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով,

4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը,

5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետեւանքները գնահատելու կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կկազմակերպի  նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին շահագրգիռ պետական մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաեւ նրանցից կարծիքների հավաքագրումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի լրամշակման աշխատանքների իրականացումն է: Հանրային քննարկումները կիրականացվեն նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ անհրաժեշտության դեպքում  կիրականացվեն հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով: Հանրային քննարկումների իրականացման  նվազագույն ժամկետ է նախատեսված  15 օրը: Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ներկայացված եզրակացությունների եւ հանրային քննարկումների արդյունքում ստացված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա կկատարի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքներ, որոնց կապակցությամբ կկազմի տեղեկանք` ընդունված առարկությունների եւ առաջարկությունների, ինչպես նաեւ առկա տարաձայնությունների մասին` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

ՀՀ կառավարությունը կարող է նաեւ որոշում ընդունել ՀՀ կառավարության որոշման նախագծի կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու վերաբերյալ: Նման որոշման ընդունման դեպքում ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծը կենթարկվի կարգավորման ազդեցության գնահատման օրենքի նախագծի համար սահմանված կարգով:

Միաժամանակ, սույն օրենքի ընդունմամբ կհստակեցվեն իրավական ակտերի թարգմանություններին վերաբերող դրույթները, մասնավորապես, իրավական ակտը հայերենից անգլերեն կթարգմանի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որի արդյունքում կապահովվի իրավական ակտերի անգլերեն թարգմանությունների միատեսակությունը:

2. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողով օրենքի նախագիծ ներկայացնելիս, նախագծին կկցվեն նաեւ ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները, տեղեկանք` ընդունված առարկությունների եւ առաջարկությունների, ինչպես նաեւ առկա տարաձայնությունների մասին` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի ընդունվելու դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու վերաբերյալ ամփոփ ժամանակացույցը:

Բացի այդ, նշված օրենքի ընդունմամբ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված նախագծերի վերաբերյալ կառավարության եզրակացությունը կներառի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի ընդունվելու դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու վերաբերյալ ամփոփ ժամանակացույցը: