Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
2. Հանձնաժողովի խնդիրն է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրությունը`
ա) տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը.
բ) զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը.
գ) նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`
ա) հարցումներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` ոստիկանությանը եւ մյուս իրավապահ մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.
բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց` նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.
գ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների, այդ թվում` միջազգային:
4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց:
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ`դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:
Ձեւավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում Լ.Տեր-Պետրոսյանին եւ այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:
6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:
9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 25-ը զեկուցում է Ազգային ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին: