Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-295-19.06.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3)-րդ կետը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի 6.1-րդ մասը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1.1-րդ կետը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն. «Հրապարակային միջոցառման անցկացման վայրում զանգվածային անկարգություններ սկսվելու դեպքում ոստիկանության ներկայացուցիչները պարտավոր են իրավիճակից բխող եւ օրենքով սահմանված կարգով միջոցառումներ կիրառել դրանք իրականացնողներին մեկուսացնելու, հրապարակային միջոցառման խաղաղ ընթացքն ապահովելու եւ հավաքի մասնակիցների իրավունքները պաշտպանելու նպատակով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈւՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորվում է հետեւյալ հանգամանքներով.

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը փոփոխությունների եւ լրացումների է ենթարկվել մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Կատարված փոփոխություններն արժանացան ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ քննադատությանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում մարտի 17-ի փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության» մեջ:

«Ժողովրդավարական հաստատության գործունեությունը Հայաստանում» ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի 7-րդ կետը սույն օրենքի կապակցությամբ ամրագրում է. «Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` 2008թ. մարտի 17-ին, Ազգային ժողովը Կառավարության առաջարկով հրավիրված արտակարգ նիստի ընթացքում ընդունեց մի շարք փոփոխություններ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում, որոնք էապես սահմանափակում են հավաքների ազատության իրավունքը եւ իշխանություններին մեծածավալ հայեցողական լիազորություններ վերապահում` արգելելու քաղաքական ժողովները եւ ցույցերը: Հետեւաբար, դրանք հակասում են եվրոպական չափանիշներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, ինչպես նաեւ խախտում են Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության, պարտավորությունները եւ հանձնառությունները: Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես համատեղ եզրակացության նախագծում նշել են, որ այդ փոփոխություններն անընդունելի են: Վեհաժողովը ողջունում է նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման խոսքում արտահայտված մտադրությունը` ամբողջովին համապատասխանեցնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եվրոպական չափանիշներին եւ խրախուսել այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությունը»: Օրենքում մարտի 17-ին կատարված փոփոխություններին տրված նման գնահատականի հիման վրա ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի 8.4 կետի հստակ ձեւակերպված պահանջն է. «Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե օրենքով, թե գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների»: Սույն պահանջը երկրոդ անգամ ձեւակերպված է նաեւ 12.3 կետում. ««Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները եւ լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների»:

2008թ. մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ, իսկ հունիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ Խորհրդարանն ընդունել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառութան մեջ դրված օրենքի նախագիծը` հիշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է հունիսի 16-ին) այն հիմնավորմամբ, որ դա «պայմանավորված է 2008թ. մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքով եւ այդ կառույցների ու Հայաստանի Հանրապետության փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում` օրենքը բարելավելու նպատակով ընդունված հուշագրով» եւ բխում է «հուշագրում ամրագրված դրույթներից»: Մինչդեռ նշված փոփոխությունները միայն մասնակիորեն են լուծել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում մարտի 17-ի փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության մտահոգություններն ու առարկությունները, որոնք ամրագրված են 11-րդ (բռնության սպառնալիքը պետք է լինի իրական եւ անմիջական), 12-րդ, 13-րդ, 15-րդ եւ 16-րդ (ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ներկայացրած պաշտոնական եզրակացությունը պետք է լինի հիմնավոր, տեղիք չտա այն բանին, որ նշված մարմինները ներկայացնեն քաղաքացիների այդ իրավունքը սահմանափակելու անհիմն, անհարկի եւ Կոնվենցիայով չթույլատրված պատճառներ, իսկ լիազոր մարմնը կայացնի զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին անհիմն որոշում` առանց այլընտրանքային ամսաթվեր կամ վայրեր առաջարկելու, եւ այդպիսի որոշումն էլ պետք է դատական մարմնի կողմից վերանայման առարկա լինի):

Սակայն հիշյալ փոփոխություններն ու լրացումները չեն վերացրել այն մտահոգությունները, որոնք ամրագրված են բազմաթիվ կետերում: Մասնավորապես եզրակացության 17-րդ կետում հղում է կատարված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ազատ հավաքների իրավունքի մասին Ուղենիշերին, որոնք ընդգծում են ընթացակարգերի թափանցիկության կարեւորությունը` «բացառելու խաղաղ հավաքների սահմանափակումը թվացյալ ռիսկերի կամ, նույնիսկ, այնպիսի իրական ռիսկերի հիման վրա, որոնք համապատասխան հնարավորություններ ընձեռելու դեպքում կարող են միջոցառումից առաջ համարժեքորեն կրճատվել» եւ որոնց հետ հիմնովին անհամատեղելի են 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի մեջ կատարված փոփոխությունները: Այսինքն, օրենքի բարելավման առումով հարկ էր մտածել նման հնարավոր կամ իրական ռիսկերը կրճատելու, վերացնելու (ինչը Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության պարտականությունն է), այլ ոչ թե զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու ուղղությամբ: Կատարված փոփոխությունները չեն բավարարում նաեւ 18-րդ կետում Ուղենիշերից վկայակոչված պահանջին, որ «հավանական է, որ բռնության մանր միջադեպերի հնարավորության հիմքով կիրառվող սահմանափակումները կլինեն անհամաչափ, եւ բռնության ցանկացած առանձին պոռթկում պետք է կարգավորել` այդպիսի դրվագ առաջանալու դեպքում համապատասխան անձանց ձերբակալելու եւ քրեական հետապնդման ենթարկելու, այլ ոչ` նախապես խափանելու ճանապարհով»: Ընդհանրապես խաղաղ հավաքի մասնակցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիության մասին է փաստում 21-րդ կետում «Ziliberberg-ն ընդդեմ Մոլդովայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից այն հաստատագրումը, որ «անհատը չի դադարում օգտվել խաղաղ հավաքի իրավունքից ցույցի ընթացքում այլ անձանց գործած` հատուկենտ բռնության կամ այլ պատժելի արարքների հետեւանքով, եթե ինքը` տվյալ անհատը, պահպանում է իր մտադրությունների եւ վարքագծի խաղաղ բնույթը», 20-րդ կետում «Ezelin-ն ընդդեմ Ֆրանսիայի» գործից` «խաղաղ հավաքի մասնակցելու ազատությունն [...] այնքան կարեւոր է, որ այն որեւէ կերպ չի կարող սահմանափակվել, [...] քանի դեռ համապատասխան անձն ինքն այդ հավաքի շրջանակներում չի կատարել որեւէ դատապարտելի արարք»: Սույն հաստատագրումները վերաբերում են հունիսի 11-ին ընդունված բոլոր փոփոխություններին, քանի որ թվացյալ կամ անգամ իրական ռիսկերի հիման վրա լիազոր մարմնին իրավունք է վերապահվում սահմանափակել այլոց իրավունքը, իսկ Ոստիկանությանը` դադարեցնել հրապարակային միջոցառումը: 24-րդ կետը` հղում կատարելով Ուղենիշերի վրա, հավաքների ազատության սահմանափակումը կամ արգելքը հստակ գնահատում է որպես «վերջին ատյանի» միջոցառում. «Արգելքը... վերջին ատյանի միջոցառում է, որի կիրառության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, երբ նվազ խիստ միջոցառումը չի ապահովի այլ էական շահեր երաշխավորելու առումով իշխանությունների հետապնդած նպատակի իրագործումը: Ավելին, հաշվի առնելով խաղաղ հավաքները պաշտպանելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու` պետության պոզիտիվ պարտականությունը, արգելքը կարող է փաստացի դառնալ պետության պոզիտիվ պարտականությունների չկատարում»:

Միաժամանակ` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածն ամրագրում է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը հակասում է այս պահանջին եւ պետության պոզիտիվ պարտականությանը, քանի որ սահմանափակում է անմիջականորեն գործող հավաքներին մասնակցելու ՀՀ քաղաքացու իրավունքը:

Հետեւապես, պետք է ուժը կորցրած ճանաչվեն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները` ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի պահանջներին համապատասխան: