Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածը լրացնել նոր կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«ե) ֆիզիկական անձանց պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված եւ Հայաստանի Հանրապետության ցամաքային մաքսային սահմանը հատող տրանսպորտային միջոցները:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մաքսային օրենսգրքի 111 հոդվածում լրացում կատարելու նպատակը ՀՀ-ում հաշվառված եւ գերազանցապես ՀՀ քաղաքացիների կողմից ցամաքային մաքսային սահմանը հատելու ժամանակ օրենսգրքի 110 հոդվածով նախատեսված մաքսավճարից ազատելն է:
Խնդիրը հատկապես սուր սոցիալական հարթություն է տեղափոխվում ՀՀ եւ Վրաստանի սահմանային կետերը հաճախակի հատող ՀՀ քաղաքացիների եւ Վրաստանում (հատկապես Ջավախքում) բնակվող մեր հայրենակիցների համար: Օրինագծի ընդունումը կնպաստի մարդկանց ազատ տեղաշարժի համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, տեղաշարժի ծավալների մեծացմանը, գործարարության խթանմանը, քաղաքացիների համար տեղաշարժի ծախսերի նվազեցմանն ու երկրների եւ հատկապես մեր հայրենակիցների միջեւ կապերի ամրապնդմանը: