Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3021-01.07.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 10-րդ կետը «որակավորումների» բառից հետո լրացնել «ընդհանրական բնութագրերի եւ» բառերով:

2) 2-րդ մասի 1-ին կետը «չափորոշիչների» բառից հետո լրացնել «, ըստ մասնագիտությունների եւ կրթական աստիճանների որակավորումների բնութագրերի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2005թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետությունը` ստորագրելով Բերգենի Հռչակագիրը, պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին, նպատակ ունենալով ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական կրթական միասնական տարածքին:

Բոլոնիայի գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկը բարձրագույն կրթության որակավորումների համընդհանուր համակարգի ներդրումն է, որը նպաստում է մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերի համադրելիությանը, կրթության եւ տնտեսության միջեւ կապերի ամրապնդմանը,  միջազգային մրցունակության բարձրացմանը եւ ուսանողների շարժունությանը: Այս նպատակով 2003 թվականին Բեռլինում կայացած կրթության նախարարների համաժողովում ընդունվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների համընդհանուր շրջանակը (The Framework of Qualification for the European Higher Education Area) եւ առաջարկվել է մասնակից պետություններին մինչեւ 2010թ. մշակել դրան համադրելի որակավորումների ազգային շրջանակներ:

Միաժամանակ, 2008 թվականին Եվրոպական Խորհրդարանը եւ Եվրոհանձնաժողովը համատեղ հաստատել են Որակավորումների Եվրոպական Շրջանակը, որը ներառում է մասնագիտական կրթության բոլոր մակարդակները: Այն համապատասխանում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ընդունված բարձրագույն կրթության որակավորումների շրջանակին: Եվրոպական Խորհրդարանը եւ Եվրամիության Խորհուրդը կարեւորում եւ երաշխավորում են Որակավորումների Եվրոպական Շրջանակը որպես որակավորումների տարբեր համակարգերը համադրելու եւ աշխատաշուկայի հետագա ինտեգրումը խթանելու գործիք:

«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է «արհեստավորի», «մասնագետի», «բակալավր», «մագիստրոսի» եւ «հետազոտողի» որակավորումների աստիճանակարգ, սակայն դրանց բովանդակային համադրելիությունը որակավորումների Եվրոպական համընդհանուր շրջանակին հնարավոր չէ գնահատել, քանի որ ՀՀ օրենքներում տրված չեն «որակավորում», «որակավորումների ազգային շրջանակ» հասկացությունների հստակ սահմանումները, ինչպես նաեւ բաշխված չեն որակավորումների բնութագրերի հաստատման լիազորությունները:

Ներկայացվող օրենքի նախագծերը նպատակ ունեն լրացնելու այդ բացը եւ հիմք կհանդիսանան որակավորումների ազգային շրջանակի մշակման համար: Օրենքների ընդունումից հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի որակավորումների ազգային շրջանակը, որի հիման վրա կմշակվեն եւ կհաստատվեն ըստ առանձին մասնագիտությունների որակավորումների բնութագրերը: