Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 հոկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-223-Ն, այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական վարչությունը (այսուհետ` Վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը, որին նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
3. Վարչության կանոնադրությունը, կառուցվածքը եւ ծառայողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
4. Վարչությունն ապահովում է հեռահաղորդակցության օպերատորի մոտ համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում, 32-րդ հոդվածում «Ծառայություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Վարչություն» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: