Armenian ARMSCII Armenian
Կ-305-22.07.2008-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը

1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

3. Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը եւ ծառայողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

4. Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում, 32-րդ հոդվածում «Ծառայություն» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «Գլխավոր վարչություն» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: