Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-309-28.07.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՆՍԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն) մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման  առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
45.1  90055 «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ  քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան

ՀՈԴՎԱԾ 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  hրապարակմանհաջորդ օրվանից:
 

Հիմնավորում
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի  ժամկետը  լրանալուց հետո նոր  ծրագիր  չի  ընդունվում: Ուստի առաջարկվող լրացումը ընդունելու դեպքում, դրանով նախատեսված մասնավորեցման գործարքը կարող է իրականացվել 2008թ.-ին կամ հաջորդ տարիներին:

2. Ներկայացվող նախագծի հոդված 1-ով առաջարկվող լրացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 13.05.2008թ. N 11-302 գրությամբ ներկայացված առաջարկությունը:

«Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում, սկսած 2001թ.-ից տարեց տարի աճել են կրեդիտորական պարտավորությունները եւ 2005թ.-ին կազմել 17056,7 հազ. դրամ, այդ թվում` 6403,0 հազ. դրամ աշխատակիցներին վճարվող աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված վճարումների գծով:

Հետագայում, օդանավակայանի շահագործման ընթացքում հնարավոր չի եղել ապահովել լրացուցիչ եկամտաբերություն՝ շահագործողական չափանիշների անարդյունավետության եւ անմրցունակության պատճառով:

Աշխատակիցներին վճարվող աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված վճարումների պարտքը, ինչպես նաեւ հարկային պարտավորությունները 2008 թվականի փետրվար ամսին մարվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից ստացված փոխառությունների հաշվին:

2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1.1-15 գրությամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հետագա շահագործման ուղղությամբ քննարկումներ սկսելու, ինչպես նաեւ հնարավոր լավագույն լուծում տալու համար:

Քննարկումների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` օդանավակայանը պաշտպանական կարիքների համար օգտագործելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար չի գտել օդանավակայանը իր ենթակայությանը հանձնելու առաջարկությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հետագա շահագործման եւ տնօրինման խնդիրների քննարկումների արդյունքում կազմակերպել է օդանավակայանի տարածքի չափագրման գործընթաց: Ստացել է սեփականության իրավունքի վկայականը, այդ թվում հողի՝ առանց կադաստրային արժեքի վճարման: Օդանավակայանի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ գնահատման համար:

Ելնելով այն հանգամանքից, որ օդանավակայանի գործունեությունը վնասաբեր է եւ հետագա շահագործումն ու պահպանությունը պետության համար դարձել է ոչ շահավետ, ինչպես նաեւ նպատակ ունենալով կրեդիտորական պարտքերի մարումը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն առաջարկել է այն ընդգրկել գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է նաեւ բաժնետոմսերի վաճառքն իրականացնել առանց նախապայմանների:

3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե»-ի անվանափոխման մասին օրենքի նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովում, այն հավանության է արժանացել ՀՀ կառավարության 28.02.2008թ.-ի նիստում (արձանագրություն N 8, կետ 13):