Հոդված 1. «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռեւս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել Օրենքով իրենց վերապահված արտոնություններից` առանց ժամկետային սահմանափակման:
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել գրավոր դիմում իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին:
Այդ դեպքում`
1) Օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման եւ հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում.
2) 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված եւ չվճարված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրեւ Օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում.
3) այդ անհատ ձեռնարկատերը չի ենթարկվում վարչական պատասխանատվության` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու եւ այդ արտոնությունից չօգտվելու հետեւանքով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: