ՀՈԴՎԱԾ 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքում (այuուհետ` Օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունը.
1) Օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով հաստատված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6.3-րդ կետում «240» թիվը փոխարինել «360» թվով:
2) Օրենքի 2.1-րդ հոդվածով հաստատված 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության ժամանակավոր ծրագրի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում եւ 4-րդ կետի 4-րդ պարբերությունում «240» թիվը փոխարինել «360» թվով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը:
Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008 թվականի ոռոգման սեզոնը սկսվեց ապրիլ ամսին, ինչն աննախադեպ երեւույթ էր վերջին առնվազն 8 տարիների ընթացքում: Ընդ որում, տեղումների երկարատեւ անբավարարության կամ ի սպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի եւ ցածր հարաբերական խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած հանրապետությունում առկա են երաշտին բնորոշ բոլոր երեւույթները: Վերջինիս արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով 2008 թվականի ոռոգման շրջանի համար Սեւանա լճից ջրառի տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվեց 240.0 մլն. խոր. մետր: Անհրաժեշտ է նշել, որ օրենքի նախագծով նախկինում ներկայացվել էր ավելի մեծ առաջարկ, սակայն քննարկումների արդյունքներով ընդունվեց 240.0 մլն. խոր. մետր ջրառի թույլտվությունը:
2001-2007թթ. տարիների ընթացքում Սեւանա լճից ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի 1-ին տասնօրյակից սկսած, մինչդեռ առ 01.06.2008 թվականի դրությամբ Սեւանա լճից փաստացի ջրառը կազմել է 52.4 մլն. խոր. մետր: Առ 05.08.2008թ. դրությամբ Սեւանա լճից ջրառը կազմել է 189.1 մլն. խոր. մետր: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Սեւանա լճի մակարդակի բացարձակ նիշը առ 05.08.2008թ. դրությամբ կազմում է 1899.22 մ, որը տարեսկզբի համեմատությամբ ավել է 0.41 մետրով:
Աննախադեպ պատկեր է նաեւ ռազմավարական եւ դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի եւ Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 05.08.2008թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 18.62 մլն. խոր. մետր, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 21.61 մլն. խոր. մետրով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը կազմում է 27.31 մլն. խոր. մետր, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 12.66 մլն. խոր. մետրով: Ապարանի եւ Ազատի ջրամբարների ջրատվությունը 2007 թվականի համեմատությամբ պակաս լինելու հանգամանքով ջրի դեֆիցիտի փակման հիմնական աղբյուրը Սեւանա լիճն է:
Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը եւ եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել եւ համակարգի կազմակերպություններին տրվել են հանձնարարականներ` համապատասխան աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ համակարգի բարձր պատրաստվածության ապահովման համար, խորքային պոմպերի եւ պոմպակայանների լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման եւ ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման եւ այլ ուղղություններով:
Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց լրացուցիչ կպահանջվի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ, քանի որ համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածով հաստատված ժամանակավոր ծրագրի` Սեւանա լճից ջրառի տարեկան առավելագույն քանակ է սահմանվել մինչեւ 240 մլն խոր. մետր ջրաքանակը:
Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից ջրառի առավելագույն ջրաքանակը կկազմի 360 մլն մ3 :