Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի օրենքի (հետայսու` օրենք) 54-րդ հոդվածը վերաշարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ`
«Աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի:
Տարիքային կենսաթոշակ կամ ծերության սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազեցումները կատարելուց, հարկերն ու պարտադիր այլ վճարները հանելուց հետո աշխատող կենսաթոշակառուի կողմից տնօրինվող աշխատավարձի` դրական տարբերության չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածով սահմանված է խտրականության արգելքը կապված տարիքից: Բացի այդ, ինչպես վկայում են վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք նաեւ միջազգային կազմակերպությունների համար հիմք են հանդիսացել ծերացման գործընթացը դիտել ժամնակակից կարեւոր մարտահրավերներից մեկը (օրինակ` ՄԱԿ-ը, որի անդամ է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, 2002թ. ընդունեց ծերացման դեմ պայքարի համալիր ծրագիր (մադրիդյան գործողությունների պլատֆորմը)), անձի աշխատաշուկայից դուրս մղումը կապված նրա տարիքի հետ, առավել արագացնում է ծերացման գործընթացը, հասարակությունում ձեւավորում է սոցիալական լրացուցիչ լարվածություն, իր բացասական ազդեցությունն է թողնում սոցիալական ծախսումների բեռի ավելացման ուղղությամբ:
Կարեւոր է նաեւ այն, որ անձին աշխատանքի ընդունումը, ինչպես սահմանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83 հոդվածը, պայմավորված է նրա մասնագիտության պահանջի, որոշակի որակավորմամբ աշխատանք կատարելու կամ ծառայություններ մատուցելու ունակության հետ: Ինչ վերաբերում է աշխատողի որոշակի առավելագույն տարիքով պայմանորված աշխատաշուկայից դուրս գալու հետ, ապա այն պետք է դիտել ոչ թե պարտադիր կատարման ենթակա պահանջ, այլ հնարավորւթյուն, որը պետք է վերապահվի հենց աշխատողին: Գործատուն այս դեպքում ունի մի շարք հնարավորություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու համար (օրինակ` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, արտադրական անհրաժեշտությունից ելնելով` աշխատողների թվաքանակի կրճատումը, աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքի չհամապատասխանելը, աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, աշխատողի երկարատեեւ անաշխատունակությունը եւ այլն):
Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների դադարեցումը, կախված տարիքից, բացառությամբ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, հարկ է դիտել աշխատողի իրավունքի, այլ ոչ թե նրա պարտականության տեսանկյունից, ինչն առավել համահունչ է մարդու իրավունքներին:
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն աշխատանքային օրենսգրքով եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օրենսդրությամբ նախատեսված անհարկի սահմանափակման վերացմանը, օրենսդրության համապատասխանեցմանը ՀՀ սահմանադրության նորմերին, ինչպես նաեւ դրանով պայմանավորված աշխատողին հնարավորության ընձեռելու հետ, ըստ որի կենսաթոշակային տարիքի հասած աշխատողն ինքը կարող է ընտրել իր աշխատանքային գործունեության հետագա շարունակման նպատակահարմարությունը: Եթե նա շարունակում է մնալ աշխատանքային հարաբերություններում, ապա նրան վճարվող կենսաթոշակը, կվճարվի այն չափով, որն անհրաժեշտ է աշխատավաձի եւ կենսաթոշակի դրական տարբերությունը վերացնելու համար: Սա էականորեն կթեթեւացնի նաեւ ՀՀ պետական բյուջեի սոցիալական բեռը, անձանց հանարավորություն կընձեռի արդյունավետորեն իրացնել իրենց աշխատանքային ունակությունները:
Այս նախագծով չենք անդրադառնում պետական (այդ թվում, քաղաքացիական, պետական հատուկ ծառայության, քաղաքացիական աշխատանք կատարողների շրաջնում) եւ համայնքային ծառայուններում ներգրավված անձանց տարիքային սահմանափակումների հետ, այն լրացուցիչ ուսումնասիրության փուլում գտնվելու պատճառով: