Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հետայսու` օրենք) լրացնել 11.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 11.1 Հայոց ազգային ինքնության տոն` նշվում է օգոստոսի 11-ին, իսկ դրան նախորդող 5 օրերին, օգոստոսի 6-11 (Նավասարդյան տոներ), որպես կանոն, կազամակերպվում են համահայկական միջոցառումներ (խորհրդաժողովներ, սպորտային, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումներ):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հանրահայտ փաստ է, որ հայոց պատմական ավանդության համաձայն` Հայկ նահապետը (որին նախապես պաշտել ենք իբրեւ աստծո) եղել է մեր երկրի ու ժողովրդի անվանադիրը: Այդ են վկայում բազմաթիվ մատենագիրներ (Մովսես Խորենացի, Սեբեոս եւ Անանուն պատմիչ, Անանիա Շիրակացի, Վանական Վարդապետ, Հովհաննես Իմաստասեր եւ այլոք):

Նույն ավանդության համաձայն` հանուն Հայոց աշխարհի ու ազգի ազատության տարած նրա մեծ հաղթանակը դարձել է Հայոց Բուն տոմարի սկիզբը, հայոց ամենահին ու ամենափառապանծ տոնը: Ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի հաշվարկի համաձայն` այդ հաղթանակը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին, որն էլ դարձել է Հայոց Բուն տոմարի մեկնակետը եղել է Նավասարդ ամսվա առաջին` Արեգ օրը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընդունելով մատենագիտական եւ տոմարագիրական հաշվարկների հիմամբ մեծ հայագետի կատարած ուսումնասիրությունը, ընդունել եւ այժմ էլ Էջմիածնի Մայր Աթոռի օրացույցում կիրառում է Հայոց Բուն տոմարը` հաշվարկելով այն Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ից:

Հայ մատենագիրների երկերից հայտնի է նաեւ, որ Նավասարդի Արեգ օրը, եւ դրան նախորդող Ավելյաց ամսվա հինգ տոնական օրերը մեր նախնիները նշել են տոնակատարություններով` կոչելով դրանք "Նավասարդյան տոներ":

Նավասարդյան տոների ընթացքում, տոնակատարություններից բացի, արքայի կողմից հրավիրվում էր Աշխարհաժողով, որը երկրի բարձրագույն խորհրդակցական ժողովն էր եւ ամփոփում էր այդ տարի կատարվածը, նաեւ ուղենիշ-որոշումներ կայացնում հաջորդ տարվա համար:

Նկատի ունենալով, որ Նավասարդյան տոների վերականգնումը կունենա խիստ արդիական նշանակություն համայն հայության համար եւ' Հայրենիքում, եւ' Սփյուռքում` ինչպես ազգային ակունքների ճանաչողության, այնպես էլ գործնական նպատակառումներով, եւ, հատկապես, որ Հայկ նահապետը Հայոց ազգային միասնության գլխավոր եւ անխաթար խորհրդանիշն է, օրինագծի հեղինակները, ելնելով վերը նշվածից, կարեւորելով «Սերունդ» հասարակական միավորման այս ուղղությամբ ձեռնարկված նախաձեռնությունները, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ`

- Հայոց Բուն տոմարի մեկնակետ Նավասարդի Արեգ օրը` Օգոստոսի 11-ը, հայտարարել ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ:

- Վերականգնել Նավասարդի Արեգին, եւ դրան նախորդող Ավելյաց ամսվա հինգ տոնական օրերին (Օգոստոսի 6-11) անցկացվող Նավասարդյան տոները:

- Վերականգնելով ավանդույթը` ամեն տարի Նավասարդյան տոներին հրավիրել համայն հայության` Հայրենիքի եւ Սփյուռքի ներկայացուցիչների խորհրդաժողով` ամփոփելու նախորդ տարվա արածն ու նախատեսելու եկող տարի անելիքը:

- Նավասարդյան տոնական օրերին անցկացնել համահայկական միջոցառումները / օրինակ` "Հայրենիք-Սփյուռք" խորհրդաժողովը, Համահայկական խաղերը, "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոնը, գիտա-մշակութային, հասարակական եւ այլաբնույթ համահայկական միջոցառումները/:

Նախընտրելի է, որ Նավասարդյան տոները նշվեն ամեն տարի, իսկ տասը տարին մեկ` հոբելյանական շուքով: