Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-340-01.10.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի  ՀՕ- 55  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳՈՎԱԶԴ` տարբեր տեuակի տեղեկատվական միջոցների oգնությամբ իրավաբանական  կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մաuին ցանկացած հայտարարություն կամ տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը նպատակ ունի ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը դրանց նկատմամբ, խթանել դրանց իրացումը, վաճառքը, գնումը, վարձակալումը կամ հասնել ցանկալի այլ արդյունքի՝ փոխհատուցման պայմանով։

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԳՈՎԱԶԴ՝  գովազդի տեսակ, որը վերաբերում է բնակչության առողջության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, բարեգործության, բնության պահպանության, հայեցի եւ հայրենասիրական դաստիարակության, մշակութային արժեքների պահպանման, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, հասարակական անվտանգության հարցերին, առնչվում է պետական եւ ազգային շահերին եւ գովազդատուի համար չի կրում առեւտրային բնույթի։

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ տնտեսական կամ սոցիալական գործունեությանը աջակցելու եւ դրա որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական եւ (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձեւ, որը նպաստում է  տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։»։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում 5-րդ մասը  «ծավալով» բառից հետո լրացնել «եւ արտահայտչաձեւով»  բառերով։

Հոդված 3. Օրենքի  9-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6-րդ եւ 7-րդ կետեր, հետեւյալ բովանդակությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետությունում պայմանագրային հիմունքներով ամբողջական կամ  մասնակիորեն  վերահեռարձակվող հեռուստառադիոհաղորդումներում (կամ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում) արգելվում է տվյալ հեռուստառադիոընկերության քաղաքական  եւ առեւտրային գովազդի հեռարձակումը ։

7. Վերահեռարձակվող հաճախականության հաղորդումներում գովազդային ընդհատումների պարբերականության եւ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ մասով  սահմանված պայմանների չհամընկման (անհամապատասխանության դեպքում), վերահեռարձակման մեջ գովազդային ժամանակը համալրվում է սոցիալական գովազդով կամ երաժշտական հոլովակով։ »։

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  91 -րդ հոդվածով.

«Հոդված 91 .Գովազդը կինոթատրոններում

 Արգելվում է կինոթատրոններում եւ կինո, տեսա, մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն ֆիլմերի հանրային ցուցադրում իրականացնող այլ  կազմակերպություններում եւ հաստատություններում ընդհատել ցուցադրվող գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը՝   առեւտրային  գովազդ  ներկայացնելու նպատակով։»։

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում 3-րդ մասը «նրանց տարածքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սոցիալական գովազդի։» բառերով։

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սոցիալական գովազդը նպատակաուղղված է մարդասիրական, բարեգործական  եւ հանրային ու պետական շահերից բխող  այլ նվաճումների հասնելուն, ինչպես նաեւ անձի, հասարակության ու պետության  համար բացասական կամ արատավոր համարվող երեւույթները կանխելուն։

2. Սոցիալական գովազդը ստեղծվում է հնչեցնելու, լուսաբանելու, ուշադրություն հրավիրելու, հետագայում լուծումներ տալու կամ հանրային նշանակության հարցերի, խնդիրների շուրջ հնարության զգոնությունը ուժեղացնելու համար, նպաստելու հանրային շահերին եւ(կամ) ձեւավորելու հանրության մշակութային եւ աշխարհայացային մոտեցումները։

3. Սոցիալական գովազդը նպաստում է՝

ա) հասարակական կարծիքի ձեւավորմանը,

բ) անդրադառնում եւ ուշադրություն է հրավիրում հասարակական կյանքում առկա  հիմնախնդիրներն եւ խթանում, ակտիվացնում դրանց լուծմանն ուղղված գործողությունները,

գ) մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,

դ) անձի կողմից պետության եւ հասարակության առջեւ ունեցած պարտավորությունների մասին իրազեկվացության բարձրացմանը,

ե) պետական կառույցների գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորմանը,

զ) տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից սոցիալական պատասխանատվության դրսեւորումներին,

է) սոցիալական նշանակություն ունեցող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը,

ը) հասարակական հարաբերություն նոր որակների ձեւավորմանը,

թ) հասարակության շրջանում բարոյական եւ վարքագծային նորմերի, արժեքային համակարգի ձեւավորմանը։

4. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, պետական կառավարման (նախարարություններ, գերատեսչությունների), տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունները։

5. Գովազդակիրը  պարտավոր է սոցիալական գովազդի համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի, ցուցապաստառի ծավալի) առնվազն յոթ տոկոսը։

6. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին։

7. Սոցիալական գովազդի անվճար տեղաբաշխման դեպքում տվյալ սոցիալական գովազդի համար տրամադրված եթերային ժամանակը չի ներառվում գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի մեջ։

8. Պետության կողմից ազգային, ռազմավարական եւ այլ գերակա կամ առաջնային ճանաչված ծրագրերի իրազեկման, դրանց առաջ մղման կամ բացասական երեւույթների կանխման նպատակով սոցիալական գովազդները գովազդակիրը տարածում, հեռարձակում կամ տեղադրում է առաջնահերթության պայմանով։

9. Արգելվում է սոցիալական գովազդում տեղադրել հիշեցում կամ նշում   ապրանքի, ապրանքանշանի կամ այլ հատկանիշների, ինչպես նաեւ ծառայությունների կամ հովանավորների մասին։

Հոդված  7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ131 -րդ հոդվածով,

«Հոդված 131 . Հովանավորություն

1. Հովանավորված ծրագրերի կամ  միջոցառումների բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրի հովանավորի միջամտություն եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը։

2. Հովանավորվող միջոցառումները, ծրագրերը, հաղորդումները չպետք է ընդհատվեն (հնչեցվեն, տպագրվեն, տարածվեն) հովանավորին կամ 3-րդ կողմի արտադրանքը եւ ծառայությունները գովազդելու, դրանք խրախուսելու, ինչպես նաեւ նպատակաուղղեն հավանական սպառողին՝  գնելու կամ վարձակալելու հովանավորի կամ 3-րդ կողմի թողարկած ապրանքները եւ(կամ) մատուցած ծառայությունները։»։

3. Արգելվում է հովանվորությունը՝

ա) ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի, դեղատոմսով տրամադրվող դեղերի արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված այլ գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից,

բ) նորությունների եւ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հեռուստառադիոհաղորդումների համար,

4. Արգելվում է հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հեռարձակման ամբողջ տեւողության ընթացքում հովանավորին ներկայացնելը՝ լուսագրերի, խորհրդանիշների, մակագրությունների կամ կարճ հայտարարությունների տեսքով։ Դա արվում է միայն հաղորդման սկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում 2-րդ կետի «խմիչքների եւ ծխախոտի» բառերը փոխարինել «խմիչքների, ծխախոտի եւ դեղերի» բառերով։

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի», բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության» բառերով.

2) 2-րդ կետը «Արգելվում է ծխախոտի» բառերից հետո լրացնել «եւ (կամ) ծխախոտային արտադրության » բառերով.

3) 3-րդ կետը  «ծխախոտի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության գովազդման» բառերով.

4) 4-րդ կետը «ծխախոտի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության գովազդների» բառերով.

5) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոu) խմիչքների (բացառությամբ՝ հայրենական արտադրության  կոնյակի) եւ ծխախոտի եւ(կամ) ծխախոտային  արտադրության գովազդը:».

6) 5.1.-րդ կետը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «, եւ(կամ)  դրանց արտադրության» բառերով.

7) 5.2-րդ կետի «տասը» բառը փոխարինել «երեսուն» բառով.

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.4-րդ եւ 5.5-րդ  կետերով.

«5.4. Արգելվում է ծխախոտի եւ(կամ)  ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ դրանց  արտադրության գովազդի տարածումը համակարգչային գծերի եւ ցանցերի (այդ թվում՝ Ինտերնետ), ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցների եւ  տվյալների բազայի  օգտագործման միջոցով։

5.5. Արգելվում է ծխախոտի եւ(կամ) ալկոհոլային խմիչների, ինչպես նաեւ դրանց  ծխախոտային արտադրության գովազդի տարածումը կինոթատրոններում, կինոֆիլմերի, մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն տեսաֆիլմերի հանրային ցուցադրում իրականացնող այլ կազմակերպություններում եւ հաստատություններում՝ ցուցադրումներն օգտագործելու միջոցով։ ».

9) 10-րդ կետի «հեռուստահաղորդակցության ալիքով» բառերը փոխարինել «հեռուստառադիոհաճախությամբ» բառով.

10) 12-րդ մասից հանել «բացառությամբ հովանավորության դեպքերի» բառերը.

11) լրացնել նոր 14-րդ կետ, հետեւյալ բովանդակությամբ՝

«14. Առանց լիցենզիայի առկայության արգելվում է այն գործունեության (ապրանքներ, արտադրություն, ծառայություն) տեսակների գովազդը, որոնք ենթակա են լիցենզավորման։ Ապրանքների առանձին տեսակների  արտոնագրման  դեպքում, գովազդում նշվում է դրա մասին։»։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է գովազդի բնագավառի օրենսդրության, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների եւ իրական կյանքում առկա գործընթացների միջեւ առաջացած անհամապատասխանությունները, անորոշությունները եւ բացթողումները կարգավորելու նպատակով։

Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթը հատկապես անդրադառնում է գովազդի  եւ  դրա միջոցով տարածվող տեղեկությունների սոցիալականացմանը՝ հիմք ընդունելով միջազգային իրավական պրակտիկան եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել կամ պարտավորվել է ստանձնել Հայաստանի Հանրապետությունը։

Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորման առարկան բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. սոցիալական գովազդ, հովանավորություն, ալկոհոլային եւ ծխախոտային արդյունաբերություն գովազդի սահմանափակումներ։

Դեռեւս 1996 թվականին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսված է սոցիալական գովազդի հնարավորությունը, սակայն օրենքը չի սահմանել դրա բնորոշումը, ինչպես նաեւ չի ստեղծել բավարար իրավական  մեխանիզմներ դրա հստակ իրագործման համար։

Առաջարկվող փոփոխությամբ հեռուստառադիոընկերությունների կողմից սոցիալական գովազդի տարեկան ծավալները 5%-ից փոխվում են 7%-ի, իսկ դրանց անվճար հեռարձակման դեպքում վերջինս չի ներառվում գովազդային եթերաժամի մեջ։ Փաթեթային նախաձեռնության արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահվել է սոցիալական գովազդի անվճար հեռարձակման պարտավորությունը։ Առաջարկվում է նաեւ՝ պետական կարեւորության ռազմավարական ծրագրերի եւ միջոցառումների  շուրջ սոցիալական գովազդների տարածումը առաջնայնության պայմանով։ Դա լավագույն հնարավորություններից մեկն է՝ հանրությանը իրազեկելու համար պետության կողմից եւ ազգային մակարդակով ընդհանրապես իրականացվող  հանրային նշանակության գործընթացներին, եւ ապահովել նրանց մասնակցությունը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հովանավորության դեպքերին, որը մինչ օրս կարգավորվում է միայն հեռարձակման բնագավառում եւ հենց այդտեղ էլ շահարկվում՝ իրականում վերածվելով գովազդի։ Նախագծում սահմանվում է հովանավորություն ընդհանրապես, եւ դրա կիրառման մեխանիզմները՝ անկախ գովազդի իրականացման ձեւերից։

Հարկ է նշել, որ գովազդի մասին օրենսդրությունը պետք է բխի «Անդրսահմանային հեռուստատեսության մասին» եվրոպական կոնվենցիայի եւ կից արձանագրության սկզբունքներից, որոնք որոշակի հիմք են հանդիսացել սույն օրենսդրական փաթեթում։

Օրենքի նախագծի կարգավորման երրորդ բաղադրիչը վերաբերում է ալկոհոլային խմիչների եւ ծխախոտին արտադրության գովազդի սահմանափակմանը, որը բխում է ԱՀԿ- ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» պահանջներից։ Փոփոխությունը նպատակ ունի նշված ապրանքատեսակների «արտադրություն» բառը օրենքում ամրագրելով  կանխել  հովանոցային գովազդի իրականացման դեպքերը։