Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-341-01.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 »-րդ կետ.

«զ1 ) իր ցանկությամբ ընդգրկվել պատգամավորական բարեկամական խմբերում.»,

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում 2-րդ մասը լրացնել  հետեւյալ նախադասությամբ՝

«Օրաթերթերի տրամադրման նախնական հայտը ներկայացնում են խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները։»։

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝

ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «61 »-րդ մաով.

«Առանձին հարցերի մշակման կապակցությամբ, մշտական հանձնաժողովի նախագահը կարող է պայմանագրային կարգով հրավիրել ժամանակավոր փորձագետ(ներ)՝  համաձայն Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգի։»։

բ) 8-րդ մասը  լրացնել  հետեւյալ նախադասությամբ՝

«Օրաթերթերի տրամադրման նախնական հայտը ներկայացնում են մշտական հանձնաժողովների նախագահները։».

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հանձնաժողովում քննարկված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի քննարկման ընթացքում եւ դրանց արդյունքում առաջացած հարցադրումներով մշտական հանձնաժողովը կարող է դիմել կառավարությանը, պետական  կառավարման լիազորված մարմիններին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական եւ միջազգային կազմակերպություններին եւ այլ իրավասու մարմիններին ու կազմակերպություններին։ Նշված կառույցների ներկայացուցիչները պարտավոր են սահմանված ժամկետներում եւ ընթացակարգով պատասխանել դրանց կամ հիմնավորել մերժումը։»։

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում 8-րդ մասը լրացնել հետեւայլ բովանդակությամբ «թ1 »-րդ եւ «ժ1 »-րդ կետերով.

« թ1 )  ներկայացնում է մշտական հանձնաժողովը.

«ժ1 )  կարող է հրավիրել ժամանակավոր փորձագետներ.»։

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Լսումները կազմակերպող հանձնաժողովի որոշմամբ լսումների վերաբերյալ նյութերը կարող են հրատարակվել՝ այդ մասին որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու եւ հավանության արժանանալու դեպքում։»։

Հոդված 6.   Օրենքի 112-րդ հոդվածի  4-րդ մասից հանել « Հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում:» նախադասությունը։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրահեության օրենքի ընդունման վերաբերյալ

Ներկայացվող օրենսդրական նախաձեռնության նպատական է հստակեցնել մի շարք կանոնակարգային  դրույթներ, որոնք բավարար մեխանիզմներ չեն ստեղծել կամ դրանց պարզապես անդրադարձ չի արվել։

Մասնավորապես, մշտական հանձնաժողովները, խմբակցություններ, պատգամավորական խմբերը պետք է ապահովվեն  օրաթերթերով, սակայն պարզ չէ թե ինչպե՞ս  եւ ու՞մ կողմից է ընտրվում օրաթերթերի անվանացանկը։ Նախաձեռնությամբ այդ լիազորությունը վերապահվում է հանձնաժողովի  նախագահին, խմբակցության եւ խմբի ղեկավարը։

Հաջորդ լրացումը վերաբերում է խորհրդարանական լսումների արդյունքի առավել արդյունավետ օգտագործմանը։ Խորհրդարանական լսումները համարվում են քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի համագործակցության լավագույն ինստիտուտը։ Հետեւաբար առավել հնչեղություն ունեցող եւ   կարեւորություն ներկայացնող հարցերի քննարկման արդյունքները առավել նպատակային կարող են օգտագործվել, եթե դրանք նաեւ հրապարակվեն։ Քննարկվող հարցի արդիականությունը եւ հրապարակման անհրաժեշտությունը  պետք է որոշի ԽԼ կազմակերպող մշտական հանձնաժողովը։

Եվ վերջապես, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգից հանել մի սահմանում, համաձայն որի, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի ընթացքում խորհրդարանական մարմիններին եւ ուժերին հատկացվող  ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում:

Մինչդեռ խորհրդարանը քաղաքական երկխոսությունների ինստիտուտ է եւ նշված նորմի առկայությունը կարող է դիտարկվել, որպես արտահայտվելու ազատության սահմանափակում։