Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6, այսուհետ` Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ խմբագրությամբ՝
«Օդանավակայանում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:»
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 1351 հոդվածով հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 1351 Տրանսպորտում ծխելը
Հասարակական ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային եւ էլեկտրական տրանսպորտում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 1732 եւ 1733 հոդվածներով հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 1732 . Ծխելն արգելող կանոնները խախտելը
Կրթական, մշակույթային եւ առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ հասարակական նշանակություն ունեցող վայրերում եւ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների `
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:
Նույն արարքը այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 1733 . Ծխախոտի օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը
Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների բացակայությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված արարքը այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 3- րդ կետում «133» թվից հետո լրացնել «,1351 » թիվը:
Հոդված 6. Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ինչպես նաեւ սույն օրենսգրքի 1732 եւ 1733 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի «152-րդ հոդվածով» բառերը փոխարինել «152-րդ, 1732 -1733 -րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր գերակայությունը առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:
2004թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային Ժողովը ՀՀ Նախագահի ներկայացմամբ վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան (ԾՊՇԿ) եւ Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ-երկրներից առաջինը, որն իրականացրեց այս քայլը: ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը։ 2004թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եվ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ 2005թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը: Չնայած էական առաջընթացին՝ դեռեւս առկա են որոշ բացեր, որոնցից կարեւորագույնների շարքում է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ կապված հիմնախնդիրը։ Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող օրենքն արդեն ընդունված է, սակայն դեռեւս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ։ Օրենսդրության գործնական եւ փաստացի իրականացումը պահանջում է այնպիսի համարժեք միջոցներ, ինչպիսիք են վերահսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ գործունեությունը, տուգանքների առկայությունը եւ կիրառումը, հասարակության իրազեկումը։
Այդ իսկ պատճառով «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության նախատեսման նպատակով անհրաժեշտ է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»` սահմանելով տուգանքների չափերը: Բացի այդ առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել կրթական, մշակույթային, առողջապահական հաստատություններում ծխախոտի օգտագործման սահմանափակումների նպատակով` բացառելով այդ հիմնարկների տարածքներում ծխելու համար առանձնացված գոտիների ստեղծումը: