Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3462-03.10.2008-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (05 դեկտեմբերի 2006 թվական, ՀՕ-233) 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության մեջ հանել «ծխելը եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ծխախոտի իրացման, սպառման եվ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում  ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր գերակայությունը առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

2004թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային Ժողովը ՀՀ Նախագահի ներկայացմամբ վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան (ԾՊՇԿ) եւ Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ-երկրներից առաջինը, որն իրականացրեց այս քայլը: ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը։  2004թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ-ն  ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եվ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ  2005թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց  Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը: Չնայած էական առաջընթացին՝ դեռեւս առկա են որոշ բացեր, որոնցից կարեւորագույնների շարքում է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ կապված հիմնախնդիրը։ Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող օրենքն արդեն ընդունված է, սակայն դեռեւս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ։ Օրենսդրության գործնական եւ փաստացի իրականացումը պահանջում է այնպիսի համարժեք միջոցներ, ինչպիսիք են վերահսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ գործունեությունը, տուգանքների առկայությունը եւ կիրառումը, հասարակության իրազեկումը։

Այդ իսկ պատճառով «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության նախատեսման նպատակով անհրաժեշտ է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»` սահմանելով տուգանքների չափերը: Բացի այդ առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել կրթական, մշակույթային, առողջապահական հաստատություններում ծխախոտի օգտագործման սահմանափակումների նպատակով`  բացառելով այդ հիմնարկների տարածքներում ծխելու համար առանձնացված գոտիների ստեղծումը: