Armenian ARMSCII Armenian
Պ-241-19.04.2013,10.06.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 132.2-րդ եւ 168-րդ հոդվածներով, ինչպես նաեւ անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով՝

«6)   կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից,

9) զուգորդվել է անձի առեւանգմամբ կամ անձին ազատությունից ապօրինի զրկելով`»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 4-րդ մասով.

«4. Սույն օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաեւ 12 տարին չլրացած անձը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1)1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝»

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով՝

«6) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից,

9) զուգորդվել է անձի առեւանգմամբ կամ անձին ազատությունից ապօրինի զրկելով`»,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից  երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից տասներկու տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 141. Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով կամ 140-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) քսանմեկ տարին լրացած անձի կողմից,

2) մի խումբ անձանց կողմից,

3) միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար`

 պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տաս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2)  տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,

3) տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

4) միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,

5)  մի խումբ անձանց կողմից

6)  էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլեու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է էապես վերափոխել ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  18-րդ գլուխը, ինչպես նաեւ համապատասխան լրացումներ կատարել Oրենսգրքի   «Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով» վերտառությամբ 75-րդ հոդվածում:

Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված են սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:

Օրենսգրքի  «Բռնաբարություն» վերտառությամբ 138-րդ եւ  «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները» վերտառությամբ 139-րդ հոդվածների որպես որակյալ հանցակազմ նախատեսված չէ արարքն ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կատարելը, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով  կատարելը, նշված հոդվածների առաջին մասով նախատեսված արարքն ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից կատարելը: Օրենսգրքի 138 եւ 139-րդ հոդվածներով  որպես որակյալ հանցակազմ նախատեսված չէ նաեւ համապատասխան արարքի կատարելը, եթե դա զուգորդվել է անձին առեւանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով:

Օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածների առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ որպես որակյալ հանցակազմ նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է արարքի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով: Նշված դեպքում հանցավորը ոտնձգություն է կատարում ինչպես կնոջ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության նկատմամբ, այնպես էլ նրա պտղի նկատմամբ:

 Օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածների առաջին մասով նախատեսված արարքը զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելը որպես որակյալ հանցակազմ նախատեսելը անհրաժեշտ է, քանի որ զենքի գործածումը կամ գործածման սպառնալիքը անմիջականորեն օգտագրծվում է որպես միջոց վերացնելու հանցագործության կատարման համար առկա դժվարությունները, միաժամանակ իրական վտանգ ներկայացնելով տուժողի կյանքի եւ առողջության համար:

Օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածների առաջին մասով նախատեսված արարքն ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժհաստատությունում գտնվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից կատարելը որպես որակյալ հանցակազմ նախատեսելը լրացուցիչ երաշխիք է նշված հաստատություններում գտնվող անձանց սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության նկատմամբ ոտնձգություննրը կանխարգելելու համար: Այս դրույթի սահմանումը կարեւորվում է, քանի որ նշված հաստատություններում գտնվող անձիք, ելնելով իրենց ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, առավել խոցելի են եւ հետեւաբար ավելի մեծ է 138-րդ կամ 139-րդ հոդվածներով նախատեսված արարքը հանցավորի կողմից իր պաշտոնեական կամ ծառայողական դիրքի օգտագործմամբ իրականացնելու վտանգը:

Օրենսգրքի 138 կամ 139-րդ հոդվածների առաջին մասով նախատեսված արարքի կատարման դեպքում անձին առեւանգելը կամ ազատությունից ապօրինի զրկելը հեշտացնում է տուժողի կողմից դիմադրությունը հաղթահարելու հնարավորությունը, ինչն իր հեթին դյուրին է դարձնում հանցավորի համար համապատասխան հանցագործություն կատարելը, ինչով էլ եւ պայմանավորված է այն որպես որակյալ հանցակազմ նախատեսելու անհրաժեշտությունը:

Օրենսգրքի 138-րդ, 139-րդ, 141-րդ եւ 142-րդ հոդվածներով որպես արարքի առանձնապես վտանգավոր տեսակ նախատեսված չէ դրա կատարելը երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն:  Այս դրույթը որպես որակյալ հանցակազմ նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ. ա) որպես տուժող հանդես է գալիս տասնութ տարին չլրացած անձը; բ) վերը նշված անձիք հանդես են գալիս որպես հատուկ սուբյեկտ, ում վրա դրված է լրացուցիչ պարտականություն (երեխայի դաստիարակության կամ խնամքի): Հարկ է նշել նաեւ, որ Օրենսգրքի 138-142 հոդվածներում տեղ են գտել որոշ ձեւակերպումներ, որոնք անհրաժեշտ է հստակեցնել, ինչպես նաեւ հասկացություններ, որոնց սահմանումը բացակայում է: Նմանատիպ թերկարգավորվածությունը իրավակիրառ պրակտիկայում կարող է արարքների որակման հետ կապված դժվարություններ առաջացնել: Մասնավորապես Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածներում առկա է  «անօգնական վիճակն օգտագործելով» եզրույթը, սակայն բացված չէ դրա բովանդակությունը: Այլ կերպ ասած նախատեսված չեն այն չափորոշիչները կամ պայմանները, որոնց առկայության դեպքում անձը համարվում է անօգնական վիճակում գտնվող:

Օրենսգրքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար, սակայն որպես որակյալ հանցակազմ նախատեսված չէ տվյալ արարքի առավել բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող որեւէ տեսակ, ինչպիսիք են, օրինակ, արարքը կատարելը միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ինչպես նաեւ այն կատարելը  մի խումբ անձանց կողմից կամ քսանմեկ տարին լրացած անձի կողմից:  Նշված արարքի առավել վտանգավոր տեսակ է այն կատարելը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կամ այն  կատարելը երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն: Արարքի առավել բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող ձեւերի բացակայության հետ կապված օրենսդրական թերկարգավորում առկա է նաեւ  «Անառակաբարո գործողությունները» վերտառությամբ 142-րդ հոդվածում:

Օրենսգրքի 75-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հանցագործությունների կատարման պարագայում անչափահաս տուժողը տարիքային գործոնով պայմանավորված որոշակի հանգամանքներից ելնելով ավելի հակված է տեւական ժամանակ գաղտնի պահել  իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Առաջարկվող փոփոխությունն ուղղված է ապահովելուն, որ անչափահաս տուժողի պարագայում` վերջինիս հոգեբանական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելով` քրեական պատասխանատվության ենթարկելու ողջամիտ եւ բավարար ժամկետ սահմանվի:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբող Օրենսգրքի 75-րդ հոդվածում լրացում կատարել, ըստ որի անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` Օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը կսկսվի տուժողի տասնութ տարին լրանալու պահից: Միեւնույն ժամանակ օրենսդրական կարգավորումների միասնականությունն ապահովելու նպատակով վաղեմության ժամկետի հաշվարկման նշված կարգը կգործի նաեւ Օրենսգրքի 132.2 - րդ եւ 168-րդ հոդվածներով նախատեսված արարքը կատարելու դեպքում:

Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով առաջարկվում է այդ հոդվածների 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի թվին ավելացնել նաեւ համապատասխան արարքը կատարելը.

- ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

- զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

-  ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից,

- անձին առեւանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով:

Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների 3-րդ մասով որպես արարքի առանձնապես վտանգավոր՝ նոր տեսակ սահմանել համապատասխան արարքը կատարելը երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն: Նշված լրացմամբ պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների 3-րդ մասի սանկցիայում նախատեսված հիմնական պատժի հետ միասին սահմանել լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` երեք տարի ժամկետով:

Նախագծով բացվել է նաեւ Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների առաջին մասում առկա  «անօգնական վիճակ» եզրույթի բովանդակությունը, ըստ որի Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաեւ 12 տարին չլրացած անձը:

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված արարքի որակյալ հանցակազմ սահմանել այդ արարքը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը` նախատեսելով ավելի խիստ պատիժ` ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվում է տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքում Օրենսգրքի 141-րդ հոդվածի երկրորդ մասով՝ որպես որակյալ հանցակազմ նախատեսել միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար կատարելը, ինչպես նաեւ նույն արարքը կատարելը  մի խումբ անձանց կողմից կամ քսանմեկ տարին լրացած անձի կողմից: Նշված որակյալ հանցակազմերի առկայության պարագայում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Նախագծով առաջարկվում է 141-րդ հոդվածի երրորդ մասով սահմանել առավել խիստ պատիժ համապատասխան արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարելու համար եւ այն դեպքերում, երբ արարքը կատարվում է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է վերջինիս դաստիարակության կամ խնամքի պարտականություն` որպես պատիժ սահմանելով ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասով որպես որակյալ հանցակազմ նախատեսել անառակաբարո գործողություններ կատարելը`

1)     տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2)     21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,

3)  մի խումբ անձանց կողմից,

4)  միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,

5)  տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

6)  էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամաբ:

Բացի այդ, Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված որակյալ հանցակազմերի պարագայում առաջարկվում է սահմանել երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ավելի խիստ պատիժ է առաջարկվում սահմանել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,  ինչպես նաեւ այն կատարելը տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ: Նմանատիպ դեպքերի համար նախագծի երրորդ մասի սանկցիայով նախատեսվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հարկ է նշել նաեւ, որ Նախագծով առաջարկվում է կատարելագործել Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված որոշ հանցագործությունների դիսպոզիցիաները, ինչպես նաեւ որոշակի փոփոխություններ կատարել կոնկրետ հոդվածների սանկցիաներում:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել եւ հաշվի է առնվել նաեւ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորման վերաբերյալ մի շարք երկրների փորձը: