Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-357-20.10.2008-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (05 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-254-Ն, այսուհետ` Օրենք ) 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձեւերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային Ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Դրույքաչափերի» բառը փոխարինել «Օրենքով միջակայքով սահմանված դրույքաչափերի» բառերով եւ նույն հոդվածը վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո»:

Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 6-րդ կետի`

1. աղյուսակը 9-րդ եւ 13-րդ կետերից հետո լրացնել համապատասխանաբար 9.1 եւ 13.1 կետերով`

2. «Գn» մեծության մեկնաբանությունից առաջ լրացնել.

«հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դn» եւ «Դ0» մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`

ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձեւում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ եւս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,

բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:

3. վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Դ0'-ն եւ Դn' -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:

Դ0'' -ն եւ Դn'' -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ0' եւ Դn' դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:

Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձեւերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1 եւ 13.1 կետերում տրված Դn' եւ Դ0' դրույքաչափերի), ճշգրտվում են` հավասարեցվելով`

ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,

բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,

գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,

դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում::» :

3. 7-րդ կետի «ա» ենթակետում «լրացուցիչ եկամուտների» բառերից հետո լրացնել «եւ կորուստների» բառերը, իսկ «բ» ենթակետում` «կորուստների» բառից առաջ ավելացնել «լրացուցիչ եկամուտների եւ» բառերը:

4. 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով եւ նոր պարբերությամբ.

«դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորուստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:

Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձեւերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված» :

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ նրա գործողությունը տարածվում է 2009 թվականին եւ դրան հաջորդող բյուջետային տարիներին պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն համայնքի բյուջեի եկամուտների վրա առանձին օրենքների կիրարկման ազդեցության հաշվարկման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա մի շարք խնդիրներ խոչընդոտում են նշված գործընթացի բնականոն ընթացքին, ինչը կարգավորելու նպատակով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես.

1. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` ՀՀ որեւէ օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար այդ օրենքն ընդունելու պահին գործող բանաձեւերը կիրառելի չեն, ապա Օրենքում պետք է կատարվի անհրաժեշտ փոփոխություն կամ լրացում: Ընդ որում, այդ փոփոխությունը կամ լրացումը նախատեսող օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը Ազգային ժողով պետք է ներկայացնի համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում :

Այս տեսանկյունից օրենսդրական փոփոխությունների ազդեցության հաշվարկների համար ոչ կիրառելի կամ նոր բանաձեւերին համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարների հաշվարկման տարվա ընթացքում անդրադառնալը (Ազգային ժողով Օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ ներկայացնելը) հնարավորություն կտա տվյալ տարում կատարված փոփոխությունները քննարկել ընդհանուր մոտեցմամբ (Նախագծի 1-ին հոդված):

2. Օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված են այն դեպքերը, երբ օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափի միջակայքի շրջանակում համայնքի ավագանու կողմից հաստատված դրույքաչափի փոփոխությունը ուղղակիորեն պարտադրված է համապատասխան օրենքի փոփոխությամբ եւ հետեւաբար առաջացնում է համայնքի բյուջեի եկամուտների կորուստների փոխհատուցման անհրաժեշտություն: Այս հոդվածին համապատասխան գործում են Օրենքի հավելվածի 6-րդ կետի բանաձեւերը` նախատեսված միջակայքով սահմանված դրույքաչափերի համար:

Տեղական տուրքի հաստատագրված դրույքաչափերի դեպքում եւս Օրենքի հստակ կիրառումն ապահովելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է տեղական տուրքի օրենքով սահմանած հաստատագրված դրույքաչափերն Օրենքի իմաստով համարել տվյալ տեղական տուրքի դրույքաչափի վերին սահման, իսկ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով տրվում են հաստատագրված դրույքաչափերի դեպքում Օրենքի հավելվածի բանաձեւերում կիրառվող վերին սահմանների մեկնաբանությունները:

3. Գործնականում հանդիպել են այնպիսի դեպքեր, երբ հաշվարկներում կիրառվող տվյալ տարվա համար համայնքի ավագանու հաստատած տեղական տուրքի դրույքաչափերը (որոնք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվում են լիազորված պետական մարմնին համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար) չեն համապատասխանել «Տեղական տուրքերի եւ տեղական վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներին (այսինքն, ավագանու հաստատած տեղական տուրքի դրույքաչափը դուրս է օրենքով տեղական տուրքի այդ տեսակի սահմանման համար ամրագրված միջակայքից կամ հավասար չէ հաստատագրված դրույքաչափին): Նման անհամապատասխանության հայտնաբերման դեպքում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսվում է հաշվարկն իրականացնել, կիրառելով նոր բանաձեւեր եւ ճշգրտված դրույքաչափեր:

4. Տարվա ընթացքում կատարված (տվյալ տարվա հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտած) օրենսդրական փոփոխությունների ազդեցությամբ համայնքի բյուջեի կորուստների ու ստացած լրացուցիչ եկամուտների հաշվարկներում Օրենքի հավելվածի 7-րդ կետով սահմանված են «փոխհատուցման առաջին տարի» եւ «բազային տարի» հասկացությունները: Օրենքի վերը նշված կետի «ա» ենթակետը փոխհատուցման առաջին տարվա մասով սահմանված է համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների, իսկ «բ» կետը բազային տարվա մասով` միայն համայնքի բյուջեի կորուստների հաշվարկների համար: Առաջարկվող փոփոխությամբ այդ հասկացություններն ընդհանրացվում են եւ՛ կորուստների, եւ՛ լրացուցիչ եկամուտների հաշվարկների համար:

5. «Տեղական տուրքերի եւ տեղական վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի համաձայն, տեղական տուրքերի դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ : Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ընթացիկ տարվա համար տեղական տուրքերի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել : Այս հոդվածի կիրառմամբ որոշ համայնքներ տեղական տուրքի տարվա ընթացքում փոխված դրույքաչափը կարող են կիրառել այդ իսկ տարվա ընթացքում, իսկ որոշները` հաջորդ տարվանից:

Այս առումով առաջարկվում է Օրենքով հստակեցնել նման դեպքերում հաշվարկների կատարման սկզբունքը, այն է` ընդունել, որ համայնքի բյուջեի եկամուտների կորուստի փոխհատուցման առաջին տարին դա նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է (Նախագծի 4-րդ հոդվածի առաջին պարբերություն):

6. Օրենքի համաձայն համայնքի բյուջեի վրա առանձին օրենքների ազդեցությունը հաշվարկելիս արձանագրվել են դեպքեր, որոնց համար Օրենքով հաստատված բանաձեւերը կիրառելի չեն: Օրինակ, երբ «Տեղական տուրքերի եւ տեղական վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը վերաբերվում է եւ՛ տեղական տուրքի հաշվարկման կարգին, եւ՛ դրույքաչափին միաժամանակ: Արդյունքում բազային եւ փոխհատուցման տարիների ելակետային տվյալները դառնում են անհամադրելի, իսկ Օրենքով հաստատված բանաձեւերը` ոչ կիրառելի: Հարցի կարգավորման նպատակով առաջարկվում է հաշվարկի պարզ մեխանիզմ` փոխհատուցման գումարները հաշվարկել այն ենթադրության հիման վրա, որ նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված (Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին պարբերություն):

7. Օրենքի ընդունումից հետո 2007 թվականի հոկտեմբերին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ օրենսդրորեն հստակեցվեցին համայնքներին պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) օրենքով հաստատված գումարների վերահաշվարկման հիմքերը, կարգը, ժամկետները: Մասնավորապես, ըստ այդ փոփոխության տվյալ տարվա դոտացիաների գումարների վերահաշվարկը կատարվում է, եթե հաշվարկում կիրառված ելակետային տվյալներում կամ հաշվարկում առկա սխալների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները լիազոր մարմնում ստացվում են մինչեւ տվյալ տարվա դոտացիաների գումարների հաշվարկների կատարման տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքների կիրառման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարները եւս վերը նշված դոտացիաների հաշվարկման համար ելակետային տվյալներ են, ուստի անհրաժեշտ է հստակեցնել դոտացիաների եւ եկամուտների կորուստների փոխհատուցման գումարների վերահաշվարկման գործողությունների միջեւ կապը : Այդ նպատակով նախագծով առաջարկվում է համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման գումարի վերահաշվարկը կատարել նույն այն ժամանակահատվածում, որն օրենքով սահմանած է դոտացիաների վերահաշվարկման համար: Այսինքն` համայնքի բյուջեի եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի վերահաշվարկ չի կատարվի, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում կստացվեն կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը կտեղեկացվի համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո (նախագծի 5-րդ հոդված):