Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-359-23.10.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 24.1 հոդվածում «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի» բառերը փոխարինել «Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի (այսուհետ` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածի «դ)» կետը,  4.1-րդ գլխի վերնագիրը, 24.1 հոդվածի վերնագիրը, 24.1 հոդվածը, 24.2 հոդվածի վերնագիրը, 24.2 հոդվածը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 24.2 հոդվածի 1-ին մասի «2)» կետը, 4-րդ մասի 1-ին կետը «շնորհելու» բառից հետո լրացնել «կամ «Մարտական խաչ շքանշանով» պարգեւատրելու» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: 


ՏԵՂԵԿԱՆՔ -  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի նիստի N 11 արձանագրային որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի քննարկվել է «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքի նպաստ (այսուհետ` նպաստ) սահմանելու հարցը եւ համաձայն ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 22-ի N 040-2398 հանձնարարականի մշակվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2009 թվականի հունվարի 1-ից:

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգեւատրված զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերել պետության առանձնակի մոտեցում եւ նյութական աջակցություն:

«Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքի նպաստի իրավունքը, դրա շրջանակը, նշանակման եւ վճարման կարգն առաջարկվում է սահմանել այն նույն ձեւով եւ սկզբունքներով, ինչ զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստինը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 4.1 գլխով 2008 թվականի հունվարի 1-ից սահմանվել է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ: ՀՀ կառավարության մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատվել է նպաստի վճարման կարգը եւ նպաստի չափը` 200 հազար դրամ:

1.1.կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձանց ընտանիքների համար լրացուցիչ պետական աջակցության ծրագրեր չկան, նրանք ունեն նույն իրավունքներն, ինչ այլ հավասար պայմաններում զոհվածի ընտանիքները, որը զոհված` Հայաստանի ազգային հերոսների ընտանիքների համար նպաստի ծրագրի գործելու պարագայում` ընդունելի չէ:

1.2.առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցում ցուցաբերել միատեսակ մոտեցում եւ իրավական դաշտում ստեղծել հավասար պայմաններ:

Օրինագծի ընդունման դեպքում համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24.1 եւ 24.2 հոդվածների նպաստի իրավունք կունենան «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի այրին եւ նրա ծնողները` ցմահ, նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը եւ թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում` մինչեւ 18 տարին կամ հաշմանդամության համար uահմանված ժամկետը լրանալը, բարձրագույն եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողները` մինչեւ նշված ուuումնական  հաuտատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը: Ընտանիքին կնշանակվի մեկ նպաստ, իսկ նպաստի իրավունք ունեցող անձանց դիմելու դեպքում, այն կարող է վճարվել նաեւ բաժնեմասով, որի չափը որոշվում է համամասնորեն: Նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 20-ի N 255-Ն որոշմամբ հաստատված` «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգով» սահմանված դրույթներով:

Միաժամանակ օրենքի ընդունումից հետո առաջարկվում է նպաստի չափի տարբերակում (2009 թվականի համար) պայմանավորված Հայաստանի ազգային հերոսի, Մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների նշանակության աստիճանական հերթականությամբ:

2.Կարգավորման առարկան

Նշված օրենքի ընդունումով կհստակեցվեն եւ կկարգավորվեն պետության եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքին պետական աջակցություն տրամադրելու  հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նշված օրենքի ընդունումով կբարելավվեն «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված` զոհված անձի ընտանիքների նյութական պայմանները, ինչպես նաեւ նրանք կստանան բարոյական աջակցություն: