Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.1-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.1.1. փոստային կապի գործունեության համար`
9.1.1.1. փոստային կապի ծառայությունների գործունեության համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով.
9.1.1.2. միջազգային սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով.
9.1.1.3. Ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով:
Սույն կետով սահմանված գործունեության երկու տեսակի կամ բոլորի միաժամանակյա իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությանը Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող անդամների կողմից ներկայացված առաջարկը` խնդրին լուծում տալու վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
2011թ հունիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից վավերացվեցին ,,Փոստային Կապի մասին,, ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները`
Քանի որ սուրհանդակային կապի ծառայությունը հանդիսանում է փոստային կապի գործունեության տեսակ, հետեւաբար միայն ներհանրապետական սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունները նույնպես պարտավոր են ստանալ փոստային կապի գործունեության լիցենզիա` դրա համար վճարելով սահմանված պետական տուրքը` 3 միլիոն դրամ:
Ստացվում է, որ բարելավելով ընդհանրապես փոստային կապի գործունեություն իրականացնողների վիճակը, միաժամանակ էապես վատթարանում է, օրինակ Երեւան քաղաքի վարչական շրջանում միայն մի իրավաբանական անձից մյուսին փաստաթղթերի առաքման ծառայություն մատուցող ներհանրապետական սուրհանդակային ծառայությունների վիճակը, որոնց տարեկան միջին շրջանառությունը կազմում է մոտ 8 միլիոն դրամ:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծի ընդունման նպատակն է ներհանրապետական սուրհանդակային ծառայության, որպես փոստային կապի գործունեության առանձին տեսակի, լիցենզավորման համար սահմանել պետական տուրքի ավելի փոքր դրույքաչափ, քան սահմանված է փոստային կապի ծառայությունների գործունեության համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից` աշխատանքներին ներգրավելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներին:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ներհանրապետական սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաեւ էլեկտրոնային առեւրի զարգացման համար:
6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարակատիրության զարգացման խորհրդի առջեւ դրված խնդիրների լուծումն ապահովելու նպատակով: