Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-362-28.10.2008-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.    «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18)  6-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ՝ «Մարզերի» բառից հետո լրացնել «(Երեւան քաղաքի)» բառերը, իսկ «սահմանվում են» բառից  հետո  լրացնել «սույն» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2.   Օրենքը լրացնել  նոր 6.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 6.1. Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի տարածքում գտնվող  թաղամասերի սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ  Երեւան  քաղաքի տարածքում գտնվող թաղամասերի uահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 6 եւ7-ում :

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 


 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը ընդունվել է 1995թ., որի համապատասխան հավելվածներով առանց սահմանների նկարագրությունների հաստատվել  են միայն ՀՀ համայնքների, Երեւան քաղաքի տարածքում գտնվող բնակավայրերի եւ թաղային  համայնքների  ցանկերը: 1996թ.  նշված օրենքի  5-րդ հավելվածով հաստատվել է Երեւան քաղաքի տարածքում գտնվող  բնակավայրերի եւ թաղային համայնքների սահմանների նկարագրերը, որտեղ հստակ չեն նկարագրվել քաղաքի արտաքին սահմանները,    քաղաքի  սահմանանիշերի  տեղադրման արդյունքում  թույլ են տրվել անճշտություններ: Արարատի մարզի Գետափնյա համայնքի 55 հա  գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված եւ տնամերձ հողամասեր, Կոտայքի մարզի  Առինջ համայնքի տնամերձ հողամասերից  շուրջ 73հա, Պռոշյան համայնքի հողերից 18 հա գյուղատնտեսական նշանակության` կիսելով քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերը ընդգրկվել են քաղաքի սահմաններում: Առանց հիմնավորման Պռոշյան եւ Քասախ համայնքների հողերից  Երեւան - Աշտարակ մայրուղու  երկայնքով` 50 մ. լայնությամբ  տարածքը նույնպես անցել է քաղաքին: Այս ամենը  սահմանակից համայնքների հետ բազմաթիվ սահմանային վեճերի առիթ է հանդիսացել:

Ներկայացված նախագծով սահմանակից համայնքների հետ փոխադարձ համաձայնությամբ ճշտվել են քաղաքի արտաքին սահմանները: Արդյունքում  վերը նշված հողամասերը վերադարձվել են համայնքներին: Ջրվեժ համայնքին է փոխանցվել քաղաքի սահմաններում գտնվող 141հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Ընդամենը քաղաքին սահմանակից 18 համայնքների  անցել է 393.3հա հողատարածք: Երեւան  քաղաքի վարչական սահմաններում է ընդգրկվել  Քասախ համայնքի տարածքում գտնվող Դավիթաշենի գերեզմանոցի զբաղեցրած 10.1հա եւ գյուղատնտեսական նշանակության 11.5 հա հողատարածքը` Քասախ համայնքի ավագանու համաձայնությամբ:

Նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ վարչապետի 07.02.05թ. N67-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստում: