Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-364-31.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002թ. փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 47 հոդվածում`

1. 4-րդ մասում «բ» ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով եւ լրացնել նոր «գ» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`

«գ) օրենքի նախագծի` եվրոպական օրենսդրությանը համապատասխանության մասին տեղեկանքը:»

2.  լրացնել նոր «4.1» մաս հետեւյալ բովանդակությամբ`

«4.1 Օրենքի ընդունման հիմնավորումը`

ա) բացատրում է օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը.

բ) ներկայացնում է կարգավորման առարկա հանդիսացող ոլորտում առկա իրադրությունը.

գ) ընդգծում է տարբերությունը առկա եւ նախագծվող իրավական վիճակների միջեւ.

դ) ներկայացնում է օրենքի ընդունումից բխող ենթադրվող սոցիալական, տնտեսական, ֆինանսական, իրավական եւ այլ հետեւանքները.

ե) նշում է ֆինանսավորման աղբյուրները, եթե օրենքի ընդունման կապակցությամբ ենթադրվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունումը պայմանավորված է ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը ճանաչելու փաստով եւ մանսավորապես Հայաստանի Հանրապետության օրենքները եվրոպական օրենսդրությանը մոտարկելու գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս բացակայում են Հայաստանի Հանրապետության օրենքների եվրոպական օրենսդրությանը մոտարկելու կոնկրետ իրավական մեխանիզմները:

Օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվող տեղեկանքը օրենքի նախագծի` եվրոպական օրենսդրությանը համապատասխանության մասին կխթանի նախագծի հեղինակներին ավելի մանրամասն ուսումնասիրելու կարգավորման առարկա հանդիսացող ոլորտը, այդ թվում` եվրոպական զարգացած պետությունների փորձը, կատարած աշխատանքները եւ օրենսդրական լուծումները:

Մյուս կողմից, վերոհիշյալ տեղեկանքի ներկայացումը կնպաստի օրենսդիր մարմնին օրինագծի համեմատական-իրավական վերլուծության, գնահատական տալու եւ ճիշտ որոշում կայացնելու գործընթացներում:

Օրենքի ընդունման հիմնավորման հասկացության չակերտների բացումը եւ մանրամասնումը օրենքում նպատակ ունի օրենսդրորեն ամրագրելու այն հիմնական եւ պարտադիր տեղեկատվության տրամադրումը, որի բացակայության դեպքում տվյալ օրենքի ընդունման պատճառները, հիմքերը եւ հետեւանքները անհայտ կմնան ինչպես որոշում կայացնողների, այնպես էլ լայն հասարակության համար:

Նմանատիպ պրակտիկա առկա է մի շարք եվրոպական երկրներում, ավելին` խորհրդարանի նախագահը նույնիսկ իրավունք ունի պահանջելու, որպեսզի պահպանվեն օրենքի ընդունման հիմնավորմանը ներկայացվող բոլոր պահանջները, հակառակ դեպքում օրինագիծը հանվում է պաշտոնական շրջանառությունից (Լեհաստան, Սլովենիա)