Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-367-04.11.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «25000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի

1. 1-ին պարբերության «գործավարձով» բառից հետո լրացնել «եւ ժամավճարով» բառերը,

2. 2-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «179 դրամ» բառերով,

3. 3-րդ պարբերության «161 դրամ» բառերը փոխարինել «199 դրամ» բառերով,

4. 4-րդ պարբերության «242  դրամ» բառերը փոխարինել «298 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:


«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է համաձայն  ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի  3-ի «Հայաստանի Հանրապետության 2009-2011  թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 704-Ն որոշման, ըստ որի, 2009 թվականին նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 30000 դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանված է միայն գործավարձով  վարձատրվող աշխատողների համար, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ օրենքով է սահմանվում ժամավճարի նվազագույն չափը, ուստի այն պետք է կիրառելի լինի  աշխատանքի վարձատրության բոլոր ձեւերի համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, աշխատողի ժամավճարի չափը կամ ամuական աշխատավարձը չի կարող պակաu լինել օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով  uահմանված չափից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է, որ ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարած փաստացի աշխատանքին համապատասխան, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդվածով  նվազագույն ամսական աշխատավարձի չափից պակաս աշխատավարձ սահմանելու դեպքում գործատուի համար տուգանք է սահմանված: Հետեւաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում իրավաչափ նորմեր սահմանելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ:

Նվազագույն աշխատավարձի օրենքով ամրագրված չափը   աշխատողի համար հանդիսանում է պետության կողմից սահմանված երաշխիք:  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ԱՄԿ 1970 թվականի հունիսի 3-ի N131 կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում  է հետեւյալը` «Նվազագույն աշխատավարձն ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն»: Հիշյալ դրույթը իրացնելու` նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափը ապահովելու նպատակով, անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի դեպքում Եկամտահարկի մասին օրենքով սահմանված համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափին: