Armenian ARMSCII Armenian
Պ-262-22.05.2013,29.08.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «տեղեկատվությունը.» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի ընտրությունը, արտահայտման ձեւը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի արդյունք.» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով`

«Հոդված 22.1. Լրատվական նյութի օգտագործման պայմանները

1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարատադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:

3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:»

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել«: Սույն օրենքի 22.1-րդ կետի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը.» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: