Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3794-19.11.2008-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 18-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

1)  3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ կամ»

2) նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 52-րդ հոդվածի`

1) առաջին մասում «չորս» բառը փոխարինել «տասնհինգ» բառով.

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից եւ հինգ դատավորից: Քաղաքացիական եւ վարչական պալատը կազմված է պալատի նախագահից եւ տասը դատավորից:»:

Հոդված 7. Օրենսգրքի 53-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Օրենսգրքի 54-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենսգրքի 56-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենսգրքի 57-րդ հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները » բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրինագծերը մշակվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի 29  հոկտեմբերի 2008 թ. թիվ 67 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Փաթեթում ներառված նախագծերում իրացվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. մայիսի 27-ի ՍԴՕ-754,սեպտեմբերի 9-ի ՍԴՕ-758,հոկտեմբերի 8-ի ՍԴՕ-765 եւ հոկտեմբերի 21-ի ՍԴՕ-767 որոշումների եզրափակիչ մասերի դրույթները, որոնցով անվավեր (ուժը կորցրած) են ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի,«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթներ եւ որոնցով փոխկապակցված այս նորմատիվ իրավական ակտերում նույնական հարցերին համալիր իրավակարգավորում տալու համար ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՕ-765 որոշմամբ Ազգային ժողովի համար վերջնական ժամկետ է սահմանել մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը:

Վերոնշյալ օրենսգրքերում եւ օրենքներում կատարված փոփոխություններն ուղղված են սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված դրույթները ՀՀ Սահմանադրության 14.1, 18, 19 եւ 42 հոդվածներին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000թ. հունվարի 19-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման վարույթի նորոգման մասին» R (2000) 2 հանձնարարականին համապատասխանեցնելուն: Այն է` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործերով օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելուն (դատական վերջնական ակտերը բողոքարկելու իրավունքի վերականգմանը), նոր հանգամանքներով առաջացած գործերով մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող եռաստիճան դատական համակարգի գործառնությունը վերականգնելուն, օրենքով սահմանված եռամսյա ժամկետում վճռաբեկ դատարան դիմելու խոչընդոտները(բողոքների վերադարձման անհիմն հիմքերը) վերացնելուն, փաստաբաններին տարբեր խմբերի բաժանելուց եւ քաղաքացիներին անտեղի ծախսեր կատարելուց ազատելուն, այսինքն` հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վերացնելուն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ հողորդելը կանխելուն եւ այլն:

Նշված բոլոր փոփոխություններն էլ ավելի մատչելի եւ լիարժեք կդարձնեն իրավունքների դատական պաշտպանությունը, կընդլայնեն քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության երաշխիքները, կկանխեն հարյուրավոր քաղաքացիների կողմից սահմանադրական դատարանին եւ այլ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու (եւ այն էլ` ոչ մեկ անգամ) դեպքերը:

Բոլոր փոփոխություններն իրավակարգավորելիս աշխատանքային խումբը գործակցել է նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Երեւանյան գրասենյակի աշխատակիցների հետ: