Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախաբանը:
Հոդված 2. Նույն օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է քաղաքացիների խղճի եւ կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին որպես ազգային եկեղեցի»:
Հոդված 3. Ավելացնել նոր 11 հոդված`
«Հոդված 11 . Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային իրավական ակտերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից»:
Հոդված 3. Նույն օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ կրոնի նկատմամբ իրենց վերա՟բեր՟մունքից կամ կրոնական պատկանելիությունից, հավասար են օրենքի առջեւ:
Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, ինչպես նաեւ կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Հոդված 4. Նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ նասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Խղճի եւ կրոնի ազատության իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: »:
Հոդված 5. Հանել նույն օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 6. Նույն օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետում «200» թիվը փոխարինել «1000» թվով:
Հոդված 7. Նույն օրենքի 5-րդ հոդվածում ավելացնել նոր զ) կետ`
«զ) քրիստոնեական դավանանքի դեպքում` դավանում են Հիսուս Քրիստոսին որպես Աստված եւ Փրկիչ եւ ընդունում են Սուրբ Երրորդությունը»:
Հոդված 8. Նույն օրենքի 6-րդ հոդվածում «առաքելական» բառից հետո ավելացնել «սուրբ» բառը:
Հոդված 9. Նույն օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը` այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ այնպիսի քարոզչական ներգործությունը, որը ուղեկցվում է նյութական խրախուսմամբ, ֆիզիկական ճնշմամբ, սպառնալիքով եւ հարկադրմամբ, մյուս կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության հանդեպ, վիրավորանքների կիրառմամբ եւ թերահավատության սերմանմամբ»:
Հոդված 10. Նույն օրեքնի 10-րդ հոդվածում «առաքելական» բառից հետո ավելացնել «սուրբ» բառը:
Հոդված 11. Նույն օրեքնի 11-րդ հոդվածում ավելացնել նոր երկրորդ մաս հետեւյալ բովանդակությամբ`
«Արգելվում է կրոնական խորհրդաբանության, կրոնական շինությունների պատկերների եւ անվանումների, սրբերի անունների եւ պատկերների օգտագործումը գովազդում, բացառությամբ սոցիալական գովազդի, առանց սեփականիտիրոջ համաձայնության: Այս հարաբերությունները կարող են կարգավորվել պայմանագրային հիմունքներով:»
Հոդված 12. Նույն օրենքի 14-րդ հոդվածից հանել «համայնքը կամ» բառերը:
Հոդված 13. Նույն օրենքի 14-րդ հոդվածում «ե» տառը փոխարինել «զ» տառով:
Հոդված 14. Նույն օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում «առաքելական» բառից հետո ավելացնել «սուրբ» բառը:
Հոդված 15. Նույն օրենքի 18-րդ հոդվածում «Պետությունը» բառից հետո ավելացնել հետեւյալ բառերը`
«, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, »:
Հոդված 16. Նույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության եւ վարքի կոշտ վերահսկողություն»:
Հոդված 17. Նույն օրենքի 23-րդ հոդվածի ա) կետում «գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները» բառերը փոխարինել «սույն օրենքի հոդված 14-ի համապատասխան տալիս է փորձագիտական եզրակացություն» բառերով:
Հոդված 18. Ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Հոդված 20. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 1991 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից: Թեպետ երկու անգամ (1997 եւ 2001) ՀՀ Ազգային Ժողովի կողմից այն ենթարկվել է փոփոխությունների եւ լրացումների, գործող օրենքում պահպանվել են թե բովանդակային, թե խմբագրական թերություններ:
Խմբագրական շտկումների անհրաժեշտությունը ծագել է օրենքի ընդունման պահից առ այսօր Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության, նախեւառաջ` ՀՀ Սահմանադրության ընդունման հետեւանքով:
Բովանդակային փոփոխությունների կարեւորությունը առավել է ընդգծվում գործող օրենքում տեղ գտած մի շարք բացթողումների պատճառով: Ի մասնավորի, հստակեցված չէ «հոգեորսություն» հասկացությունը, վերանայման ենթակա է կրոնական կազմակերպության անդամների նվազագույն քանաքական շեմը, մատնանշված չեն կրոնական կազմակերպությունների քայքայիչ եւ ամբողջատիրական գործունեության բնութագրիչները եւ այլն: Նշված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի եւ փորձի վրա:
Առաջարկվող ասյ փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել քրեական պատիժ անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելու, ղեկավարելու կամ նրանց աշխատանքներին աջակցելու եւ հոգեորսությամբ զբաղվելու համար
Այն կարծիքին ենք, որ ներկայացված նախագծերը հարմար հիմք եւ առիթ կարող են հանդիսանալ Ազգային Ժողովում հոգեւոր-կրոնական ոլորտի օրենսդրության վաղուց հասունացած արդիականացման եւ բարեփոխման համար, այդ թվում` ազգային անվտանգության դիտանկյունից: